• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ալոնսո. «Վերջին ժամերին մենք շատ կառուցողական երկխոսություններ ենք ունեցել խաղացողների հետ»

Հոդվածներ

Ալոնսո. «Վերջին ժամերին մենք շատ կառուցողական երկխոսություններ ենք ունեցել խաղացողների հետ»
27.11.2025
315 0

Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 5–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 4։3 հաշվով հաղթեց «Օլիմպիակոսին»։

«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի հետխաղյա մամուլի ասուլիսը

 «Մենք շատ կարևոր հաղթանակ տարանք, հատկապես հաշվի առնելով անհաջող երեք հանդիպումների շարքը, ինչպես նաև այն, որ մենք վատ սկսեցինք «Օլիմպիակոսի» հետ հանդիպումը։ Բայց մենք դրսևորեցինք կայունություն և համախմբվածություն, և ի վերջո մեզ հաջողվեց փոխել հանդիպման ընթացքը։ Մենք բոլորս միասնական ենք, և դա իսկապես կարևոր է։

Մենք կորցրինք խաղի վերահսկողությունը երկրորդ կեսում։ Առաջին հերթին, ցանկանում եմ շեշտել ամենակարևորը՝ մենք վաստակեցինք 3 միավոր։ Շատ կարևոր էր դադարեցնել անհաջողությունների շարքը։ Կարծում եմ՝ այսօր մենք գործեցինք հասուն, թեև մենք լավագույնս չդրսևորեցինք մեզ հանդիպման երկրորդ կեսում»։

 «Վերջին ժամանակներս մենք շատ հարվածներ ենք թույլ տալիս մեր դարպասին։ Մենք պետք է բարելավենք ամեն ինչ՝ կրճատենք հեռավորությունը մեր և մրցակից թիմի խաղացողների միջև, ավելի լավ զսպենք մրցակցի հարձակվողներին, ավելի լավ բլոկավորենք հարվածները... Շատ բաներ կան, որ պետք է բարելավենք»։

 «Աղմուկը ԶԼՄ-ներում «Ռեալի» շո՞ւրջ։ Իրականում ես շատ ավելի հանգիստ եմ, քան դուք՝ լրագրողներդ եք կարծում։ Ես նորեկ չեմ այս գործում, ես գիտեմ, թե ինչ է «Ռեալ Մադրիդը», և հասկանում եմ, որ այս ուղին ոչ միայն ծաղկում է ու բուրում, և ինձ դա դուր է գալիս։

Վերջին ժամերին «Ռեալ Մադրիդում» տեղի են ունեցել շատ դրական իրադարձություններ. տեղի են ունեցել շատ կառուցողական երկխոսություններ խաղացողների հետ, մեր փոխըմբռնումը բարելավվել է, և մենք ավելի ենք համախմբվել։ Կարծում եմ, որ տեղի ունեցածը շատ-շատ կարևոր է և մեզ շատ կօգնի։ Արդյոք դա շրջադարձային պա՞հ կլինի մեզ համար. ժամանակը ցույց կտա»։

«Մբապեն հիանալի հանդիպում անցկացրեց՝ ձևակերպելով «պոկեր»։ Բայց, բացի խփած գոլերից, ինձ դուր է գալիս նաև այն, թե ինչ է Կիլիանն անում է մեզ համար։ Նրա բնավորությունը, ազդեցությունը մյուս ֆուտբոլիստների վրա... նա շատ կարևոր է մեզ համար։

Սակայն պետք է առանձնացնել նաև Վինիսիուսի անհավանական խաղը։ Ես ցնցված եմ, որ Վինիսիուսի գոլը չեղյալ հայտարարվեց Մբապեի խաղից դուրս վիճակի պատճառով։ Դեռ երեկ ես զրույց էի ունեցել Վինիսիուսի հետ այն մասին, թե որքան մեծ նշանակություն կունենար նրա համար այդ գոլը։

Նա փայլուն հանդիպում անցկացրեց, ձևակերպեց 2 գոլային փոխանցում և շատ մոտ էր գոլ խփելուն։ Համոզված եմ, որ շուտով Վինիսիուսը, այնուամենայնիվ, կխփի։ Ես շատ գոհ եմ նրանից»։

«Լունինն ուժեղ բնավորություն ունի։ Նա միշտ պատրաստ է խաղալու, և այսօր նա դա ապացուցեց։ Կուրտուան հիանալի դարպասապահ է, բայց Անդրեյը լավ է կատարում իր աշխատանքը և պատրաստ է խաղալ անհրաժեշտության դեպքում։

Ցավալի է, որ Լունինը բաց թողեց 3 գոլ, բայց նա ամեն դեպքում վստահություն է ներշնչում մեզ։ Մենք հույս ենք դնում Անդրեյի վրա, երբ նա մեզ պետք է, և նա միշտ կխաղա 100%-ով»։


Ամենակարդացված