Մադրիդցի մարզիչը, ով վերջերս է պայմանագիր կնքել մարոկկոյական «Իթիհադ Տանժերի» հետ, պատմում է այն պատասխանի մասին, որը ստացել էր, երբ «Արքայական ակումբին» էր առաջարկում «Լաս Պալմասի» այն ժամանակվա երիտասարդ տաղանդին
Սա արդեն հայտնի պատմություն է, բայց այն առաջին դեմքով պատմում է գլխավոր հերոսներից մեկը՝ Պեդրիի տաղանդը բացահայտողներից մեկը: Պեպե Մելը, ով նոր է ստանձնել մարոկկոյական թիմի ղեկը, «Լաս Պալմասի» այն մարզիչն էր, ով հիմնական թիմ բերեց «Բարսելոնայի» և հավաքականի ներկայիս աստղին: Ունենալով «մադրիդիստի» սիրտ՝ նա փորձել էր միջնորդել Էմիլիո Բուտրագենյոյի մոտ, որպեսզի Պեդրիին տեղավորի «իր» «Ռեալում», որի ակադեմիայում ժամանակին ինքն էր մեծացել: Վերջաբանը նույնպես հայտնի է. «Մադրիդը» մերժեց նրան, և Պեդրին ի վերջո հագավ «կապտանռնագույն» մարզաշապիկը:
«Նա (Պեդրին) ինձ խնդրեց, որ խոսեմ «Ռեալի» հետ»,– պատմում է Պեպե Մելը՝ Onda Cero-ին տված հարցազրույցում: «Ես երկար տարիներ եղել եմ Էմիլիո Բուտրագենյոյի թիմակիցը «Ռեալի» ակադեմիայում: Հենց նրան էլ զանգահարեցի: Բացի այդ, այդ օրերին լրանում էր «Լաս Պալմասի» 70-ամյակը, և «Ռեալը», որը նման դետալները երբեք չի մոռանում, Էմիլիոյին ուղարկել էր որպես ակումբի ներկայացուցիչ:
Ես խոսեցի նրա հետ, նա զանգահարեց հենց իմ ներկայությամբ և ասաց. «Լսի՛ր, Պեպե, ինձ ասում են, որ արդեն ճանաչում են նրան և գտնում են, որ նա այս պահին «Ռեալ Մադրիդի» մակարդակի ֆուտբոլիստ չէ: Եվ այդպես մենք փակեցինք այդ էջը»:
Այդ էջերը փակելուց հետո (Մելը փորձել էր դիմել նաև «Բետիսին»), հայտնվեց «Բարսելոնան»:
Հայերեն