• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Խաբի Ալոնսո․ «Բոլորն էլ պետք է իրենց ներդրումն ունենան, բայց հենց նա է «Ռեալի» առանցքային անձը»

Հոդվածներ

Խաբի Ալոնսո․ «Բոլորն էլ պետք է իրենց ներդրումն ունենան, բայց հենց նա է «Ռեալի» առանցքային անձը»
28.05.2025
1387 0

«Սերուցքայինների» նոր գլխավոր մարզչի հարցազրույցը՝ ակումբի մամուլի ծառայությանը

 «Ես միշտ երազել եմ գլխավորել «Ռեալ Մադրիդը»։ Պարզ է, որ այդ նպատակին հասնելու համար պետք է քրտնաջան աշխատել, բայց ես գիտեի, որ որպես նախկին ֆուտբոլիստ կապս այս ակումբի հետ չի ընդհատվելու։ Ես պետք է գտնեի իմ մարզչական ուղին՝ մի օր «Ռեալի» մարզիչ դառնալու հնարավորությունն ունենալու համար։

Ես շատ երջանիկ եմ, քանի որ այս ամենը իմ երազանքն էր։ Սա միաժամանակ իմ կարիերայի նոր փուլն է, և մենք ուզում ենք այն ճիշտ սկսել»։

«Ռեալ Մադրիդը» ֆուտբոլասերների համար աշխարհի լավագույն ակումբն է։ Ակումբը հարուստ պատմություն ունի, որը շարունակում է գրվել այսօր, և այդ ամենին ավելանում է «Ռեալի» մշտական ձգտումը նոր նպատակների և կատարելության։

Այսպիսի նպատակները ստիպում են քեզ զարգանալ և առաջ շարժվել։ Ես եղել եմ աշխարհի տարբեր անկյուններում՝ թե՛ Իսպանիայում, թե՛ արտերկրում, ու ամենուր «Ռեալի» երկրպագուներ կան։ Դա իսկապես օգնում է ձևավորել ակումբի համընդհանուր պատկերը»։

«Ռեալ Մադրիդի» 15 ՉԼ/ԵՉ գավա՞թը։ Պատմությունն է այս ակումբը դարձրել այն, ինչ կա։ Ու հենց այդ պատճառով է, որ տարեցտարի «Ռեալը» արթնացնում է մեր հույզերն ու կիրքը։ Սա է ֆուտբոլի գեղեցկությունը։ Բայց այդ պատմությունը, միևնույն ժամանակ հիանալի մարտահրավեր է՝ փորձել հասնել ավելի մեծ բարձունքների»։

«Պերեսն է «Ռեալ Մադրիդը» հասցրել այն վիճակին, որում այն այժմ գտնվում է։ Նա ունի իր տեսլականը, խելքը, միավորելու և կարևոր որոշումներ կայացնելու ունակությունը։

Ֆլորենտինոն իսկապես ոգեշնչում է՝ տեսնում ես, որ նրա ղեկավարությամբ ակումբը շարժվում է ճիշտ ուղղությամբ։ Մենք բոլորս «Ռեալում» պետք է մեր ներդրումն ունենանք, բայց հենց Պերեսն է ակումբի հիմնասյունը»։

 «Իմ մարզչական ուղու մեկնարկը «Ռեալի» ակադեմիայու՞մ։ Դա իմ առաջին փորձն էր, և լավ եմ հիշում այն տղաներին, որոնց հետ աշխատել եմ։ Նրանք շատ են դուր գալիս ինձ, ու հնարավոր է՝ շուտով կրկին տեսնեմ նրանց։

Իմ մեջ դեռ կա այն էներգիան, կրքն ու սերը ֆուտբոլի հանդեպ։ Ես փորձում եմ այդ ամենը փոխանցել ֆուտբոլիստներին։ Արդեն ունեմ հաջող մարզչական փորձ «Սոսիեդադ Բ»-ում և «Բայերում»։

Ես շատ ուրախ եմ, որ միացել եմ «Ռեալին»։ Վստահ եմ՝ կկարողանամ հաճույք ստանալ այս աշխատանքից, քանի որ իմ տրամադրության տակ կլինի բարձրակարգ թիմ։ Ես կփորձեմ ձևավորել մի թիմ, որով բոլորս հպարտ կլինենք։ Ուզում եմ, որ մարդիկ հիացմունքով հետևեն մեր խաղին ու միասին կտոնենք հաղթանակները»։

«Իմ ֆուտբոլային տարիները «Ռեալու՞մ»։ Ես մինչ օրս կապ եմ պահպանում այն մարդկանց հետ, ում հետ աշխատել եմ։ Դրանք շատ լարված տարիներ էին. ակումբը պետք է զարգանար։

Այնուհետև մենք հաղթեցինք «Դեսիման», որը դարձավ այդ ողջ գործընթացի գագաթնակետը։ Այդ պատճառով էլ այդ հաղթանակն անչափ կարևոր էր մեզ համար։ Դրանից հետո «Ռեալը» շարունակել է հիանալի հանդես գալ բոլոր այս տարիների ընթացքում, իսկ հիմա ժամանակն է ամեն ինչ նոր էջից սկսելու»։


Ամենակարդացված