Հոդվածներ

«Ռեալ Մադրիդ» - Խաբի Ալոնսո. «Ապահարզանի» հինգ պատճառները
13.01.2026
690 0

Маrca–ն վերլուծել է բասկ մարզչի պաշտոնանկության պատճառները՝ «Բեռնաբեուի» պահեստայինների նստարանին ընդամենը յոթ ամիս անցկացնելուց հետո:

«Ռեալ Մադրիդը» և Խաբի Ալոնսոն բաժանվել են միմյանցից ընդամենը յոթ ամիս անց այն «ամուսնությունից», որը սկսվել էր անցյալ հունիսին աշխարհի ակումբային առաջնությունում և ավարտվեց Իսպանիայի սուպերգավաթով, որտեղ «սերուցքայինները» կիրակի օրը պարտվեցին «Բարսելոնային»: Այս ընթացքում եղավ նախագծի հուսադրող մեկնարկ և վստահության աստիճանական կորուստ, որն իր գագաթնակետին հասավ Ջիդայում: Շատերը կարծում էին, որ «Բարսելոնայից» ջախջախիչ պարտություն չկրելը կերկարաձգի մարզչի պաշտոնավարումը, սակայն «Մադրիդում» «պատվավոր պարտություններ» չեն լինում:

1. Ճնշում, որն անհետացավ

Խաբի Ալոնսոյի հեռանալն ունի թե՛ մարզական, թե՛ ոչ մարզական պատճառներ (վերջինս վերաբերում է հանդերձարանի կառավարմանը): Ակնհայտ է, որ արդյունքներն են ամենակարևորը: Աշխարհի ակումբային առաջնությունը չհաղթեցին՝ չնայած լավ խաղին, ՊՍԺ-ի դեմ կիսաեզրափակչում կրած ձախողումից հետո: Չնայած դրան, նախագիծը առողջ էր թվում, քանի որ թիմն արդեն ցույց էր տալիս նոր մարզչի ձեռագիրը: Հատկապես բարձր պրեսինգը, որը խաղի բնորոշ գիծ էր, խորհրդավոր կերպով անհետացավ «Մետրոպոլիտանոյում» կրած 5։2 հաշվով պարտությունից հետո: Դա մրցաշրջանի առաջին պարտությունն էր, որից հետո ամեն ինչ սկսեց վտանգավոր կերպով վատանալ:

2. «Ռոքնռոլի» հետքն անգամ չկա

Խոստացված «ռոքնռոլն» այդպես էլ չհայտնվեց։ Թիմը գրեթե միշտ թվում էր թույլ և առանց էներգիայի, իսկ ֆիզիկական պատրաստվածությունը կասկածի տակ էր։ Ցածր բլոկով պաշտպանվող թիմերի դեմ նույն դժվարությունները, որոնք կային Անչելոտիի ժամանակ, շարունակվեցին, իսկ հայտնի պրեսինգը հազիվ էր նկատվում։ Միայն առանձին դրվագներ կային, օրինակ՝ «Բեռնաբեուում» «Բարսելոնայի» դեմ Լա Լիգայի խաղում։ Դա օազիս էր անապատում. թիմը չէր ճառագում խոստացված «էլեկտրականությունը» և խաղից խաղ ավելի ու ավելի էր նմանվում 2024/25 մրցաշրջանի Անչելոտիի «Մադրիդին»:

3. Խաղակցողի բացակայությունը

Ամեն ինչ չէ, որ պետք է մարզչի վրա բարդել։ Խաբին խնդրեց «ուղեղ» (խաղարկող), բայց ակումբը նրան չտվեց դա։ Նրանք 60 միլիոն եվրո ներդրեցին Մաստանտուոնոյի համար՝ գրեթե նույն գումարը, որով Զուբիմենդին տեղափոխվեց «Արսենալ»: Մոդրիչի հեռանալը՝ ակումբի որոշումը, որը դեմ էր մարզչի չափանիշներին և խաղացողի ցանկությանը, «Մադրիդի» կիսապաշտպանությունը թողեց առանց «նուրբ հպման»: Չուամենին, Կամավինգան կամ Ֆեդե Վալվերդեն շատ առավելություններ ունեն, բայց դրանց թվում չէ թիմի տեմպը թելադրելը կամ նուրբ փոխանցումներով խաղը կառուցելը: Միայն Բելինգեմն ունի այդ որակը, բայց նա այնքան շատ դիրքերում է խաղացել, որ կարծես չի կողմնորոշվում, թե որն է իր հիմնական գործառույթը:

4. Ջիդայի երկար փոխանցումները

Գնդակը կիսադաշտից դուրս բերելու անկարողությունը գագաթնակետին հասավ սուպերգավաթում: «Ատլետիկոյի» դեմ խաղում Կուրտուան կատարեց գրեթե 40 երկար հարված՝ խուսափելու մրցակցի պրեսինգից և փնտրելով Գոնսալոյին կամ Ջուդին: «Մադրիդում» կարևոր է ոչ միայն արդյունքը, այլև այն, թե ինչպես ես հասնում դրան: Այդ «փոքր ակումբի» կերպարը Ջիդայում չափից շատ էր Խաբիի համար։

5. Ճգնաժամ Վինիսիուսի հետ

Խաբիի հասցեին քննադատությունները սկսվել էին գրեթե հենց սկզբից: Նա շատ միջամտող մարզիչ է, ով հատուկ ուշադրություն է դարձնում տակտիկական մանրուքներին, տեսանյութերին և գրատախտակին, ինչը «Ռեալի» շատ խաղացողներ սիրով չընդունեցին Անչելոտիի ավելի ազատ ոճից հետո:

Շուտով սկսեցին ճաքեր հայտնվել, օրինակ՝ Վինիսիուսի փոխարինումները մրցաշրջանի մեկնարկային որոշ խաղերում: Իրավիճակը պայթեց «Կլասիկոյի» ժամանակ, երբ Վինիի հերթական փոխարինումը հանգեցրեց նրան, որ նա իր դժգոհությունն արտահայտեց 80․000 հանդիսատեսի և հեռուստացույցով հետևող միլիոնավոր մարդկանց առջև: Ակումբը հետ քաշվեց և հարցը թողեց Խաբիի ձեռքում՝ առանց խաղացողին պատժելու: Ճգնաժամը չլուծվեց, և բրազիլացու ու բասկ մարզչի հարաբերությունները վերջնականապես տուժեցին:

Հանդերձարանում տիրող պառակտումը ևս մեկ գործոն էր, որն ազդեց Խաբիի հեռացման վրա: Նրան նաև քննադատում էին այն բանի համար, որ նա դադարեց վստահել երիտասարդներին, ինչպիսիք են Գյուլերը և Մաստանտուոնոն, երբ արդյունքները սկսեցին վատանալ:


Ամենակարդացված