28% արդյունավետություն Լա Լիգայում և 27%՝ Չեմպիոնների լիգայում
Հարվածների դիպուկությունը միշտ եղել է «Ռեալ Մադրիդի» ինքնության խորհրդանիշներից մեկը։ «Այս թիմի դեմ խաղալիս ամենափոքր սխալն անգամ դատապարտում է քեզ, որովհետև Մադրիդը չի ներում»։ Սրանք արտահայտություններ են, որոնք շաբաթը շաբաթվա հետևից լսվում են մամուլի ասուլիսների դահլիճներում այն մարզիչների կողմից, ովքեր պատրաստվում են մրցել «Ռեալի» հետ:
Այնուամենայնիվ, Խաբի Ալոնսոյի «Ռեալ Մադրիդը» չի կարող պարծենալ դիպուկությամբ, նույնիսկ եթե թիմում ունի Կիլիան Մբապեին՝ իր ֆանտաստիկ գոլային ցուցանիշներով։ Հարցը, որը, ինչպես ասում էր Խորխե Վալդանոն, պետք է տա «Մադրիդը»՝ «որտե՞ղ կլիներ թիմն առանց ֆրանսիացու գոլերի», լի է խորը բովանդակությամբ։
Լա Լիգայի անցած 17 տուրերում «Մադրիդը» խփել է 34 գոլ՝ 15-ով պակաս, քան «Բարսելոնան»։ Այս ցուցանիշին հասնելու համար Ալոնսոյի թիմին անհրաժեշտ է եղել կատարել 128 հարված դեպի դարպասը, ինչը տալիս է 28,12% արդյունավետություն։ Հանսի Ֆլիկի թիմը, իր հերթին, կատարել է 136 հարված՝ գրանցելով 35,5% արդյունավետություն։
Զարմանալին այն է, որ եթե դիտարկենք Եվրոպայի հինգ առաջատար լիգաները, կա 66 թիմ, որոնք ավելի արդյունավետ են իրացնում դարպասին ուղղված հարվածները, քան «Ռեալը»։ Սա աննորմալ բարձր թիվ է։ Այս ցուցակը գլխավորում է «Տոտենհեմը»՝ 46,5%-ով։ Սակայն, եթե հաշվի առնենք միայն դարպասին հարվածներ հասցնելու կարողությունը, ապա միայն «Բարսելոնան» (136) և «Բավարիան» (129) են գերազանցում «Մադրիդին»:
Սա նշանակում է, որ այն մեղադրանքը, թե «Մադրիդը» ֆուտբոլ չի ստեղծում, մեղմ ասած, վիճելի է։ Խնդիրը գոլ խփելու կարողության մեջ է, և հենց այստեղ է նորից ի հայտ գալիս Մբապեի կերպարը և «սերուցքայինների» կախվածությունն իրենց աստղից։ Ֆրանսիացին խփել է 29 գոլ՝ կատարելով 61 հարված դեպի դարպասը, ինչը կազմում է ապշեցուցիչ՝ 47,5% արդյունավետություն։ Մինչդեռ նրանք, ովքեր պետք է ուղեկցեին նրան գոլային ցուցանիշներով, զգալիորեն հետ են մնում. Վինիսիուսը ցուցադրում է 18%, իսկ Ռոդրիգոն՝ 16% արդյունավետություն։
Իրավիճակն էլ ավելի է վատանում Չեմպիոնների լիգայում։ Այնտեղ «Մադրիդի» արդյունավետությունն իջնում է մինչև 27,6%, ինչը թիմին դնում է 17-րդ տեղում մրցաշարի 36 մասնակիցների մեջ։ Եվրոպայում խփած 13 գոլերից 9-ը պատկանում են Մբապեին։ Մնացած 4 գոլերը հավասարապես բաշխվել են (մեկական գոլ) Բելինգեմի, Բրահիմի, Կամավինգայի և Ռոդրիգոյի միջև։
Այս տարբերությունն արտացոլում է այն, թե ինչպես է «Մադրիդը» վնաս հասցնում մրցակցին։ Եվրոպայում դարպասին ուղղված 47 հարվածներից 18-ը Մբապեինն են (38,29%), և նրա փորձերի կեսը վերածվել է գոլի։ Լա Լիգայում նա կատարել է 128-ից 39 հարված (30,4%) և հեղինակել թիմի գոլերի ուղիղ կեսը՝ 36-ից 18-ը։
«Մադրիդն» ունի խնդիր՝ հասնել նրան, որ Մբապեի այս «այլմոլորակային» ցուցանիշներն արտացոլվեն թիմային խաղի և արդյունքների վրա։ Ֆրանսիացին անդադար կրկնում է, որ առանց տիտղոսների իր թվերը քիչ նշանակություն ունեն։ Սակայն այժմ գնդակը ոչ թե նրա, այլ թիմի դաշտում է։
Եվրոպայում ոչ ոք ավելի շատ գոլ չի խփում և ավելի շատ հարված չի կատարում դեպի դարպասը, քան նա (9-ը 18-ից)։ Տասը առաջատար լիգաներում միայն Հարի Քեյնն ու Հոլանդն ունեն մեկ գոլ ավելի (19), քան ֆրանսիացին, բայց նրանք ավելի քիչ են հարվածել դարպասին՝ Մբապեի 39-ի դիմաց նորվեգացին ունի 37, իսկ անգլիացին՝ 35 հարված: