Հոդվածներ

Անչելոտի. «Մեր քամբեքները նորույթ չեն, դա «Ռեալի» ԴՆԹ-ն է»
11.01.2024
1404 0

Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչում Մադրիդի «Ռեալը» 5-3 հաշվով հաղթեց «Ատլետիկոյին» և նվաճեց եզրափակիչի ուղեգիր:

«Սերուցքայինների» գլխավոր մարզչի հետխաղային մամուլի ասուլիսը:

«Այսօրվա կատարվածը երիտասարդներին թող դաս լինի. կարելի է պարտվել, բայց չպետք է հանձնվել: Մինչև տիտղոսը մնացել է 90 րոպե և այն նվաճելը մեր նպատակն է:

«Նման խաղերը չեն կարող մարզիչներին դուր գալ այնպես, ինչպես երկրպագուներին: Չափից դուրս բաց խաղ էր: Մրցակիցն ավելի լավն էր առաջին կեսում, իսկ մենք՝ երկրորդ: Լրացուցիչ ժամանակում «Ատլետիկոն» էներգիայի պակաս ուներ, բայց նրանք շատ ուժեղ մրցակից են:

Մենք չափից դուրս շատ ուժ ծախսեցինք, բայց 4 օր ունենք, այդ իսկ պատճառով էլ եզրափակիչին մենք կհասցնենք վերականգնվել: Ես կհամաձայնվեի անգամ, եթե Սուպերգավաթում լրացուցիչ ժամանակից հետո անմիջապես անցնեին 11-մետրանոցների»:

«Թիմին մեծ օգուտ տվեցին պահեստայինների նստարանին հայտնված ֆուտբոլիստները: Մենք փոխարինեցինք նույնպես լավ ելույթ ունեցող Ռոդրիգոյին, Վինիսիուսին և Վալվերդեին, իսկ Բրահիմը, Խոսելուն և Գյուլերը շատ բան տվեցին խաղին: Նման որակը վստահություն է հաղորդում մարզչին»:

«Ինձ անհանգստացնում է երեք բաց թողնված գոլի փաստը: Օրինակ՝ Էրմոսոյի գոլը: Գրիզմանի դրվագում պետք է նշել նրա լավ խաղը»:

«Կեպան լավ խաղաց: Առաջին երկու խաղերում նա ոչինչ չկարողացավ անել, իսկ երրորդում՝ նրան խանգարեց Մորատան: Տեսնենք՝ որ դարպասապահը կխաղա եզրափակիչում»:

«Կարվախալը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, հիանալի մարդ՝ համապատասխան բնավորությամբ: Նա մասնակցեց երեք գոլերին և կրկին ապացուցեց իր կարևորությունը թիմի համար: Մենդիի հետ նա մեծ ներդրում ունեցավ մեր հարձակման գծում»:

«Մեր քամբեքները նորույթ չեն, դա «Ռեալի» ԴՆԹ-ն է: Այստեղ երբեք չեն հանձնվում»:

«Չեմ հասկանում Կրոսի հասցեին սուլելու իմաստը և չեմ կարծում, որ նա նույնպես հասկանում է: Թոնին մեկնարկային կազմում չէր, քանի որ այստեղ ժամանել էր՝ ունենալով անհարմարության զգացողություն: Հիմնական կազմն ընտրելը միշտ շատ դժվար է»:

«Ես զարմացած էի, երբ Մենդին գոլ խփեց, զարմացա, երբ նա հայտնվեց այդ տեղում: Գոլից հետո ես մտածեցի՝ իսկապե՞ս Մենդին էր գոլ խփողը»:


Ամենակարդացված