Ակադեմիայի սանը բացում է մի բանավեճ, որից Խաբի Ալոնսոն չի կարողանալու խուսափել
«Բեռնաբեուն» սովորաբար չի սխալվում։ Եվ երբ մարզադաշտը վանկարկում է որևէ անուն հպարտության, պատկանելության և հույզերի այնպիսի խառնուրդով, նշանակում է՝ ինչ-որ շատ խորքային բան է տեղի ունենում։ «Գոնսալոն մադրիդիստ է»։ Սա պարզապես վանկարկում չէր, այլ մտադրությունների հայտարարություն՝ մի հավաքական գրկախառնություն տան տղային, որը հենց նոր էր ձևակերպել իր կարիերայի առաջին հեթ-տրիկը՝ «սերուցքայինների» մարզաշապիկով։
«Մենք գիտենք այս մարզաշապիկի նշանակությունը, և եթե ուզում եք, որ թարգմանեմ ձեզ համար... դա նշանակում է հաղթել բոլոր տիտղոսները», – Գոնսալո Գարսիա։
Գոլերը խփվեցին բոլոր հնարավոր ձևերով, կարծես ճակատագիրը ցանկացել էր ամեն ինչ ամփոփել 90 րոպեի մեջ։ Հարված գլխով, կառավարվող կասեցում և անհավանական հարված, ու կախարդական հարված կրնկով՝ աշխատանքը եզրափակելու համար։ Գլխով, աջով և ձախով։ Ամեն ինչ։ Այսպես Գոնսալոն ներկայացավ իր հանդիսատեսին՝ որպես լիարժեք հարձակվող, ով վաղուց էր թակում դուռը։ Նույն այն տղան, ով անհետացել էր ուշադրության կենտրոնից՝ աշխարհի ակումբային առաջնությունում ֆուտբոլային աշխարհը ցնցելուց հետո, հիմա վերադառնում է ավելի ուժեղ, քան երբևէ։ Պատահական չէ, որ Խաբի Ալոնսոն որոշեց նրան թողնել թիմում, իսկ վարձավճարով ուղարկեց Էնդրիկին։
Գուցե մադրիդիստ և ամեն ինչ միաժամանակ
«Madrid, Madrid, Madrid… ¡Hala Madrid! Y nada más» (Մադրիդ և ուրիշ ոչինչ)։ Օրհներգն ամեն ինչ ասում է։ Եվ Գոնսալոն հենց դա է՝ մադրիդիստ և ուրիշ ոչինչ։ Կամ գուցե մադրիդիստ և ամեն ինչ միաժամանակ։ Որովհետև ակադեմիայի սանը գոլերը խփում է զարմանալի բնականությամբ, բայց նաև փոխանցում է մի բան, որը հնարավոր չէ մարզել՝ ինքնություն։ Գիշերն էլ ավելի խորհրդանշական էր, քանի որ «Լա Ֆաբրիկայի» երեք սաներ հեղինակեցին թիմի գոլերը, բայց հենց Գոնսալոն արժանացավ վերջնական հոտնկայս ծափահարության՝ ողջ մարզադաշտը ոտքի կանգնեց նրա համար։
Չաբի Ալոնսո. «Գոնսալոն օրինակ է այն բանի, թե ինչպիսին պետք է լինի Ռեալ Մադրիդի սանը»։
«Անսահման հպարտություն։ Ես, որ փոքրուց մադրիդիստ եմ և շատ տարիներ եմ անցկացրել ակադեմիայում, այս բոլոր մադրիդիստների կողմից օվացիաների արժանանալը շատ առանձնահատուկ պահ է, որը կպահեմ իմ մեջ ընդմիշտ»,– բացատրեց նա խաղից հետո՝ դեռևս հուզված ձայնով։ Պարզ, անկեղծ բառեր մի մարդուց, ով հիանալի հասկանում է, թե ինչ է նշանակում այս զինանշանը։
Եվ «Բեռնաբեուն» արդեն ասել է իր խոսքը
Գոնսալոն միայն գոլեր չէր։ Նա անդադար պրեսինգ էր անում, կաշկանդում էր կենտրոնական պաշտպաններին, ապահովում էր խաղի շարունակականությունը և «Մադրիդի»ն տալիս էր հստակ թիրախ՝ տուգանային հրապարակում։ Նրա հետ թիմն ավելի կազմակերպված էր հարձակվում։ Բելինգեմը գտավ այնպիսի տարածություններ, որոնք սովորաբար չի ունենում, երբ Մբապեն զբաղեցնում է հարձակման կենտրոնը։ Հարցը միայն անհատական տաղանդը չէ, այլ համապատասխանությունը։ Դրա համար էլ բանավեճն արդեն սեղանին է։
«Ես ընտրում եմ բոլոր երեք գոլերը։ Անհնար է մեկն առանձնացնել։ Սա իմ առաջին հեթ-տրիկն է մադրիդիստների առջև։ Ամեն գոլն առանձնահատուկ է։ Ոմանք դեռ չեն ստորագրել գնդակի վրա, ստիպված կլինեմ ևս մի քանի ստորագրություն խնդրել, բայց ես շատ շնորհակալ եմ բոլորին, որովհետև առանց նրանց սա հնարավոր չէր լինի»,– եզրափակեց նա ժպիտով։
Իրականությունը պարզ է և դժվար է վիճարկել։ Գոնսալոն դուր է գալիս երկրպագուներին, արդյունք է տալիս խոտածածկին և համապատասխանում է այն ամենին, ինչ թիմին պետք է հիմա։ «Մադրիդն» ավելի լավ է խաղում նրա հետ։ Այս իրավիճակը պահպանելը, սակայն, ենթադրում է կարևոր որոշումների կայացում և «ծանրակշիռ» անունների ձեռք տալ։
Բայց կան գիշերներ, որոնք շատ հստակ հաղորդագրություններ են թողնում։ Եվ «Բեռնաբեուն» արդեն խոսել է։ «Սա Ռեալ Մադրիդն է, այստեղ մրցակցությունը առավելագույնն է, և ես գիտեմ, որ Մբապեի բնական փոխարինողն եմ», – եզրափակում է ակադեմիայի սանը։