Marca-ի ընթերցողները արդարացնում են Խաբի Ալոնսոյին և կարծում են, որ Արբելոան չունի համապատասխան մակարդակ և փորձ առաջին թիմը մարզելու համար՝ համաձայն հարցման արդյունքների
Mаrca.com-ի ընթերցողները կայացրել են իրենց դատավճիռը «Արքայական ակումբի» ճգնաժամի, Խաբի Ալոնսոյի պաշտոնանկության և ստեղծված իրավիճակի մեղավորների վերաբերյալ:
Ավելի քան 537․000 ձայն հավաքած հարցումից կարելի է անել մի քանի հստակ եզրակացություն. երկրպագուները բացահայտ մեղադրում են նախագահ Ֆլորենտինո Պերեսին և ֆուտբոլիստներին, մինչդեռ Խաբի Ալոնսոյին համարում են անմեղ ստեղծված իրավիճակում:
Ընթերցողները նաև խիստ բացասական են արտահայտվել Արբելոայի նշանակման մասին. ճնշող մեծամասնությունը գտնում է, որ նա չունի ոչ բավարար մակարդակ, ոչ էլ փորձ «Ռեալը» գլխավորելու համար:
Երկրպագուները կպահեին Խաբի Ալոնսոյին
Հարցման առաջին հարցին՝ «Ի՞նչ կարծիքի եք «Ռեալի» և Խաբի Ալոնսոյի բաժանման մասին», ընթերցողների 79%-ը պատասխանել է, որ դա շատ վատ որոշում է, և միայն 21%-ն է այն համարել ճիշտ: Պարզ է դառնում, որ մադրիդիստները ցանկանում էին շարունակել աշխատանքը մասնագետի հետ:
Բացի այդ, հարցվածների 80%-ը (ավելի քան 72․000 ձայն) գտնում է, որ հիմա ամենավատ պահն էր մարզիչ փոխելու համար: Ինչ վերաբերում է Ալոնսոյի աշխատանքի գնահատականին, ապա 78%-ը նրան տվել է դրական գնահատական (բավարարից մինչև գերազանց), և միայն 22%-ն է համարում, որ նա ձախողվել է:
Ո՞վ է մեղավորը
Թերևս ամենակարևոր հարցը. «Ո՞վ է մեղավոր «Ռեալի» ներկայիս իրավիճակի համար»: Արդյունքները հետևյալն են.
48% – Նախագահ Ֆլորենտինո Պերեսը:
46% – Ֆուտբոլիստները:
Միայն 6% – Չաբի Ալոնսոն:
Չեն հավատում Արբելոային և մատնացույց են անում Ֆլորենտինոյին
Դեռ առաջին մարզումը չանցկացրած՝ Արբելոան արդեն ստիպված է լինելու պայքարել երկրպագուների վստահությունը շահելու համար: Հարցին՝ «Արդյոք Արբելոան ճի՞շտ լուծում է», 76%-ը (ավելի քան 116․000 ձայն) պատասխանել է ՈՉ, պատճառաբանելով փորձի և մակարդակի պակասը:
Ֆլորենտինո Պերեսի կառավարման վերաբերյալ քննադատությունն էլ ավելի խիստ է. հարցվածների 90%-ը կարծում է, որ նա սխալ է գործել, թերի է պլանավորել մրցաշրջանը և չի աջակցել մարզչին՝ դժվար պահին: Միայն 10%-ն է պաշտպանում նախագահի «ցավոտ որոշումներ» կայացնելու կարողությունը:
Հայերեն