Հոդվածներ

Ֆլորենտինո Պերեսի հյուծումը
16.01.2026
173 0

Կառլոս Կարպիո, Marca.com

«Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստները հզորացել են գրասենյակներում և թուլացել խաղադաշտում: Մինչ այս հակաբնական իրավիճակին հասնելը, վերջին մեկուկես տարվա ընթացքում վատթարացումն աստիճանական է եղել:

Երեք տարում երկու Չեմպիոնների լիգա հաղթելուց հետո երիտասարդ ֆուտբոլիստների սերնդի «կուշտ լինելու» զգացողությունը և ինստիտուցիոնալ ակնհայտ թուլացումը բերեցին ճգնաժամի: Չորս օրում երկու մրցաշարում պարտվելուց հետո ակումբի անդամներին (socios) ամենից շատ անհանգստացնում է այն զգացողությունը, որ ակումբում չկա հստակ ուղղություն և տիրում է իմպրովիզացիան:

Խաղացողները «արյան հոտ են առել» և իշխանություն ստացել: Ֆլորենտինո Պերեսը հյուծման մտահոգիչ նշաններ է ցույց տալիս. նա ավելի շատ կենտրոնացած է նոր մարզադաշտի թերությունները շտկելու վրա, որպեսզի կատարի խոստացված շահագործման պլանը. լքված է իր միակ դաշնակցի՝ «Նեգրեյրայի գործով» ներգրավված «Բարսելոնայի» կողմից՝ սուպերլիգայի նախագծում. հակասությունների մեջ է գրեթե բոլոր ազգային և միջազգային ֆուտբոլային կառույցների հետ և խճճված է սեփականության մոդելի անհասկանալի փոփոխության մեջ, որն ակումբի ներսում բազմաթիվ հակառակորդներ ունի: Ամենացավալին այն է, որ նախատեսված ժառանգորդ չի երևում:

Իր երկրորդ ժամանակաշրջանի ընթացքում առաջին անգամ նրա նախագահությունը կասկածի տակ է դրվում երկրպագուների կողմից, ովքեր սկսում են բարձրացնել իրենց ձայնը բազմաթիվ ձախողված որոշումների և բացատրությունների իսպառ բացակայության պատճառով: «Նեգրեյրայի գործը» և մրցավարների սխալները դատապարտող պաշտոնական տեսանյութերը չեն կարողանում ամեն ինչ քողարկել: Պերեսը ֆուտբոլը մղել է երկրորդ պլան, և արդյունքում հենց ակումբն է հայտնվում երկրորդ պլանում՝ թե՛ դաշտում, թե՛ գրասենյակներում:

Քսան տարի անց նախագահը կրկին գործել է նույն սխալը, որը նրան ստիպեց հրաժարական տալ 2006 թվականին. «Ես նրանց վատ եմ դաստիարակել, և նրանք շփոթվել են»: Այս անգամ շփոթմունք չկա, կա անփութություն և թույլտվություն: Վինիսիուսն իրեն իրավունք է վերապահում արհամարհել մարզչին այն բանից հետո, երբ ակումբը որոշեց չմեկնել «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը՝ ի նշան բողոքի, իսկ խաղացողները կարծում են, թե կարող են քանդել Խաբի Ալոնսոյի խաղային պլանը, քանի որ այն չափազանց պահանջկոտ ու բարդ է:

Գավաթային ձախողումից րոպեներ անց Արբելոայի անհեթեթ խոսքերը, որով նա շնորհակալություն էր հայտնում բրազիլացուն Ալբասետեում ներկա գտնվելու համար, հաստատում են այն տպավորությունը, որ հանդերձարանի աստղերն ունեն չափազանց շատ արտոնություններ, քիչ պարտականություններ և ավելի քիչ նվիրվածություն:

Ֆլորենտինոն պնդում է, որ պաշտպանում է կազմին, բայց իրականությունը համառ է. որակը չի հերիքում: «Մադրիդին» անհրաժեշտ է տաղանդավոր ֆուտբոլիստների նոր սերունդ՝ եվրոպական էլիտա վերադառնալու համար: Պնդելը, թե լուծումը Պինտուսի և նրա հինգ Չեմպիոնների լիգաների վերադարձն է, նման է վատ կատակի:

Իսկ մադրիդիստները կատակների տրամադրություն չունեն: Կամ նա պետք է թևերը քշտի և ձեռնամուխ լինի իր լեգենդար կառավարմանը վայել «Ռենովացիա գործողությանը», կամ նրանից կխնդրեն մի կողմ քաշվել, որպեսզի դա անի մեկ ուրիշը:


Ամենակարդացված