Կատալոնացիների նախագահի հայտարարություններից քաղվածքներ.
«Ռեալ Մադրիդը» մարմնավորում է իշխանությունը, իսկ «Բարսելոնան»՝ ազատությունը»։
«Ռեալ Մադրիդի» մասնակցությունը «Նեգրեյրայի գործի» հետաքննությա՞նը. այս պատմությունը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև դատավորներն ասեն. «Բավական է»:
Մենք գտնվում ենք դատական գործընթացի շրջանակում, տրամադրում ենք տարբեր տվյալներ ու փաստաթղթեր, և ամեն ինչ աստիճանաբար պարզվում է։ «Բարսելոնան» մրցավարներ չի գնել։ Ես լիովին վստահ եմ, որ մենք կարող ենք արդարացվել այս գործով։
Բայց կան կողմեր, որոնք ցանկանում են պահպանել այս հարցը, ուստի նրանք ձգձգում են «Նեգրեյրայի գործի» հետաքննությունը՝ շարունակելով լուրեր տարածել, որ մրցավարները բարեհաճ են մեզ նկատմամբ։
Մրցավարների տեխնիկական կոմիտեի (CTA) գոյության 72 տարիների ընթացքում նրա բոլոր ղեկավարները եղել են կա՛մ նախկին խաղացողներ, կա՛մ «Ռեալ Մադրիդի» նախկին նախագահներ։
Ես լիովին հանգիստ եմ, իսկ «Ռեալ Մադրիդը» պետք է ուշադրություն դարձնի RMTV-ի գործողություններին, որով փորձում է ազդել մրցավարների վրա, ինչպես ավելի վաղ հայտարարել էր Տեբասը։ RMTV-ն դա անում է բանավոր բռնության կիրառմամբ, որը դուրս է խաղի կանոնների շրջանակից։
«Բարսելոնան» ընդամենը խորհրդատվություն է ստացել մրցավարության հարցերով։ «Նեգրեյրայի գործը» կազմակերպված արշավ է՝ ուղղված «Բարսելոնայի» մեծագույն դարաշրջանը վարկաբեկելուն։ Կարծում եմ, որ «Ռեալ Մադրիդը», տեսնելով հզոր «Բարսելոնայի» վերադարձը, խուճապի մեջ է ընկել»։
«Մենք քննարկել ենք Միացյալ լիգայի նախագծի իրականացումը Պերեսի հետ, իսկ ավելի ուշ մեր ակումբը եկել է այն եզրակացության, որ ճիշտ ուղին ՈՒԵՖԱ վերադառնալն է»։
«Իհարկե, մենք տարաձայնություններ ենք ունեցել Տեբասի հետ, բայց ընդհանուր առմամբ ունենք լավ փոխհարաբերություններ։ Նա խելացի մարդ է։ Նրա հեռացումը Լա Լիգայի նախագահի պաշտոնից լավ նորություն չի լինի մեզ համար։
«Ռեալ Մադրիդը» ցանկանում է հասնել Խավիերին իր պաշտոնից հեռացնելուն։ Տեբասի և Պերեսի միջև կատաղի դիմակայություն է, բայց դա ինձ չի անհանգստացնում, քանի որ նրանք երկուսն էլ երկրպագում են «Ռեալ Մադրիդին»։ Եթե նրանցից որևէ մեկն ինձ ասեր, որ Խավիերը մադրիդիստ չէ, ես նրան չէի հավատա։
Ամեն դեպքում, Ֆլորենտինոն շատ խելացի, հավասարակշռված և խորը մտածելու հակում ունեցող մարդ է։ Ակնհայտ է, որ նա տարված է Միացյալ լիգայով և Տեբասով, բայց իր հայտարարություններով նա պարզապես արտահայտում է իր կարծիքը։ Ես լավ հարաբերություններ ունեմ Պերեսի հետ»։
«Մբապեն շատ լավ ֆուտբոլիստ է, բայց ես նախընտրում եմ Յամալին, Կունդեին, Բալդեին, Բերնալին, Կասադոյին, Ժ. Գարսիային, Պեդրիին... մեր ակադեմիայի խաղացողների համադրությունը Ռաֆինյայի, Ֆ. Տորեսի և Լևանդովսկու հետ ինձ շատ է դուր գալիս։ Ես սիրում եմ իմ ֆուտբոլիստներին։ Ես կարող եմ ընդունել նաև մյուս խաղացողներին որպես լավ ֆուտբոլիստներ, բայց նրանք ինձ առանձնահատուկ հաճույք չեն պատճառում։
Կցանկանայի՞նք մենք համաշխարհային մակարդակի խաղացողի պայմանագիր կնքել. այո, բայց միայն այն դեպքում, եթե նա իսկապես անհրաժեշտ լինի մեզ։ Չափազանց շատ մեծ աստղեր մեկ թիմում օգուտ չեն բերում, դա չի աշխատում, և մենք հիանալի տեսնում ենք ամեն ինչ շուրջը (ծիծաղում է)։ Այո՛, մենք բոլորս հիմա մտածեցինք նույն ակումբի մասին (նկատի ունի «Ռեալ Մադրիդը», – խմբ․)»։