Ֆեդե Վալվերդեն հարցազրույց է տվել Realmadrid TV-ին և խոսել Աշխարհի ակումբային առաջնության մասին
«Պետք է շարունակենք միասնական գործել, սա ամենակարևորն է լինելու այս տարի՝ բոլոր տիտղոսները նվաճելու համար։ Պետք է բարելավվենք և ավելի լավ ճանաչենք միմյանց, որովհետև նոր ֆուտբոլիստներ են միացել թիմին։ Պետք է լավագույն կերպով պատրաստվենք, որովհետև մեզ սպասվում է շատ կարևոր ու լարված հանդիպում։ Պետք է «Զալցբուրգի» դեմ խաղում փորձենք վաստակել երեք միավոր՝ խմբում առաջին տեղով դուրս գալու համար»։
Մրցաշարի պայմանները
«Շատ շոգ է, բայց դա բոլոր թիմերի համար է։ «Զալցբուրգի» դեմ խաղը լինելու է երեկոյան, ինչը մեզ օգուտ կտա, քանի որ ավելի շատ ժամեր կունենանք հանգստի համար։ Թիմը շատ լավ է պատրաստվում, և մենք կատարում ենք բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ ինչպես պահանջում է մարզչական շտաբը՝ լավ հանգստանալու, վերականգնվելու և որակյալ աշխատանք իրականացնելու համար»։
Աշխարհի ակումբային առաջնությունը
«Սա նման մասշտաբի առաջին մրցաշարն է, և շատ հաճելի է տեսնել, թե ինչպես են «Ռեալ Մադրիդի» երկրպագուներն աջակցում մեզ։ Շառլոթի հյուրանոցում մեր ընդունելությունը խելահեղ էր։ Այս գերբը ներկայացնելը, այն պաշտպանելը, և ունենալ այդքան մարդկանց աջակցությունը՝ մի բան է, որի համար ամեն օր պետք է երախտապարտ լինենք»։
Գոլը «Պաչուկայի» դեմ
«Դա այն պահն էր, երբ մենք մեկ ֆուտբոլիստ պակաս ունեինք։ Դին Հաուսենի հիանալի փոխանցումից հետո Վինիսիուս Ժունիորը մեծ վազք կատարեց և ցուցաբերեց համբերություն՝ փոխանցումը կատարելով հետ՝ այնտեղ, որտեղ ես էի։
«Սա մեծ թեթևություն էր ինձ համար՝ հատկապես այն բանից հետո, երբ առաջին խաղում վրիպել էի 11–մետրանոցից։ Շատ կարևոր պահ էր՝ անկախ թիմի հաղթանակից, որն, իհարկե, ամենագլխավորն է։ Ես ուզում էի գոլ խփել ու մոռանալ նախորդ խաղի վրիպումը։ Ահա թե ինչու այդպես մեծ ոգևորվածությամբ նշեցի գոլը։ Հատկապես, երբ երկար ժամանակ խաղում ես մեկ ֆուտբոլիստ պակաս, յուրաքանչյուր գոլ ավելի է արժեք ստանում»։
Խաբի Ալոնսոյի գովասանքները մամուլի ասուլիսում
«Պարծանքի և պատվի զգացողություն էր։ Շատ հաճելի է, երբ մարզիչդ նման խոսքեր է ասում քո մասին։ Ուրախ եմ, և այդ խոսքերը պետք է դառնան մոտիվացիա՝ շարունակելու աշխատել, օրինակ ծառայել իմ խաղընկերներին ու թիմին։ Պետք է լինեմ նվիրվածության և աշխատանքի խորհրդանիշ՝ միշտ պատրաստ լինելով անել այն, ինչ պահանջում է թիմը, առավելապես մարզիչը։ Երբ նման խոսքեր ես լսում մի մարդուց, ով ոչ միայն մեր մարզիչն է, այլև նախկինում եղել է մեծ ֆուտբոլիստ, դա շատ կարևոր և հաճելի բան է ինձ համար»։
Ինչ է պահանջում Խաբի Ալոնսոն
«Որ վերահսկեմ խաղը, ունենամ համբերություն։ Ամենակարևորը՝ նա ինձ շատ վստահություն և աջակցություն է տալիս։ Նա միշտ իմ կողքին է, ինչպես օրինակ՝ երբ վրիպեցի 11–մետրանոցից, անդադար աջակցում էր։ Այդպիսի պահերը հետք են թողնում։