Հոդվածներ

Ջուդ Բելինգեմի շնորհանդեսը «Ռեալում»
16.06.2023
2271 0

«Ռեալ Մադրիդ Սիթիում» հունիսի 15-ին տեղի է ունեցել «Արքայական ակումբի» նորեկ, անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի շնորհանդեսը, որը մեկնարկել է երիտասարդ ֆուտբոլիստի լավագույն դրվագներով տեսանյութի ցուցադրմամբ: 

Մինչև շնորհանդեսի արարողության մեկնարկը Ջուդ Բելինգեմը նիստերի դահլիճում՝ ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի ուղեկցությամբ, ստորագրել է երկարաժամկետ պայմանագիրը: 

Բելինգեմը Մադրիդի «Ռեալում» ելույթ կունենա «5» համարի մարզազգեստով: Այդ խաղահամարով ժամանակին ելույթ են ունեցել այնպիսի խաղացողներ, ինչպիսիք են Ֆերնանդո Հիերոն, Մանոլո Սանչիսը, Ֆերնանդո Ռեդոնդոն, Ֆաբիո Կանավարոն, Ռաֆայել Վարանը և, իհարկե, ամենահիշարժանը՝ Զինեդին Զիդանը:

ՋՈՒԴ ԲԵԼԻՆԳԵՄ, Մադրիդի «Ռեալի» նորեկ

««Ռեալը» պատմության մեծագույն ակումբն է, ու շատ ֆուտբոլիստներ չեն, որ նման հոյակապ ու պատմական ակումբում խաղալու հնարավորություն են ստանում: Ես շատ շնորհակալ եմ նրանց, ովքեր ինձ այստեղ են բերել: Այսպիսի որոշումներ կայացնելիս ես փողի մասին չեմ մտածում: Դա ինձ համար կարևոր չէ: Սա այն սպորտաձևն է, որ ես սիրում եմ, ու հիմա ես սիրում եմ այն, ինչ զգում եմ այստեղ: Ինձ համար «Ռեալը» մեծագույն ակումբն է, ու ես ցանկանում էի, որ ամեն ինչ արագ տեղի ունենար: Սա չի նշանակում, թե մյուս թիմերը վատն են, ուղղակի «Ռեալը» մեծագույնն է: 

Կցանկանայի շնորհակալություն հայտնել Վալյեխոյին «5» համարն ինձ տալու համար: Խոսել եմ նրա հետ, նա հիանալի տղա է: Իսկապես հիանում եմ Զիդանով ու այն ժառանգությամբ, որ նա թողել է այս ակումբում՝ «5» համարը հագին: Ոգեշնչող թիվ է: Երկար ժամանակ եմ խաղացել «22» համարով ու հոգուս խորքում կշարունակեմ լինել այդ խաղահամարով: Բայց ես ուրախ եմ «5» համարը ստանալու համար:

Խոսել եմ Կառլո Անչելոտիի հետ: Նա անհավանական մարզիչ է: Նրա նվաճած գավաթներն արդեն վկայություն են: Անհամբերությամբ եմ սպասում նրան հանդիպելուն և ուրախ եմ, որ նա ցանկանում է ինձ տեսնել իր թիմում»:

ՖԼՈՐԵՆՏԻՆՈ ՊԵՐԵՍ, Մադրիդի «Ռեալի» նախագահ

«Այն օրերից է, երբ մենք պետք է հպարտություն զգանք, քանի որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը միացել է «Ռեալին»: Եվ նա այստեղ է՝ մեզ հետ, քանի որ ընտրել է այստեղ լինելը: Նա կարող էր այլ ընտրություն կատարել, գնալ այլ մեծ ակումբներ, որոնք հետաքրքրված էին նրա ծառայություններով: Բայց նա որոշեց, որ պատմությունն իրեն պետք է տանի համաշխարհային ֆուտբոլի ամենահեղինակավոր ակումբ: Դու դեռ 19 տարեկան ես, բայց դարձել ես այն խաղացողներից, որոնց բոլոր երկրպագուները ցանկանում են տեսնել ֆուտբոլի խաղադաշտում: 

Սա այն պահն է, որի մասին այսքան երկար երազել ես: Ես գիտեմ՝ որքան ես աշխատել՝ Չեմպիոնների լիգայի 14 գավաթ նվաճած ակումբի մաս կազմելու համար: Դու ապրելու ես զգացողություններ, որոնք հասանելի են միայն ընտրյալներին, և մենք այստեղ կփորձենք ուրախացնել քեզ, որպեսզի հասնես այն ամենին, ինչ դեռևս պետք է նվաճես: Դու պատրաստ ես այս մարտահրավերներին: Բայց երբեք մի՛ մոռացիր՝ այս կրծքանշանով ու մարզաշապիկով երբեք ոչինչ քեզ համար անհնարին չի լինի: Շնորհակալություն մադրիդիստ դառնալու ու քո սեփական պատմությունը շարունակելու հավակնություն ունենալու համար այնպիսի ակումբում, որն ամենասիրվածն ու ամենահիացնողն է, բայցև ամենախստապահանջն աշխարհում: 

Այս պահից սկսած՝ այն արժեքները, որոնք մեզ նույնականացնում են և օգնում հասնել շատերի համար անհնարին թվացողին, հավերժ կմնան քեզ հետ: Վստահ եմ՝ դու կսիրահարվես Մադրիդի «Ռեալին» այնպես, ինչպես միլիոնավոր երեխաներ, երբ տեսան՝ ինչպես է թիմը Չեմպիոնների լիգայի 5 գավաթ նվաճում վերջին 10 տարիներին: Այդ անմոռանալի խաղերում, այդ տպավորիչ քամբեքներում, այդ փառահեղ եզրափակիչներում կգտնվեն մեր բոլոր արժեքները: Քրտնաջան աշխատանք, ինքնակատարելագործում, ընկերականություն, հարգանք, խոնարհություն, համերաշխություն և կյանքի նկատմամբ այն վերաբերմունքը, որ բնութագրում է բոլորիս՝ «Ռեալում» մենք երբե՛ք չենք հանձնվում»:

Fenomeno, Realmadrid.am


Ամենակարդացված