Հոդվածներ

Զիդանի օգնական Բետոնիի ասուլիսը «Լևանտեի» դեմ խաղից առաջ
29.01.2021
2780 0

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի օգնական Դավիդ Բետոնին, որը Զիդանի բացակայության ընթացքում գլխավոր մարզչի պաշտոնի ժամանակավոր կատարողն է, «Լևանտեի» դեմ խաղից առաջ մամուլի ասուլիս է անցկացրել՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

«Ես ուրախ եմ, որ մենք վերադառնում ենք «Ալֆրեդո դի Ստեֆանո» մարզադաշտ: Սկզբունքները միշտ էլ նույնն են: Մենք ցանկանում ենք լավ հանդիպում անցկացնել, լավ խաղալ ու հաղթել: Մենք շատ լավ նախապատրաստվել ենք խաղին: Կան ֆուտբոլիստներ, որոնք հարյուր տոկոսով պատրաստ չեն հանդիպմանը: Մենք ռիսկի չենք դիմի, ու նրանք չեն խաղա:

Կարևորագույնն ամենօրյա աշխատանքն է: Եթե «Ատլետիկոն» գլխավորում է մրցաշարային աղյուսակը, նշանակում է, որ նրանք կայուն խաղ են ցուցադրում ու արժանի են դրան: Լա լիգայի շրջանակում դեռևս շատ խաղեր կան անցկացնելու, սակայն մենք կենտրոնանում ենք միայն հաջորդ խաղի վրա, ու հաջորդ խաղն է կարևորագույնը:

Մենք չորս մարզում ենք անցկացրել «Լևանտեի» դեմ խաղից առաջ: Պատրաստվել ենք ինչպես տակտիկապես, այնպես էլ տեխնիկապես: Ինձ գոհացնում է թիմի կատարած աշխատանքը, ու ես գերազանց ելույթ եմ ակնկալում:

Զիզուն օր օրի առողջանում է: Վերջում միասին դիտել ենք մարզումը, քննարկել: Նա խարիզմատիկ անձնավորություն է, անհատականություն: Ֆիզիկապես նա այժմ մեր կողքին չէ, բայց նա միշտ մեզ հետ է: 

Ամեն օր տեսել եմ Ռամոսին: Նա շարունակում է ապաքինվել վնասվածքից: Նա ֆանտաստիկ պրոֆեսիոնալ է, մեր ավագը: Մենք չենք պատրաստվում ռիսկի դիմել նրա հարցում այս հանդիպմանը: Նա օր օրի լավանում է, բայց ռիսկի դիմել չենք ուզում: Հաջորդ շաբաթ կհասկանանք, թե ինչ վիճակում է նրա ծունկը: Հինգ տարի է՝ ես ճանաչում եմ Սերխիոյին, ու այս ընթացքում նա չի փոխվել, նույն պրոֆեսիոնալն է: 

Կարվախալի հարցում նույնպես չենք պատրաստվում ռիսկի դիմել: Լուրջ բան չկա, սակայն մենք ուզում ենք, որ ֆուտբոլիստը պատրաստ լինի հարյուր տոկոսով:

Տրանսֆերային պատուհանի ավարտին ժամանակ դեռ կա, ու ամեն ինչ կարող է պատահել: Այս պահին մենք ունենք այս կազմը, ու մեզ գոհացնում է մեր թիմը»,- «Ռեալի» պաշտոնական կայքը մեջբերում է Բետոնիի խոսքը:

Հիշեցնենք, որ Բետոնին Զիդանին փոխարինում է, քանի որ ֆրանսիացին վարակված է կորոնավիրուսով: «Ռեալում» կորոնավիրուսով վարակված է նաև Նաչոն:

Fenomeno, Realmadrid.am


Ամենակարդացված