• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Բելինգեմ. «Հույս ունեմ՝ կսկսենք ավելի լավ խաղալ, քան մրցաշրջանի առաջին հատվածում»

Հոդվածներ

Բելինգեմ. «Հույս ունեմ՝ կսկսենք ավելի լավ խաղալ, քան մրցաշրջանի առաջին հատվածում»
08.01.2026
485 0

Իսպանիայի սուպերգավաթի կիսաեզրափակիչում Մադրիդի «Ռեալը» Սաուդյան Արաբիայում ուժերը կչափի «Ատլետիկոյի» հետ (08.01.2026, 23:00):

«Արքայական ակումբի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի նախախաղյա մամուլի ասուլիսը

«Վաղը մեզ բարդ հանդիպում է սպասվում։ Մենք արդեն վերլուծել ենք և դասեր քաղել «Ատլետիկոյից» կրած մեր ջախջախիչ պարտությունից։ Այդ խաղից մենք շատ բան սովորեցինք։ Ես անհամբերությամբ սպասում եմ գալիք հանդիպմանը»։

«Վինիսիուսը «Մադրիդի» և Բրազիլիայի հավաքականի կազմում վերջին 17 խաղում ոչ մի գոլ չի՞ խփել։ Նրա վրա հսկայական ճնշում կա։ Հնարավոր է՝ այս առումով նրա մոտ փոքրիկ անկում կա, բայց դա չի արտացոլում նրա ամբողջ խաղը։ Նա հիասքանչ ֆուտբոլիստ է, ով միշտ վտանգավոր պահեր է ստեղծում մրցակցի դարպասի մոտ, գոլային փոխանցումներ է կատարում...

Մենք պետք է օգնենք Վինիսիուսին ընդհատել իր անգոլ սերիան։ Մենք պետք է աջակցենք նրան։ Նա կվերադառնա իր նախկին մակարդակին»։

«Իմ նոր դերը դաշտում՝ Մբապեի գալուստից հետո՞։ Ինձ այնքան էլ չի անհանգստացնում այս փոքրիկ փոփոխությունը։ «Մադրիդում» իմ մեկնարկային մրցաշրջանում մենք խաղում էինք առանց մաքուր «9 համարի», այդ պատճառով ես մշտապես շատ մոտ էի գտնվում մրցակիցների տուգանային հրապարակին։

Բայց հիմա մենք կազմում ունենք հարձակվող, ով մրցաշրջանում 50 գոլ է խփում։ Հիմա ինձ պետք չէ խաղալ այդքան մոտ մրցակցի դարպասին։ Ես ստիպված եմ փակել դաշտի այլ հատվածներ։

Այսպես թե այնպես, կարիերայիս ընթացքում ես խաղացել եմ և՛ կենտրոնական կիսապաշտպանի, և՛ «տասնյակի» դիրքում, և միշտ ձգտել եմ խփել որքան հնարավոր է շատ գոլեր։ Օրինակ՝ անցյալ մրցաշրջանում ինձ հաջողվեց 15 գոլ խփել, այս մրցաշրջանում նույնպես արդեն մի քանի գնդակ եմ հեղինակել։

Բայց գոլերը երբեք չեն եղել խաղի ամենակարևոր կողմն ինձ համար։ Ինձ շատ են դուր գալիս բոլոր այն դիրքերը, որտեղ ես խաղում եմ։ Դա շատ կարևոր է ինձ համար, ինչպես և կենտրոնացվածությունը խաղերի ժամանակ»։

«Ալոնսոյի հնարավոր պաշտոնանկությունը «Ատլետիկոյից» կրած պարտության դեպքո՞ւմ։ Ես նման որոշումներ չեմ կայացնում։ Ես կարող եմ միայն հայտնել իմ կարծիքը, ինչպես նաև կարող եմ կրկնել, որ մենք բոլորս լիովին սատարում ենք Խաբիին։ Ալոնսոն նախկինի պես լի է լավատեսությամբ։

Բոլորի մոտ էլ լինում են վերելքներ ու վայրէջքներ։ Մենք պետք է գնահատենք մեր դիրքը բոլոր մրցաշարերում. Լա Լիգայի առաջատարից հետ ենք ընդամենը 4 միավորով, ինչպես նաև Չեմպիոնների Լիգայի մրցաշարային աղյուսակի լավագույն ութնյակում ենք։

Սա աղետալի վիճակ չէ, բայց, իհարկե, մենք ուզում ենք ավելի լավը դառնալ։ Հույս ունեմ՝ կկարողանանք հաղթել «Ատլետիկոյին»։ Մենք գիտենք, թե որքան կարևոր է մադրիդյան դերբին, ուստի կանենք հնարավոր ամեն ինչ հաղթանակի համար»։

«Ես խորհուրդ եմ տալիս «Մադրիդի» ղեկավարությանը ավելի շատ բրիտանացիների հետ պայմանագիր կնքե՞լ։ Դա բացարձակ սուտ է։ Ես նույնիսկ չգիտեմ՝ ինչ ավելացնել։ Ոչ մի ֆուտբոլիստ նման իշխանություն չունի ոչ մի ակումբում»։

«Լուրեր մեր հանդերձարանում առկա խնդիրների մասի՞ն։ Մենք քննարկել ենք տարբեր դժվարություններ, բայց մենք գիտենք՝ ինչ է կատարվում մեր հանդերձարանում։ Անկասկած, մենք բոլորս վստահում ենք Ալոնսոյին։ Մենք աշխատում ենք մեր առաջընթացի վրա։

Ես շատ լավ հարաբերությունների մեջ եմ թիմի բոլոր ներկայացուցիչների հետ։ Իսկ եթե ինչ-որ բան այն չէ, մենք նստում և քննարկում ենք դա։ Մենք լիովին աջակցում ենք Խաբիին»։

«Սուրբծննդյան արձակուրդներից հետո մեզ շատ ավելի թարմ ենք զգում։ Մենք պատրաստ ենք պայքարել բոլոր տիտղոսների համար, և, հուսով եմ, կխաղանք ավելի լավ, քան մրցաշրջանի առաջին հատվածում»։


Ամենակարդացված