Հոդվածներ

Louis Vuitton-ը դարձել է «Ռեալ Մադրիդի» նոր պաշտոնական գործընկերը
13.06.2025
585 0

Ֆրանսիական շքեղ բրենդը մոդելավորելու է «Ռեալի» տղամարդկանց և կանանց ֆուտբոլային թիմերի, ինչպես նաև տղամարդկանց բասկետբոլային թիմի արտամրցակցային հագուստները

Ջուդ Բելինգեմի աշխատանքային հագուստն այժմ կհամադրվի նրա առօրյա ոճի հետ։ Louis Vuitton-ը հայտարարել է «Ռեալ Մադրիդի» ֆուտբոլային և բասկետբոլային թիմերի հետ բազմամյա պաշտոնական համագործակցության մասին՝ դառնալով հերթական բարձրակարգ սպորտային գործընկերությունը։ Բրենդն արդեն ներգրավված է սպորտային տարբեր ոլորտներում՝ նավավարումից մինչև «Ֆորմուլա 1»։


Անցյալ տարի Louis Vuitton-ը «Ռեալի» կիսապաշտպան Բելինգեմին դարձրել էր իր դեսպանը և հագուստ էր ապահովել նրա համար մի շարք միջոցառումների, այդ թվում՝ «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության համար։ Այժմ նա և իր թիմակիցները՝ ներառյալ Կիլիան Մբապեն, Տիբո Կուրտուան և Վինիսիուս Ժունիորը, կրելու են Pharrell Williams-ի՝ տղամարդկանց հագուստի ստեղծագործական ղեկավարի կողմից մոդելավորած զգեստապահարանը՝ միջազգային ուղևորությունների և միջոցառումների ժամանակ։


«Սա ֆուտբոլային թագավորության և շքեղության թագավորության հանդիպում է», — ասել է Louis Vuitton-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Պիետրո Բեկարին։ «Ֆուտբոլը համաշխարհային սպորտի թիվ մեկ տարրն է, իսկ «Ռեալ Մադրիդը»՝ լեգենդար թիմ։ Louis Vuitton-ը նույնքան ազդեցիկ է՝ լինելով համաշխարհային առաջատար։ Սա կատարյալ և իսկական համադրություն է»։

Հայտարարությունը, որը տեղի ունեցավ Աշխարհի ակումբային առաջնության նախօրեին ԱՄՆ-ում, հաստատեց այն խոսակցությունները, որոնք շրջանառվում էին դեռևս փետրվարից, ըստ որի՝ Vuitton-ը փոխարինելու է Zegna-ին որպես թիմի արտամրցակցային հագուստի պաշտոնական մատակարար։ Թիմի մարզաշապիկները, ինչպես միշտ, մնում են Adidas-ի կողմից պատրաստված։

«Ռեալ Մադրիդում» մենք անընդհատ ձգտում ենք կատարելության՝ մնալու համար վերևում։ Այդ նույն փիլիսոփայությունը բնութագրում է նաև շքեղության ոլորտի այնպիսի խորհրդանշական բրենդ, ինչպիսին է Louis Vuitton-ը», — ասել է Էմիլիո Բուտրագենիոն՝ «Ռեալի» արտաքին կապերի տնօրենը։


Բրենդի սպորտային ժառանգությունը

Բեկարին, ով նախկինում եղել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, նշել է, որ Vuitton-ը դեռևս 2010-ից համագործակցում է ՖԻՖԱ-ի հետ՝ ստեղծելով Աշխարհի գավաթի մրցանակի համար նախատեսված հատուկ ճամպրուկը։ «Այսօրվա համագործակցությունն ակումբի հետ նշում է նոր դարաշրջանի սկիզբ և խոստանում է դրական ապագա»։

Բրենդը ստեղծել է նաև նման հատուկ պահոցներ ռեգբիի աշխարհի գավաթի, NBA-ի չեմպիոնական գավաթի, «Ֆորմուլա 1»-ի Մոնակոյի Գրան Պրիի և «America’s Cup»-ի համար։ Բացի այդ, 2024 թվականի Փարիզի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի համար նույնպես պատրաստել է մեդալների և ջահերի համար նախատեսված հատուկ ճամպրուկներ։

«Սա բնական քայլ է Louis Vuitton-ի համար՝ շարունակելով շեշտը դնել սպորտի վրա։ Ինչպես ասում ենք մենք՝ «Հաղթանակը ճանապարհ է ընկնում Louis Vuitton-ով», – նշել է Բեկարին։

«Ռեալի» նոր մեկնարկը և Vuitton-ի ուղերձը

Նոր համալրումների՝ Տրենտ Ալեքսանդեր-Առնոլդի և Դին Հյոյսենի միանալուց հետո՝ «Ռեալ Մադրիդը» և իր նոր գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն մեծ ակնկալիքներ ունեն Աշխարհի ակումբային առաջնությունում։ Թիմը նախորդ մրցաշրջանում զիջել էր «Բարսելոնային» առաջնությունում, և դուրս մնացել Չեմպիոնների լիգայից՝ զիջելով «Արսենալին»։

«Ռեալը» համարվում է այս մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկը, որտեղ ընդգրկված են նաև ՊՍԺ-ն, «Մանչեսթեր Սիթին», «Բավարիան» և «Չելսին»։ Բեկարին բարձր է գնահատել ակումբի և երկրպագուների ուժեղ կամքը. «Մարզիկները մարմնավորում են գերազանցության ճանապարհը։ Վտանգներ, ձախողումներ, հաջողություններ՝ այս ամենը նաև բիզնեսում է լինում։ Սակայն էականը թիմային ոգին է։ «Ռեալ Մադրիդը» մնում է լեգենդար ակումբ, ամենատիտղոսակիրն աշխարհում», – ասել է նա։

«Այն, թե ինչպես է «Ռեալը» ապրում հաղթանակն ու պարտությունը՝ տևականորեն ոչ ավելի քան 24 ժամ, իսկ հետո առաջ շարժվում, ես փորձում եմ այդ նույն հոգեբանությունն օգտագործել նաև Vuitton-ում», – հավելել է նա։

Մշակույթը, նորաձևությունը և սպորտը միավորվում են

Բրենդի մշակութային դիրքավորումը, որը ներառում է սպորտը, խաղերը, երաժշտությունը և արվեստը, օգնում է դիվերսիֆիկացնել եկամտի աղբյուրները՝ ի պատասխան շքեղ ապրանքների պահանջարկի անկմանը և փորձառությունների նկատմամբ հետաքրքրության աճին։


«Նորաձևությունն ու սպորտը երբեք այսքան սերտորեն չեն միավորվել։ Մեր դեսպանները ոգեշնչում են մեզ այնպես, ինչպես մրցաշարերը, որոնք մենք աջակցում ենք», – ասել է Բեկարին։

Հագուստի մանրամասները

Սա առաջին դեպքն է, երբ Vuitton-ը իր կարի փորձաքննությունը օգտագործում է խաղադաշտից դուրս՝ պատրաստելով տղամարդկանց և կանանց ֆուտբոլային թիմերի, ինչպես նաև տղամարդկանց բասկետբոլային թիմի պաշտոնական հագուստը՝ ներառյալ հագուստ, կոշիկներ և աքսեսուարներ։ Բաճկոնների վրա և տաբատների ետևի գրպաններին կկարվեն բնական կաշվից պիտակներ՝ Louis Vuitton-ի դրոշմով։ Աքսեսուարները ներառում են կաշվե գոտի՝ LV ճարմանդով, կապույտ բամբակյա գլխարկ՝ ասեղնագործված, և LV Soft մարզակոշիկներ։

Ֆուտբոլիստները կունենան նաև ճամփորդական աքսեսուարների լայն ընտրանի՝ Horizon 55 ճամպրուկ, Keepall ճամպրուկ, Christopher ուսապարկ և անձնագրի պատյան։ Այս բոլոր ապրանքները զարդարված կլինեն Monogram կտորով՝ RM սկզբնատառերով և ակումբի գույներով՝ եզակի կաշվե կախազարդով։

Չնայած այս հավաքածուն հասանելի չի լինի վաճառքի համար, հաճախորդները կարող են գնել որոշ առանձին մոդելներ՝ օրինակ Keepall կամ Horizon, և անհատականացնել դրանք Mon Monogram ծառայության միջոցով՝ ավելացնելով ակումբի գույները կամ սկզբնատառերը։

«Ֆուտբոլիստները դարձել են մշակութային կերպարներ»

Այսօր ֆուտբոլի երկրպագուները հաճախ նույնքան ոգեշնչվում են անհատ խաղացողներից, որքան իրենց սիրելի ակումբից։ Ֆրանսիայում, օրինակ, Ժյուլ Կունդեն դարձել է ոճի խորհրդանիշ, երբ ժամանում է մարզաբազա։

«Louis Vuitton-ը համընդհանուր բրենդ է, ոչ միայն նորաձևության տուն։ Այս մարզիկները պարզապես չեն խաղում, նրանք մշակույթ են ձևավորում և համաշխարհային ճաշակի վրա են ազդում», – եզրափակել է Բեկարին։

Ֆոտոսեսիայի և հագուստի փորձարկումների ընթացքում «Ռեալի» բոլոր խաղացողները մեծ ոգևորությամբ մասնակցեցին, քանի որ ուզում էին լինել Louis Vuitton-ի պատմության մի մասը։

Louis Vuitton-ի տարբերանշանը չեք տեսնի «Սանտիագո Բեռնաբեուում», սակայն այն կուղեկցի «Ռեալին» աշխարհով մեկ։


Ամենակարդացված