Իսպանիայի առաջնության 8–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տանը կմրցի «Վիլյառեալի» հետ (04.10.2025, 23:00):
«Արքայական ակումբի» գլխավոր մարզչի նախախաղային մամուլի ասուլիսը․
«Վաղը մեզ կրկին կմրցենք մի թիմի դեմ, որը հիմա թոփ մարզավիճակում է։ Այդ պատճառով «Վիլյառեալի» հետ առաջիկա խաղում մենք պետք է գերազանց դրսևորվենք թե՛ անհատապես, թե՛ հավաքական տեսանկյունից»։
«Յուրաքանչյուր ֆուտբոլիստ ունի իր նախընտրած ամենահարմար դիրքը, բայց ոչ ոք, այդ թվում՝ Վալվերդեն, ինձ ոչ մի պահանջ չի ներկայացրել և ոչ էլ հրաժարվել է խաղալ որևէ դիրքում։ Նրանք բոլորը մեծ պրոֆեսիոնալներ են, պատրաստ խաղալու ամենուր։
Վալվերդեի և Վինիսիուսի արձագանքը փոխարինումների՞ն։ Մենք շատ ժամանակ ենք անցկացնում միասին, և արդեն ձևավորվել են հիանալի հարաբերություններ նրանց հետ։ Ես միշտ զգացել եմ նրանց վստահությունը, մեծ հարգանքն ու սերը իմ հանդեպ։ Եվ այդ ամենը կարևոր է ինձ համար»։
«Ինչպես է մեր հոգեվիճակը մադրիդյան դերբիում խոշոր հաշվով պարտությունից հետո՞։ Մեզ պետք չէ չափազանց ոգևորվել հաղթանակից հետո կամ չափազանց ընկճվել պարտությունից հետո։ Որքան ավելի կայուն լինենք էմոցիոնալ առումով, այնքան ավելի լավ կհաղթահարենք բոլոր դժվարությունները։
Նման պարտություններ եղել են, կան և լինելու են յուրաքանչյուր ակումբի հետ։ Մենք չենք մոռացել «Ատլետիկոյի» դեմ խաղը, բայց չենք էլ կենտրոնանում դրա վրա։ Ես առաջին անգամ չեմ բախվում նման ճնշման, և վերջին անգամ էլ չէ։ Ես արդեն նման իրավիճակներում եղել եմ։
Ի՞նչ արձագանք կուզենայի տեսնել մեր երկրպագուներից։ Ես ոչինչ չեմ պահանջում։ Մենք ձգտելու ենք հաղթանակների, որպեսզի բարելավենք ստեղծված իրավիճակը»։
«Դարպասապահների ռոտացիա՞։ Լունինը հիանալի դարպասապահ է։ Նա միշտ պետք է պատրաստ լինի դուրս գալու խաղադաշտ, և ես գիտեմ, որ նա պատրաստ է։ Շուտով սկսվելու է Իսպանիայի գավաթը։ Ամեն դեպքում, մենք երկու հիանալի դարպասապահ ունենք»։
«Առաջիկա միջազգային ընդմիջո՞ւմը։ Մենք բաց ենք համագործակցության համար հավաքականների մարզիչների հետ։ Եթե մեր որևէ ֆուտբոլիստ հավաքական գնա իրեն անհարմար զգալով, մենք հետևելու ենք նրա վիճակին»։
«Բելինգեմի ընթացիկ մարզավիճա՞կը։ Նա ընդամենը վերջերս է վերականգնվել լուրջ վնասվածքից հետո, և դա նորմալ գործընթաց է։ Նա մեզ համար առանցքային ֆուտբոլիստ է։
Ուրախ եմ արդյոք, որ Ջուդը չի ներառվել Անգլիայի հավաքականի հայտացուցակու՞մ։ Նա իրեն ավելի լավ է զգում վիրահատությունից հետո և պատրաստ է ներդրում ունենալու թիմի հաջողությունների մեջ։ Նրա վերադարձը լավագույն մարզավիճակին ժամանակի հարց է։
Բելինգեմի դիրքը դաշտո՞ւմ։ Կարևոր է, որ նա գործի գնդակով։ Արդան կարող է խաղալ և՛ «տասնյակի» դիրքում, և՛ ավելի խորքում։ Երկուսն էլ գտնելու են իրենց իդեալական դիրքը դաշտում։ Ես արդեն տեսել եմ, թե ինչպես են նրանք միասին հիանալի խաղում»։
«Էնդրիկը երկար է վերականգնվել վնասվածքից հետո։ Նա դեռ շանսեր կստանա իրեն դրսևորելու համար, նրա ժամանակը դեռ գալու է։ Էնդրիկն ունի հիանալի գոլային զգացողություն, հարված և փոխանցումներ»։