Հոդվածներ

«Ռեալի» «ազատ անկումը»՝ ութ ամիսների սխալ որոշումների հետևանքով
17.01.2026
318 0

«Արքայական ակումբը» վերջին ժամանակներս արդյունքների վատթարագույն ճգնաժամն է ապրում

Հեղինակ՝ Խուան Իգնասիո Գարսիա–Օչոա, Marca.com

«Ռեալ Մադրիդը» գտնվում է վերջին տասնամյակի ամենաբարդ իրավիճակներից մեկում։ Ընդամենը ութ ամսվա ընթացքում ակումբը հայտնվել է մի վտանգավոր հորձանուտում, որն արտացոլվում է թե՛ խաղադաշտում, թե՛ ղեկավարության սենյակներում։ Սա խորը ճգնաժամ է, որն ի վերջո կործանեց Խաբի Ալոնսոյի նախագիծը. մի նախագիծ, որը ծնվել էր մեծ սպասումներով, բայց այսօր հայտնվել է Արբելոայի ձեռքում՝ լիովին ապակողմնորոշված։

Կառավարման բացակայության զգացումը, խաղացողների նկատմամբ հեղինակության կորուստը և սխալ իրականացված որոշումների շղթան առաջացրել են «դոմինոյի էֆեկտ», ինչն էլ հարվածել է մարզական արդյունքներին։ Այն, ինչ պետք է լիներ կանոնակարգված անցում Անչելոտիի հեռանալուց հետո, վերածվեց քաոսային գործընթացի։

1. Կառլո Անչելոտիի սյուրռեալիստական հեռացումը

Առաջին մեծ սխալը Անչելոտիի հեռացման ձևն էր։ Բրազիլիայի հավաքականի հետ նրա պայմանագրի մասին հայտնի դարձավ նույնիսկ նախքան ակումբի կողմից պաշտոնական հրաժեշտը։ Անչելոտին հեռացավ մասամբ այն պատճառով, որ կորցրել էր հանդերձարանի վերահսկողությունը. նրա խոսքն այլևս ազդեցություն չուներ թիմի վրա։

2. Լուկա Մոդրիչի հեռանալը

Մեկ այլ սխալ էր Մոդրիչի պայմանագիրը չերկարաձգելը։ Խորվաթը ցանկանում էր մնալ ևս մեկ տարի և դեռ բարձր մակարդակ էր ցուցադրում։ Սակայն ակումբը նրան ցույց տվեց դուռը՝ պատճառաբանելով երիտասարդներին տեղ տալը։ Այսօր մադրիդիստները կարոտում են նրա առաջնորդությունն ու տաղանդը, մինչդեռ Մոդրիչը «Միլանում» ապացուցում է, որ դեռ աշխարհի լավագույններից մեկն է։

3. Հենակետային կիսապաշտպան չգնելը

Կրոսի և Մոդրիչի հեռանալուց հետո Խաբի Ալոնսոն խնդրել էր նոր հենակետային։ Նրա թիրախը Մարտին Սուբիմենդին էր, բայց ակումբը որոշեց, որ եղած կազմը բավարար է։ Արդյունքում՝ «Մադրիդի» կենտրոնը մնաց առանց վերահսկողության և հիերարխիայի։

4. Աշխարհի ակումբային առաջնությունը և առաջին բախումը

Ակումբը ստիպեց Ալոնսոյին մասնակցել Աշխարհի ակումբային առաջնությանը՝ հակառակ նրա կամքին։ Սա լավ սկիզբ չէր նոր նախագծի համար, և հարաբերությունները ղեկավարության հետ հենց այդտեղից սկսեցին լարվել։

5. «Վինիսիուսի գործը»․ ամենածանր սխալը

Թերևս ամենամեծ սխալը Վինիսիուսի հետ կապված իրավիճակն էր։ Նախորդ մրցաշրջանում նրան թույլ տվեցին չգնալ «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը, ինչը ցույց տվեց նրա չափից մեծ իշխանությունը։ Այս մրցաշրջանում Վինիսիուսի և Ալոնսոյի միջև պատերազմը կործանեց մարզչին։ «Կլասիկոյի» ժամանակ բրազիլացին անհարգալից վերաբերմունք դրսևորեց Ալոնսոյի հանդեպ, իսկ ակումբը չպաշտպանեց մարզչին՝ բռնելով ֆուտբոլիստի կողմը։

6. Մարզչի աջակցության բացակայությունը

Ալոնսոն երբեք իրեն պաշտպանված չզգաց։ Խաղացողների մեծ մասը պարզապես արհամարհում էին նրա տակտիկական հրահանգները։ Երբ եկավ պահը ընտրություն կատարելու, Ֆլորենտինո Պերեսը կրկին կանգնեց ֆուտբոլիստների կողքին։ Արդյունքում՝ անցած երկուշաբթի հայտարարվեց Ալոնսոյի հեռացման մասին։

7. Չափից շատ արտաքին աղմուկ

Վերջին սխալը ակումբի շուրջ ստեղծված աղմուկն է՝ պատերազմ ՈՒԵՖԱ-ի հետ, մշտական կոնֆլիկտներ մրցավարների հետ և արտասպորտային այլ խնդիրներ։ Այս ամենը շեղում է ուշադրությունը բուն ֆուտբոլից։


Ամենակարդացված