Ռասիզմի և քսենոֆոբիայի հարցերով իսպանական մոնիթորինգային կենտրոնը (OBERAXE) սոցիալական ցանցերում անցկացրել է ատելություն հրահրող հրապարակումների վերլուծություն 2024/25 մրցաշրջանի ընթացքում։
Ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է 33 438 վիրավորական գրառում, որոնցից 33 տոկոսը հեռացվել է։ Դեպքերի 60 տոկոսում վիրավորանքների թիրախ է դարձել Լամին Յամալը, իսկ 29 տոկոսում՝ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Վինիսիուս Ժունիորը։
Այն խաղացողների ցանկում, որոնք ամենից հաճախ են ենթարկվում առցանց վիրավորանքների, ընդգրկվել են նաև Կիլիան Մբապեն և Ալեքս Բալդեն (յուրաքանչյուրը՝ 3 տոկոս), ինչպես նաև Բրահիմ Դիասը և Ինյակի Ուիլյամսը (յուրաքանչյուրը՝ 2 տոկոս)։
Նման հրապարակումների գագաթնակետը գրանցվել է 2024 թվականի հոկտեմբերի 27-ին և 28-ին, երբ տեղի էր ունենում «էլ կլասիկոն»։ Բացի վերոնշյալ խաղացողներից, սոցիալական ցանցերի օգտատերերը վիրավորել են նաև Ռաֆինյային և Անսու Ֆատիին։
Բացի այդ, վիրավորական գրառումների թվի աճ է արձանագրվել «Մալյորկա» – «Բարսելոնա» և «Ատլետիկո» – «Ռեալ» հանդիպումների ժամանակ, համապատասխանաբար, դեկտեմբերի 3-ին և 4-ին։ Նույնը վերաբերում է նաև Իսպանիայի Սուպերգավաթի շրջանակում հունվարի 12-ին կայացած «Ռեալ Մադրիդ» – «Բարսելոնա» հանդիպմանը։ Աճ է նկատվել նաև մարտ ամսին, երբ Ռամադան պահող ֆուտբոլիստները խաղերի ընթացքում դադարներ են վերցրել՝ սնվելու և ջուր խմելու համար։
Հետազոտությունը ցույց է տվել, որ ատելության խոսքի ազդեցությունից ամենից շատ տուժում են Հյուսիսային Աֆրիկայից ծագող անձինք (42%) և մուսուլմանները (41%)։
Fanat, Realmadrid.am
Հայերեն