Հոդվածներ

Մբապեի՝ «Ռեալ» մեգատրանսֆերը թվերով
23.02.2024
1864 0

Զարմանալի է բայց փաստ․ ֆրանսիացին համաձայնվել է ավելի քիչ աշխատավարձի

Կիլիան Մբապեն վերջապես որոշում է կայացրել ապագայի վերաբերյալ։ The Athletic–ն ու Ֆաբրիցիո Ռոմանոն միաժամանակ հայտնեցին, որ ֆրանսիացին ՊՍԺ–ի նախագահին տեղյակ է պահել ակումբը լքելու որոշման մասին։

Տեղեկությունները վստահելի են, չնայած, ինչպես մենք գիտենք, Մբապեի կարծիքը կարող է շատ արագ փոփոխության ենթարկվել։ Ֆրանսիացու շրջապատը մեծ ազդեցություն ունի նրա վրա և մշտապես շշնջում է նրա ականջին՝ ինչպես վարվել ավելի շատ գումար աշխատելու համար։

Ներկայիս գործընթացը ձգձգվում էր հենց այդ պատճառով․ Մբապեի մտերիմները կարծում էին, որ «Ռեալի» նոր առաջարկը ավելի լավը չէ նախկինի։ Ֆուտբոլիստը դեռ հունվարին պետք է պատասխաներ, սակայն որքան կարող էր ժամանակ ձգեց։

Մի քանի շաբաթ առաջ Le Parisien–ը հայտնել էր, որ Մբապեն անկախ ամեն ինչից որոշել է տեղափոխվել մադրիդյան ակումբ և այդ տեղեկությունը հաստատեցին իսպանական մեդիայի ներկայացուցիչները։ Marca–ն գրում էր, որ «Ռեալը» հավատացել է գործարքի հաջողությանն այն բանից հետո, երբ Մբապեն որոշել է չերկարաձգել պայմանագիրը ներկայիս ակումբի հետ։

Աշխատավարձը

Կողմերը պաշտոնապես կարող էին գործարքի մանրամասները քննարկել միայն ոչ վաղ անցյալում, երբ Մբապեի պայմանագրին կես տարի էր մնացել ՊՍԺ–ի հետ։ Փարիզյան ակումբը մի քանի ամիս տարբեր տարբերակներ էր առաջարկում։ The Athletic-ը գրում էր, որ նրան առաջարկվել է երկարաժամկետ պայմանագիր՝ ներկայիս աշխատավարձը պահելու խոստումով (տարեկան 75 միլիոն եվրո): ESPN–ը փոքր–ինչ այլ տեղեկություն է հայտնել՝ փարիզյան ակումբն առաջարկել է աշխատավարձի բարձրացում, քանի որ նա ներկայումս տարեկան 72 միլիոն եվրո է վաստակում։ Goal–ը հայտնում էր խելահեղ թվերի՝ 100 միլիոն եվրոյի խոստման մասին։

Կարծիք

«Ռեալը» չի կարող կրկնել ՊՍԺ–ի առաջարկը և պատրաստ է վճարել տարեկան 35 միլիոն եվրո։ 2022 թվականին ֆրանսիացուն առաջարկվել էր 130 միլիոն եվրո բոնուս և տարեկան 26 միլիոն եվրո աշխատավարձ։ Ներկայիս առաջարկն ավելի վատն է, սակայն Մբապեն միևնույն է, ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է լինելու։ AS–ը հայտնում էր, որ Մբապեն կվաստակի տարեկան 50 միլիոն վրո + 120 միլիոն եվրո միանվագ բոնուս։ El Debate–ն գրում էր, որ աշխատավարձը կկազմի տարեկան 60 միլիոն եվրո, իսկ բոնուսը՝ 100 միլիոն եվրո։ Ֆրանսիացին հազիվ թե «Ռեալից» պահանջի տարեկան 70 միլիոն եվրո աշխատավարձ և 125 միլիոն եվրո բոնուս։

Պերեսը ճնշում գործադրելու երկու լծակ ունի։ Եթե հավատանք The Athletic–ին, ապա մադրիդյան ակումբի նախագահը Մբապեի հետ զրույցում ասել է, որ նրա տեղափոխությունն Իսպանիա ֆրանսիացուն նոր բարձրունքների կհասցնի մարզական և մարքեթինգային հարցերում։

Իմիջային իրավունքներ

Իմիջային իրավունքների հարցը առանցքային էր 2022–ին, երբ կողմերը երկար քննարկում էին այդ հարցի շուրջ։ Սովորաբար, «Ռեալին» է պատկանում 50 տոկոսը՝ որոշ բացառություններով։

Cadena Cope–ն հայտնում՝ կողմերը համաձայնության են հասել, որ Մբապեն վաստակի 60 տոկոս հովանավորչական եկամուտներից։ Marca–ն հայտնում է, որ ֆուտբոլիստի մայրը պայքարում է 100 տոկոսի համար, սակայն Կիլիանը հասկացնել է տվել, որ պատրաստ է ֆինանսական «վնասներ կրել», քանի որ շատ է ցանկանում հանդես գալ «Ռեալում»։

Ի՞նչ կստանա ՊՍԺ–ն

Մբապեն «Ռեալ» կտեղափոխվի անվճար, այդ պատճառով էլ փարիզյան ակումբը ոչինչ չի ստանա։ Այդ պահն անհանգստացնում էր ակումբի սեփականատերերին, քանի որ գլխավոր աստղին առանց ոչնչի բաց թողնելը բավականին ցավալի է։ Այնուամենայնիվ, ՊՍԺ–ն նույնպես շահում է՝ ստիպված չի լինի վճարել 80 միլիոն եվրո բոնուս և աստղաբաշխական աշխատավարձ։

Կարծես թե Փարիզում արդեն համակերպվել են, որ Մբապեն հեռանալու է։ Անկախ ամեն ինչից, եթե այս անգամ էլ Մբապեն վերջին պահին մտափոխվի, ապա հավերժ պետք է մոռանա «Ռեալի» մասին։


Ամենակարդացված