Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն շնորհավորել է ՊՍԺ–ին՝ Չեմպիոնների լիգայում հաղթանակի առթիվ։ Եզրափակիչ խաղում փարիզյան ակումբը 5:0 հաշվով ջախջախել է «Ինտերին»։
«Վերջապես հասավ այդ նշանակալի օրը։ Հաղթանակ՝ ակումբին հատուկ ոճով։ Շնորհավորում եմ ՊՍԺ-ին», – գրել է ֆուտբոլիստը սոցիալական ցանցերում։
Հիշեցնենք, որ Կիլիան Մբապեն ՊՍԺ–ում հանդես է եկել 2017–2024 թվականներին՝ տեղափոխվելով «Մոնակոյից»։ Այդ ընթացքում նա ակումբի կազմում մասնակցել է 308 հանդիպման, խփել է 256 գոլ և կատարել է 108 գոլային փոխանցում։
ՊՍԺ-ի կազմում ֆրանսիացին նվաճել է 15 տիտղոս՝ 6 անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, 2 անգամ՝ Լիգայի գավաթակիր, 4 անգամ՝ Ֆրանսիայի գավաթակիր և 3 անգամ՝ ազգային սուպերգավաթակիր։
2020 թվականին Մբապեն փարիզյան ակումբի հետ հասել էր նաև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, սակայն այդ ժամանակ թիմը 0:1 հաշվով պարտվել էր «Բավարիային»։