Դանի Կարվախալը հյուրընկալվել է ուսանողների հետ մասնակցությամբ մի միջոցառման, որը վարել է Էմիլիո Բուտրագենիոն։
Դա հնարավորություն է տվել «Արքայական ակումբի» աջ պաշտպանին խոսել է ծանր վնասվածքից հետո ապաքինման և ապագայի ծրագրերի մասին։
«Վիրահատությունից անցել է 5 ու կես ամիս, արդեն հագել եմ խաղակոշիկներս և մարզվում եմ՝ հնարավորինս արագ, բայց լիարժեք պատրաստված վերադառնալու համար։
Վնասվածքը
«Վնասվածք ստանալու պահից, երբ մտա հանդերձարան, գլխումս մի բան փոխվեց։ Ես էի ոգևորում իմ խաղընկերներին, նույնիսկ՝ կնոջս։ Դա ևս մեկ մարտահրավեր էր այս ճանապարհին։ Ինչպես պատրաստվում ես տիտղոսներ նվաճելուն, այնպես էլ այս փորձությունը պետք է հաղթահարեի։ Այս ամիսները դժվար էին, բայց ես ինձ շատ սիրված զգացի «Ռեալ Մադրիդի» ամբողջ ընտանիքի կողմից։ Բացի այդ, ֆուտբոլային աշխարհի հարգանքը և սերը մեծ դեր ունեցան՝ երբեմն ծանր պահերը հաղթահարելու համար»։
Մադրիդիստ զգացումը
«10 տարեկանում եկա այստեղ, բայց գրեթե ծնվելու պահից մադրիդիստ եմ։ Կարծում եմ՝ դեռ չեմ գիտակցում ամբողջությամբ։ Երբ տեսնում եմ «Լա Ֆաբրիկայի» խաղադաշտերի պատկերները, հստակ հիշում եմ, թե ինչպես էի խաղում այնտեղ՝ երազելով մի օր մարզվել հիմնական թիմի ֆուտբոլիստների հետ։ Աստծո կամքով, իմ քրտնաջան աշխատանքի և հաստատակամության շնորհիվ այսօր կարող եմ ասել, որ ապրել և ապրում եմ ակումբի ամենաշքեղ դարաշրջաններից մեկը, քանի որ սա դեռ չի ավարտվել։ Ակումբի լեգենդ դառնալը երազանք է։ Պատկերացնել, որ կարող եմ դառնալ ակումբի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը, անհավատալի է։ Ամեն երեկո, երբ այդ մասին մտածում եմ, երջանիկ եմ քնում»։
Չեմպիոնների լիգան և «Ռեալ Մադրիդը»
«Իմ կյանքի ամենահիշարժան գիշերը «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպումն էր, նման բան երբեք չէի զգացել։ Այդ զգացողությունն աննկարագրելի էր. խփեցինք հաշիվը հավասարեցնող գոլը 6 րոպե ավելացված ժամանակում, և այդ պահին ամբողջ մթնոլորտը փոխվեց։ Մենք իրար էինք նայում ու մեզ նմանեցնում Կոլիզեումի գլադիատորներին»։
«Ամեն անգամ, երբ խաղում ես եզրափակիչում, պատկերացնում ես, որ գոլ ես խփելու։ Իմ դեպքում՝ վեցերորդ եզրափակիչում դա վերջապես տեղի ունեցավ։ Այդ պահի զգացողությունն աներևակայելի էր, աննկարագրելի հպարտություն։ Մարդիկ ինձ կհիշեն այն գոլի համար, որը խփեցի «Ուեմբլիում», քանի որ դա տարվա եզրափակիչ ակնթարթն էր։ Պատմության մեջ մտնելը՝ որպես 6 Չեմպիոնների լիգա նվաճած 5 ֆուտբոլիստներից մեկը, անհավանական է։ «Ռեալ Մադրիդը» շարունակում է հաղթել, եղել է, կա և կլինի՝ ամեն ինչից վեր։ Դրա համար պետք է միանալ այս նավին, սովորել ակումբի արժեքները և զգալ նրա էությունը»։
Մոտիվացիա և փիլիսոփայություն
«Մինչև վերջ, առաջ, «Ռեալ»։ Այս արտահայտությունը բնորոշում է ակումբի և մարզաշապիկի ամենակարևոր հատկանիշներից մեկը։ Երբեք չենք հանձնվում, գիտենք, որ մինչև մրցավարտ «Ռեալ Մադրիդը» կենդանի է, և դա ապացուցել ենք ոչ մեկ, ոչ երկու, այլ բազմիցս։ Այդ պատճառով մրցակիցները, երբ խաղի վերջնամասին մոտենում են, նույնիսկ վախ են զգում՝ գիտակցելով, թե ինչ է արել «Ռեալ Մադրիդը» վերջին րոպեներին իր պատմության ընթացքում։ Այդ իսկ պատճառով, նույնիսկ եթե խաղը վատ է ընթանում, այն կարող է շրջվել մեր օգտին»։
Ավագի դերը
«Առաջին անգամ կրած ավագի թևկապը դեռ պահում եմ տանը, դա ամեն ինչ ասում է։ Վերջում դու հասնում ես նպատակներիդ, որոնք սկզբում թվում են անհասանելի։ Տարիներն անցնում են, բայց ես մնում եմ նույնքան կամ նույնիսկ ավելի կարևոր ակումբի համար։ «Ռեալ Մադրիդի» ավագի թևկապը կրելը շատ բան է նշանակում։ Ես փորձում եմ առաջին հերթին կրթություն, խիստ կարգապահություն և ակումբի արժեքները փոխանցել երիտասարդներին։ Չհանձնվել մինչև վերջ, արժանապատվորեն հաղթել և պարտվել»։
Այլ ելույթներ
«Ռեալ Մադրիդի» առաջին թիմի գլխավոր ոտնաբույժ և «Podoactiva»-ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ալֆարոն հանդես եկավ «Ամեն ինչ սկսվում է մեկ քայլից» թեմայով ելույթով։ «Ռեալ Մադրիդ Ստադիոն» ընկերության գործադիր տնօրեն Ալեքս Ուիքսը ներկայացրել է «Ապագայի մարզադաշտ» թեման։ Իսկ «Ռեալ Մադրիդ» հիմնադրամի նախագծերի տնօրեն Սիլվիա Մոնտես-Խովելարը ուսանողների հետ քննարկել է «Ռեալ Մադրիդ» հիմնադրամը՝ որպես բարեգործության ոգին»։