Հոդվածներ

«Ռեալում» որոշ խաղացողներ դժգոհ են Ալոնսոյի մոտեցումներից
29.10.2025
403 0

Խաբի Ալոնսոյի առաջին ուղերձներից մեկը ֆուտբոլիստներին այն էր, որ իր ղեկավարության ժամանակ բոլորը պետք է ավելի շատ վազեն և աշխատեն, երբ մրցակիցը տիրում է գնդակին, իսկ առանց դրա ոչ ոք չի ունենա երաշխավորված տեղ հիմնական կազմում։

Իսպանացին զրուցել է փորձառու խաղացողների՝ այդ թվում թիմի ավագների հետ՝ նոր կանոնակարգ մշակելու նպատակով։ Մասնավորապես, որոշվել է ընդգծել ժամանակապահության կարևորությունը (և մինչ այժմ ուշանալու համար տուգանքներ չեն եղել), ինչպես նաև մարզումների ընթացքում ինտենսիվ աշխատանքի և ինքնանվիրման անհրաժեշտությունը։

«Խաբին փորձեց ապահովել ավելի խիստ կարգապահություն և կարգ ու կանոն թիմի առօրյա կյանքում՝ վերահսկելով գրաֆիկը՝ ավելի շատ կանխարգելիչ մարզումներ կազմակերպելով մարզասրահում, ինչպես նաև անցկացնելով խմբային և անհատական տեսանյութային վերլուծություններ», – հայտնել է The Athletic-ը։

Միևնույն ժամանակ նշվում է, որ որոշ հեղինակավոր ֆուտբոլիստներ դժգոհ են փոփոխություններից և կարծում են, թե իրենց նկատմամբ հարգալից վերաբերմունք չկա։ Մի քանի աղբյուրների պնդմամբ՝ խաղացողները դժգոհ են այն բանից, որ այժմ քիչ ազատություն ունեն դաշտում իրենց լավագույն որակները ցուցադրելու համար։

«Նրանցից ոմանք շատ տիտղոսներ են նվաճել, և երբ դա պարտադրվեց, նրանք սկսեցին բողոքել։ Դա գաղտնիք չէ․ որոշ դեպքերի մասին նույնիսկ մամուլում է գրվել։ Բնական է, հատկապես նրանց համար, ովքեր նախկինում անձեռնմխելի էին», – ասել է աղբյուրներից մեկը։

Նշվում է, որ իսպանացի մարզչի խիստ և պահանջկոտ մոտեցումը «Ռեալում» հակադրվում է այն հանգիստ մթնոլորտին, որը տիրում էր Կառլո Անչելոտիի օրոք։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված