Հոդվածներ

«Ռեալ» - «Սևիլիա»՝ 2-2. Չեմպիոնական պայքարը շարունակվում է
09.05.2021
2166 0

Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» «Ալֆրեդո դի Ստեֆանո» ստադիոնում ուժերը չափեց «Սևիլիայի» հետ:

12-րդ րոպեին Կարիմ Բենզեման գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը, սակայն գոլը չարձանագրվեց փոխանցման պահին խաղից դուրս վիճակի պատճառով:

Տասը րոպե անց «Սևիլիան» կարողացավ բացել հանդիպման հաշիվը: Անդալուզյան ակումբին առաջ մղեց Ֆերնանդոն:

Առաջին խաղակեսն ավարտվեց մրցակցի՝ նվազագույն հաշվով հաղթանակով:

Երկրորդ կեսում նույնպես «Արքայական ակումբը» ճնշում էր գործադրում, որի պտուղը քաղեց 67-րդ րոպեին, երբ Մարկո Ասենսիոն գրավեց մրցակցի դարպասի մոտակա անկյունը:

76-րդ րոպեին տեղի ունեցավ հանդիպման ամենաանսովոր պահը: Կարիմ Բենզեման մեն-մենակ դուրս եկավ մրցակցի դարպասապահի հետ: Վերջինը խախտեց կանոնները: Գլխավոր մրցավարը սուլեց ու նշանակեց 11-մետրանոց հարված: Տեսակրկնությունը դիտելուց հետո, սակայն, որոշում կայացվեց, որ մինչև Բենզեմայի դրվագը սեփական տուգանային հրապարակում կանոնները խախտել է Էդեր Միլիտաոն՝ խաղալով ձեռքով: 11-մետրանոց նշանակվեց «Ռեալի» դարպասին, որը դիպուկ իրացրեց Իվան Ռակիտիչը:

«Արքայական ակումբը» խաղի մնացած ժամանակահատվածում նույնպես տիրեց նախաձեռնությանը: Հիմնական ժամանակին ավելացված 4-րդ րոպեին՝ Կրոսի հարվածից հետո, գնդակը սեփական դարպասն ուղարկեց Դիեգո Կառլոսը: Խաղն այդպես էլ ավարտվեց՝ 2-2:

Լա լիգա, 35-րդ տուր

«Ռեալ Մադրիդ» 2-2 «Սևիլիա»

Գոլերը՝ 0-1՝ Ֆերնանդո 22՛, 1-1՝ Ասենսիո 67՛, 1-2՝ Ռակիտիչ 78՛, 2-2՝ Դիեգո Կառլոս 90+4՛, ինքնագոլ:

ՏԵՍԱՆՅՈՒԹ



Robbie Raul, Realmadrid.am


Ամենակարդացված