Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը պաշտոնական հայտարարություն է տարածել՝ արձագանքելով Իսպանիայի վճռաբեկ դատարանի որոշմանը, որով մերժվել է Լա Լիգայի բողոքը և օրինական է ճանաչվել Ազգային դատարանի վճիռը հեռարձակման իրավունքների եկամուտների վերաբաշխման գործով։ Ըստ այդ որոշման՝ Լա Լիգա 2-ի ակումբները ստացել էին լրացուցիչ եկամուտներ։
«Ֆուտբոլային ակումբ «Ռեալ Մադրիդը» գոհունակություն է հայտնում վճռաբեկ դատարանի՝ այսօր հրապարակված որոշման առթիվ, որը կրկին մեր ակումբի կողմն է կանգնել Լա Լիգայի դեմ դատական գործընթացում։ Այս որոշումը լիարժեք հաստատում է «Ռեալի» ներկայացրած փաստարկները՝ ընդդեմ 2015 թվականին Լա Լիգայի կողմից ապօրինի կերպով փոփոխված կանոնադրության, որը փոխել էր հեռուստատեսային իրավունքների բաշխումը ակումբների միջև։
Վճռաբեկ դատարանը անվավեր է ճանաչում Լա Լիգայի կանոնադրության 2015 թվականին առանց օրինական թույլտվության ներառված երկրորդ հավելյալ դրույթը, որը նպատակ ուներ փոխելու 2015/16 մրցաշրջանի հեռուստատեսային եկամուտների բաշխումը՝ դուրս գալով գործող օրենքի սահմաններից։ Այդ դրույթի ոչնչացումը նշանակում է, որ այդ մրցաշրջանի իրավական ուժ ունեցող բաշխումը պետք է իրականացվեր այն կանոնադրությամբ, որը գործում էր տվյալ ժամանակահատվածում։
Այսպիսով, կիրառվող օրինական բաշխումը նախատեսում է շուրջ 88 միլիոն եվրոյի վերադարձ, որոնք ապօրինի կերպով փոխանցվել էին հետևյալ ակումբներին․ «Ալավես», «Ալբասետե», «Ալկորկոն», «Ալմերիա», «Աթլետիկ Բիլբաո», «Կորդովա», «Էլչե», «Խիմնաստիկ Տարրագոնի», «Ժիրոնա», «Ուէսկա», «Լեգանես», «Լյագոստերա», «Լուգո», «Մալյորկա», «Միրանդես», «Նումանսիա», «Օսասունա», «Պոնֆեռադինա», «Ռեալ Օվիեդո», «Տեներիպե», «Ռեալ Վայադոլիդ» և «Ռեալ Սարագոսա»։
Դա նշանակում է նաև, որ «Ռեալ Մադրիդը» կստանա իրեն օրինականորեն հասանելիք շուրջ 8,8 միլիոն եվրոն, որոնցից նույնպես ապօրինի զրկվել էր։ Վճռաբեկ դատարանի այս որոշումը վերականգնում է օրենքի վրա հիմնված կարգավորումը և ապահովում, որ իսպանական պրոֆեսիոնալ ֆուտբոլին վերաբերող ցանկացած որոշում ընդունվի օրենքի հարգմամբ և լիակատար թափանցիկությամբ։
Դատարանի որոշումը ամբողջությամբ մերժում է Լա Լիգայի ներկայացրած բողոքը և հաստատում է Ազգային դատարանի՝ «Ռեալի» օգտին կայացված նախորդ վճիռը։ Սա հիմնարար նշանակություն ունի ինչպես տվյալ ժամանակաշրջանում երկրորդ դիվիզիոնում հանդես եկող ակումբների տնտեսական շահերի, այնպես էլ «Ռեալ Մադրիդի» համար։
«Այս որոշմամբ վճռաբեկ դատարանը հաստատում է, որ «Ռեալ Մադրիդը» և վերը նշված ակումբները կրել են անօրինական վնաս Լա Լիգայի գործողությունների հետևանքով»,- ասված է «Ռեալի» պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Fanat, Realmadrid.am
Հայերեն