«Ռեալին» մեկ քայլ է բաժանում ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնության եզրափակչից։
Այդ հնարավորությունը իրականություն կդառնա, եթե թիմը հաղթի ՊՍԺ-ին՝ այսօր կայանալիք կիսաեզրափակիչում, որն անցկացվելու է Նյու Ջերսիի «MetLife» մարզադաշտում (Երևանի ժամանակով՝ 23:00–ին): Եզրափակիչում արդեն սպասում է «Չելսին», որը հաղթել է «Ֆլումինենսեին» մյուս կիսաեզրափակիչում։
Քառորդ եզրափակչում «Ռեալը» 3։2 հաշվով հաղթեց Դորտմունդի «Բորուսիային» և այժմ կանգնած է Եվրոպայի գործող չեմպիոնի՝ ՊՍԺ-ի առաջ։ Պաշտոնական մրցաշարերում երկու թիմերը միմյանց դեմ խաղացել են 12 անգամ․ առավելությունը մադրիդցիներինն է՝ 5 հաղթանակ, 3 ոչ ոքի և 4 պարտություն։
Հարձակման արդյունավետությունը պահպանելը կարևոր գործոն է լինելու այն ՊՍԺ-ի դեմ, որը մինչ այժմ Աշխարհի ակումբային առաջնությունում միայն մեկ գոլ է ընդունել։
ՊՍԺ
Ֆրանսիական թիմը կիսաեզրափակիչին մոտեցել է քառորդ եզրափակչում «Բավարիային» 2։0 հաշվով, իսկ 1/8 եզրափակիչում «Ինտեր Մայամիին» 4։0 հաշվով հաղթելուց հետո։ Մինչ այդ ՊՍԺ-ն B խմբում զբաղեցրել էր առաջին տեղը՝ երկու հաղթանակ և մեկ պարտություն՝ առաջ անցնելով «Բոտաֆոգոյից», «Ատլետիկոյից» և «Սիեթլից»։ Այս խաղում Լուիս Էնրիկեն չի կարողանալու օգտվել պաշտպաններից Պաչոյի և Լուկաս Էրնանդեսի ծառայություններից, որոնք որակազրկված են։