• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • ԱԱԱ–ին մասնակցող 32 թիմերից միայն մեկն է ամբողջությամբ վաճառել իր խաղերի տոմսերը

Հոդվածներ

ԱԱԱ–ին մասնակցող 32 թիմերից միայն մեկն է ամբողջությամբ վաճառել իր խաղերի տոմսերը
13.06.2025
767 0

ՖԻՖԱ-ի կազմակերպած Աշխարհի ակումբային առաջնությունը մեկնարկում է շաբաթ օրը Մայամիում, իսկ եզրափակիչը նախատեսված է հուլիսի 13-ին, սակայն շատ հանդիպումների տոմսերի վաճառքն ընթանում է դանդաղ կերպով

Նույնիսկ ՊՍԺ-ին՝ Եվրոպայի նոր չեմպիոնին տեսնելու, կամ Լեո Մեսսիին մոտիկից դիտելու, կամ Անգլիայի Պրեմիեր լիգայի ուժեղ թիմերից «Մանչեսթեր Սիթիի» և «Չելսիի» խաղերին ներկա գտնվելու հեռանկարը չի կարողացել հետաքրքրություն առաջացնել։

Միակ ակումբը, որ կարողացել է ամբողջությամբ վաճառել Աշխարհի ակումբային առաջնության իր առաջին հանդիպման տոմսերը, «Ռեալ Մադրիդն» է։ «Ռեալի» առաջին խաղի բոլոր՝ 65,326 տոմսերը սպառվել են մի քանի շաբաթ առաջ։

Այս պահին F խմբի այդ խաղի տոմսերը հասանելի են միայն վերավաճառքի միջոցով՝ պաշտոնական գործակալ Ticketmaster-ից։ Խաբի Ալոնսոյի՝ «Ռեալում» գլխավոր մարզչի նորամուտը տեսնելու համար ամենաէժան տոմսն արժե ավելի քան $250՝ մարզադաշտի ամենահեռու տեղերում։ «Ռեալ Մադրիդը» դարձել է ՖԻՖԱ-ի գլխավոր գրավչությունը այս 32 թիմանոց նոր ձևաչափով մրցաշարում։

«Hard Rock» մարզադաշտում «Ռեալի» նկատմամբ հետաքրքրությունը կտրուկ հակադրության մեջ է մրցաշարի բացման խաղի հետ։ Չնայած Մեսսիի գործոնին և նոր մրցաշարի մեկնարկին բնորոշ ոգևորությանը, այդ հանդիպման ժամանակ մարզադաշտի մեծ մասը, ըստ կանխատեսումների, կմնա դատարկ։

Նույն շաբաթ The Athletic-ը հայտնել էր ՖԻՖԱ-ի ներքին անհանգստության մասին՝ կապված բացման խաղի տոմսերի վաճառքի դանդաղ ընթացքի հետ։ Թեպետ խաղը տեղի է ունենում հենց այն քաղաքում, որտեղ Մեսսին հանդես է գալիս վերջին տարիներին, տոմսերը լավ չեն վաճառվել մի շարք պատճառներով, այդ թվում՝ սկզբնական բարձր գների (դինամիկ գնային մոդելի պատճառով), և տեղի բնակչության անտարբերության պատճառով։ Շրջանառվում են լուրեր, որ բացման խաղի տոմսերի ընդամենը մեկ երրորդն է վաճառվել՝ չնայած ՖԻՖԱ-ն պնդում է, թե վաճառքի տեմպերն ավելի բարձր են։

«Ռեալ Մադրիդը»՝ ԱՄՆ–ում գլխավոր գրավչություն

Հյուսիսային Կարոլինայի Շառլոթ քաղաքի Bank of America մարզադաշտում կայանալիք «Ռեալի» երկրորդ հանդիպման տոմսերը (հունիսի 22, «Պաչուկայի» դեմ), նույնպես մոտ է ամբողջությամբ վաճառվելուն։ 

Այս պահին իսպանական թիմի այդ խաղին ներկա գտնվելու ամենաէժան տոմսն արժե $115, ինչը գրեթե երեք անգամ ավելի է, քան բացման խաղի տոմսի արժեքը։


Ամենակարդացված