«Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն կարող է բաց թողնել Իսպանիայի Գավաթի եզրափակիչ հանդիպումը «Բարսելոնայի» դեմ 31-րդ տուրի ընթացքում «Ալավեսի» հետ խաղում ստացած կարմիր քարտի պատճառով, հայտնում է Marca-ն։
Իսպանիայի առաջնության այդ խաղում ֆրանսիացի ֆուտբոլիստը ստացել է ուղիղ կարմիր քարտ՝ «Ալավեսի» կիսապաշտպան Անտոնիո Բլանկոյին սրունքին ոտքով հարվածելու համար։ Այդ խախտման պատճառով Մբապեն կարող է որակազրկվել մեկից երեք խաղով:
Ֆուտբոլիստի որակազրկման վերջնական որոշումը կայացնում է մրցավարական կոմիտեի խորհուրդը, հաշվի առնելով, թե խաղի գլխավոր մրցավար Սեսար Սոտո Գրատոն ինչ կգրի պաշտոնական հաշվետվությունում։ Եթե նա նշի, որ Մբապեի գործողությունը եղել է կոպիտ խաղ, ապա վերջինս կարող է բաց թողնել մեկից երեք հանդիպում ներքին առաջնություններում։
«Բարսելոնայի» դեմ գավաթային եզրափակիչը կկայանա ապրիլի 26-ին։ Դրան նախորդող խաղերում «Ռեալը» մրցելու է «Ատլետիկի» և «Խետաֆեի» հետ։
Fanat, Realmadri.am