Իսպանիայի սուպերգավաթը, որը 2020 թվականից սկսած Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) կողմից ներդրված նոր ձևաչափով դարձել է թրենդային, վերածվել է իսկական քննության մարզիչների, խաղացողների և նույնիսկ հենց ակումբների համար
Սաուդյան Արաբիան թելադրում է իր դատավճիռը։ Տարեցտարի այն թիմերը, որոնք ժամանում են կա՛մ Էր Ռիադ, կա՛մ Ջիդդա (ինչպես այս դեպքում), սուպերգավաթի արդյունքներով քննության են ենթարկում իրենց մարզավիճակն ու մոտակա ապագան։ Մրցաշարը, որը նախկինում ամռանը անցկացվելիս մարզական առումով բավականին անհետաքրքիր էր, 2020 թվականից ֆեդերացիայի կողմից ձևաչափի փոփոխությունից հետո սկսել է նոր ուղղություններ սահմանել։ Այն դարձել է քննություն, որին ենթարկվում են մարզիչները, խաղացողները և նույնիսկ ակումբները։ Այն փոխում է որոշումներ, պարտադրում է նոր քայլեր, և ամենակարևորը՝ հաղթողներն իրենց իսկական չեմպիոն են զգում։
Արաբական հողում անցկացված հինգ խաղարկությունների ընթացքում (2021-ին համավարակի պատճառով այն անցկացվեց Անդալուզիայում և հաղթեց «Ատլետիկը») օրինաչափություն է նկատվել. այն թիմը, որը սաուդյան երկնքում բարձրացրել է սուպերգավաթը, ի վերջո հաղթել է նաև Լա Լիգան։ Ընդ որում, ոչ բոլոր հաղթողներն են մրցաշարին ներկայացել որպես բացահայտ առաջատարներ։
Վեց տարի առաջ
Ամեն ինչ սկսվեց 2020 թվականին, երբ «Ռեալ Մադրիդը» հետխաղյա տասնմետրանոցներով հաղթեց «Ատլետիկոյին»։ Ամիսներ անց Զիդանի սաները նվաճեցին Լա Լիգայի չեմպիոնությունը՝ առաջ անցնելով «Բարսելոնայից»։ 2022-ին «սպիտակները» նորից հաղթեցին՝ այս անգամ «Ատլետիկի» դեմ խաղում, բայց արդեն Անչելոտիի գլխավորությամբ. Լա Լիգան ունեցավ նույն ճակատագիրը։ 2023-ին, Չավի Էրնանդեսի գլխավորությամբ, հաջողությունը ժպտաց կատալոնացիներին թե՛ հունվարին Ռիադում, թե՛ ամիսներ անց Իսպանիայի առաջնությունում։
Մեկ տարի անց Ռիադում հաղթանակը տոնեց «Ռեալ Մադրիդը»՝ շնորհիվ Վինիսիուսի լավագույն խաղի, ինչին հաջորդեց հաղթարշավը Լա Լիգայում։ Տասներկու ամիս առաջ Ջիդդայում «Բարսելոնան» հաղթեց հինգ գոլի առավելությամբ, ինչը նշանավորեց Ֆլիկի թիմի լիգայում հաղթանակը և Անչելոտիի հեռացումը մադրիդյան ակումբից։
Չորեքշաբթի օրը կմեկնարկի հերթական խաղարկությունը՝ «Բարսելոնա» - «Ատլետիկ» կիսաեզրափակիչով, և ևս մեկ անգամ Սաուդյան Արաբիան կկայացնի իր դատավճիռը։ Խաղերը ցույց կտան յուրաքանչյուր թիմի ներկա վիճակը և այն, թե ինչ է սպասվում ապագայում։ Չորս թիմերն էլ ունեն որոշակի կասկածներ, թեև վերջին օրերին ամենաշատը հարցականի տակ է հայտնվել «Ռեալ Մադրիդը»։ Ճիշտ է՝ Խաբի Ալոնսոն այժմ ավելի հանգիստ է իր չորս անընդմեջ հաղթանակների շնորհիվ, բայց իրականությունն այն է, որ սուպերգավաթը շատ ավելի կարևոր է, քան ոմանք կարծում են։
Զգալի եկամուտներ
«2018-ին Մարոկկոյում սուպերգավաթը գեներացրեց մեկ միլիոն եվրո։ Այժմ մենք մեկնում ենք Արաբիա, և այն բերում է ավելի քան 50 միլիոն եվրո եկամուտ, որի կեսը բաժին է հասնում մասնակիցներին։ 26 միլիոն եվրոն ուղղվում է ազգային կարգի ակումբներին՝ ֆուտբոլային բուրգին»,- նշում է Լուզանը։
Իսպանիայի սուպերգավաթն իր ներկայիս ձևաչափով ամեն տարի ապահովում է 27 միլիոն եվրո հովանավորչական պայմանագրերից, 11 միլիոն՝ հեռուստատեսային իրավունքներից, 10 միլիոն՝ ծառայություններից և 3 միլիոն՝ ճանապարհածախսի ու հյուրանոցների աջակցության համար։