«Բարսելոնայի» դեմ կայացած խաղում Կարլո Անչելոտին մեկնարկային կազմում տեղ էր հատկացրել այդ պահին իր տրամադրության տակ եղած գրեթե ամենաուժեղ կազմը։ Բացակայում էր միայն Ռոդրիգոն։ Պարզվում է, որ բրազիլացին անձամբ է հրաժարվել մասնակցել հանդիպմանը։
Marca-ի պնդմամբ, բրազիլացի վինգերը խաղից առաջ մոտեցել է մարզչական անձնակազմին և հայտնել, որ ուժ չունի և չի կարող խաղալ։ Ռոդրիգոն մասնակցել էր թիմի վերջին 4 մարզումներին, սակայն նրա ինքնազգացողությունը այնքան էլ լավ չի եղել։
Ըստ աղբյուրի, Կարլո Անչելոտին ամեն դեպքում որոշել է նրան ընդգրկել խաղի համար հայտացուցակում, սակայն բրազիլացին այդպես էլ խաղաժամանակ չստացավ։
24-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել «Բարսելոնայի» դեմ կայացած գավաթային եզրափակչում և բաց էր թողել մայիսի 4-ին կայացած «Սելտայի» դեմ հանդիպումը։
Վերջին շրջանում շատ են լուրերը, որ ակումբը դեմ չէ ամռանը բաց թողնել Ռոդրիգոյին։ Մի շարք աղբյուրներ նշում են, որ ֆուտբոլիստը այնքան էլ գոհ չէ թիմում ունեցած կարգավիճակից, իսկ «Ռեալը» չի պատրաստվում նրան բաց թողնել 100 մլն եվրոյից ցածր գումարի դեպքում։
Los Merengues, Realmadrid.am