Ավելորդ լինելու զգացումից մինչև կրկին վճռորոշ դառնալը: Բրազիլացին վերադառնում է այն ժամանակ, երբ կասկածներն ամենաշատն էին, իսկ ժամանակը կրկին ապացուցում է Խաբի Ալոնսոյի իրավացիությունը
Ամիսներ շարունակ Ռոդրիգո Գոեսն ապրում էր անհանգիստ, գրեթե լռակյաց մի զգացումով։ «Սանտիագո Բեռնաբեուում» աննկատ մնալու և անդադար շշուկների ներքո ապրելու զգացումով։ Այն մտքով, որ անկախ իր արածից, ուշադրության կենտրոնում միշտ ուրիշներն էին։ Նա տեսնում էր, թե ինչպես խաղադաշտը՝ այն կամակոր դատավորը, որի մասին խոսում է Խաբի Ալոնսոն, թվում էր, թե խլում է իրենից ամեն ինչ։ Սակայն ֆուտբոլը, ինչպես և կյանքը, միշտ պահուստում ունի անսպասելի շրջադարձեր։
«Որքան շատ ենք նրան ներգրավում խաղի մեջ, այնքան ավելի լավն է լինում թիմի հաջորդող գործողությունը»։
Խաբի Ալոնսոն՝ Ռոդրիգոյի մասին
Մինչ Գոնսալոն «հագնում էր» Մբապեի հանդերձանքը՝ իրեն գոլերով դրսևորելու համար (իսկական հեթ-տրիկ ձևակերպելով որպես մաքուր «ինը համար»), առաջին քննադատությունները չուշացան։ Ոմանք ուղղակիորեն մատնացույց էին անում պահեստայինների նստարանը և Խաբի Ալոնսոյին։ Սակայն տեղի ունեցածը միայն հաստատեց այն գաղափարը, որը մարզիչը վաղուց էր պաշտպանում. աշխատանքը միշտ գտնում է իր վարձատրությունը։ Բասկ մասնագետը երբեք չդադարեց հավատալ երիտասարդ ֆուտբոլիստին՝ երբեմն նրան նախապատվություն տալով նույնիսկ Էնդրիկի նկատմամբ և կայացնելով որոշումներ, որոնք միշտ չէ, որ միանշանակ էին ընդունվում։ «Սա ֆուտբոլ է, խոտածածկը քեզ հնարավորություն է տալիս, խոտածածկը քեզնից խլում է այն…»,- կրկնում է Խաբի Ալոնսոն։ Եվ հենց այս սկզբունքն է բառ առ բառ բացատրում այն, ինչ հիմա կատարվում է Ռոդրիգոյի հետ։
Խաղադաշտը կրկին խոսեց
Բրազիլացին ընդամենը մի քանի ամսում լռակյաց «ավելորդից» վերածվեց թիմի կարևորագույն անդամի։ Անցյալ մրցաշրջանում Իսպանիայի գավաթի՝ «Բարսելոնայի» դեմ եզրափակչից ի վեր (երբ մարզիչը դեռ Կառլո Անչելոտին էր), Ռոդրիգոյի կարգավիճակը հարցականի տակ էր։ Խաբի Ալոնսոյի գալուստով նրա վիճակը ոչ միայն չբարելավվեց, այլև թվացյալ վատթարացավ։ Բրահիմ Դիասը, Գոնսալո Իգնասիոն, Մաստանտուոնոյն... թվում էր, թե բոլորը նրանից առաջ են։ Նրա դերը սահմանափակվում էր կարճատև ելույթներով կամ խորհրդանշական րոպեներով՝ սպասելով մի հնարավորության, որը, թվում էր, երբեք չի գալու։ Բայց այն եկավ։
Խաղադաշտը կրկին խոսեց, և այս անգամ՝ նրա օգտին։ Վերջին հինգ հանդիպումներից չորսում դուրս գալով մեկնարկային կազմում (միայն գավաթի խաղում է մնացել պահեստայինների նստարանին), Ռոդրիգոն պատասխանեց փաստերով՝ այդ ընթացքում դառնալով երկու գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Թվերից զատ, նա վերականգնել է ավելի արժեքավոր մի բան՝ վստահությունը, կայծը և ազդեցությունը թիմի խաղի վրա։
Այս շրջադարձային պահը տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայում՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում։ Դա պարզապես մրցակից չէր, այլ այն ակումբներից մեկը, որն ամենաշատն էր երազում նրան ձեռք բերելու մասին։ «Ռեալը» երբեք լիովին չէր փակել նրա հնարավոր հեռացման դուռը, եթե լիներ համոզիչ առաջարկ։ Բայց Ռոդրիգոն մնաց՝ ամեն ինչ զրոյից սկսելու համար։ Այդ գոլը, որը նա խփեց երկար դադարից հետո, վերադարձրեց ժպիտը նրա դեմքին։
Ռազմավարական նշանակություն ունեցող խաղացող
Այսօր փոփոխությունն ակնհայտ է. նա ավելի հանգիստ է, ավելի շատ է մասնակցում խաղին և ավելի վճռորոշ է գործում։ Խաղային իրավիճակները հօգուտ թիմի փոխելու նրա ունակությունը և հարձակման գծում բազմակողմանիությունը նրան դարձյալ դարձրել են տարբերություն ստեղծող խաղացող։ Ալոնսոն դա ամփոփում է կարճ. «Մեզ պետք է նրա լավագույն մարզավիճակը, և նա ցուցադրեց կատարյալ խաղ»։
Վալդեբեբասում հստակ գիտակցում են, որ Ռոդրիգոն կրկին ռազմավարական կարևորություն ունեցող խաղացող է՝ թե՛ այսօրվա արդյունքների, թե՛ ապագայի համար։ Ակնհայտ է նաև, թե որքան արագ կարող է փոխվել ֆուտբոլիստի կյանքը մի քանի շաբաթվա ընթացքում։ Ավելորդ զգալուց մինչև կրկին առանցքային դառնալը. սա՛ է ֆուտբոլը և սա՛ է մարդու հոգեբանությունը, որը կարող է ամբողջական կարիերաներ փոխել աչքի լույսի պես արագ։