Մադրիդի «Ռեալը» պայմանավորվել է «Բորնմութի» հետ՝ 20-ամյա կենտրոնական պաշտպան Դին Հյոյսենի տրանսֆերի շուրջ, թիմերն արդեն փոխանակում են անհրաժեշտ փաստաթղթերը։ Այս մասին հաղորդում է Marca պարբերականը։
Աղբյուրի տվյալներով՝ գործարքը արդեն փակված է, և «սերուցքայինները» անգլիական ակումբին կվճարեն 50 միլիոն ֆունտ ստեռլինգ (59.3 միլիոն եվրո)՝ երեք փոխանցումով։ Գումարի 10 տոկոսը կստանա «Յուվենտուսը», 5 տոկոսը՝ «Մալագան»։ Նշվում է, որ «Ռեալը» պայքարում Հյոյսենի համար գերազանցել է լոնդոնյան «Չելսիին» և «Լիվերպուլին»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 20-ամյա ֆուտբոլիստը վճռական է «Ռեալ» տեղափոխվելու հարցում և մերժում է այլ ակումբների առաջարկները։
Ընթացիկ մրցաշրջանում Հյոյսենը մասնակցել է 34 խաղի՝ դառնալով երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Նրա գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2030 թ․ ամառ։ Transfermarkt–ի հաղորդմամբ՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 42 միլիոն եվրո։