Մադրիդի «Ռեալը» 3:2 հաշվով հաղթեց Դորտմունդի «Բորուսիային» 2025 թվականի Աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակիչում։
Այդ հաղթանակի շնորհիվ մադրիդյան ակումբը նոր ազգային ռեկորդ է սահմանել մեկ մրցաշրջանում անցկացրած հանդիպումների թվով։ Ինչպես հայտնում է One Football-ը, այս խաղը «Ռեալի» համար դարձավ 67-րդը 2024/2025 մրցաշրջանում, ինչը իսպանական ակումբների պատմության լավագույն ցուցանիշն է։ Բացի այդ, այս թիվը դեռ կարող է աճել, քանի որ թիմը շարունակում է պայքարը ԱԱԱ-ում և կխաղա ՊՍԺ-ի դեմ կիսաեզրափակիչում։
Նախկինում ռեկորդը նույնպես պատկանում էր «Ռեալին»․ 2001/2002 մրցաշրջանում թիմը անցկացրել էր 66 հանդիպում։ Երրորդ տեղում նույնպես մադրիդցիներն են․ 1999/2000 մրցաշրջանում «Ռեալը» խաղացել էր 65 հանդիպում։ Մյուս իսպանական ակումբներից լավագույն արդյունքներն ունեն «Ատլետիկոն»՝ 64 խաղ (2009/2010 մրցաշրջանում) և «Բարսելոնան»՝ նույնպես 64 խաղ (2011/2012 մրցաշրջանում)։
Fanat, Reamadrid.am