Թիմն արդեն յոթ պարտություն ունի այս մրցաշրջանում
2023/24 մրցաշրջանի «Ռեալ Մադրիդը»՝ Կառլո Անչելոտիի գլխավորությամբ, որը դարձավ Լա Լիգայի և Չեմպիոնների Լիգայի հաղթող, տարին ավարտեց ընդամենը երկու պարտությամբ։ Երկուսն էլ «Ատլետիկո Մադրիդից»՝ մեկը Լիգայում, մյուսը՝ արքայական գավաթում։
Այդ տպավորիչ հաշվեկշիռը 55 խաղում ինչ-որ աննորմալ, արտառոց երևույթ էր։ Ինչպես արտառոց է հիմա այն, որ «սերուցքայինները» կուտակում են պարտություններ, որոնցից որոշները պատմական խորը հետք են թողնում, ինչպես «Ալբասետեի» դեմ խաղը։ Բայց ամենազարմանալին այն է, որ «Ռեալը» հաջորդաբար երկու մրցաշրջան է անցկացնում, որտեղ պարտությունները սկսել են հսկայական կշիռ ունենալ նրա ճանապարհին։
Նախորդ մրցաշրջանում, երբ Անչելոտին հենց սկզբից զգուշացնում էր այն խնդիրների մասին, որոնք տեսնում էր Կրոսից որբացած թիմում, «Ռեալը» հասավ 15 պարտության՝ 14-ը Կառլետոյի հետ և մեկը՝ Խաբիի։ Դա բարձր ցուցանիշ էր և գերազանցելում էր 2022/23 մրցաշրջանի 12 պարտությունները (ճգնաժամային տարի, որը, այնուամենայնիվ, բերեց Եվրոպայի սուպերգավաթը, արքայական գավաթը և աշխարհի ակումբային առաջնությունը)։
Նախորդ մրցաշրջանի ընթացքը շարունակվում է նաև այս տարի։ Յոթ պարտությունները և արդեն իսկ երկու կորսված տիտղոսները Արբելոայի ներկայիս թիմին դնում են նուրբ իրավիճակի մեջ։
Մի ակումբում, որտեղ «պարտություն» բառը և «տանուլ տալ» բառակապակցությունը երկրաշարժեր են առաջացնում, մրցաշրջանի այս փուլում յոթ պարտությունը տագնապալի տեսարան է ստեղծում։ «Ռեալի» հաղթած վերջին հինգ առաջնություններից երեքում (2012, 2017 և 2024 թթ.) նրանք չէին հասել այն պարտությունների քանակին, որն ունեն հիմա. համապատասխանաբար՝ հինգ, հինգ և երկու պարտություն։ Մյուս երկու դեպքերում (2017 և 2022 թթ.) դրանք 7–ն էին (ինչպես հիմա) և 9։
Թրեբլի անեծքը
«Այս ակումբում ոչ-ոքին ճգնաժամի նախասրահն է»։ Սա Կառլո Անչելոտիի խոսքերն են՝ այն մարզչի, ով պատմության մեջ ամենաշատ տիտղոսներն է տվել «Ռեալին»։ «Լևանտեի» դեմ խաղին «սերուցքայինները» մոտենում են երկու անընդմեջ պարտությամբ, երկու կորսված տիտղոսով և մի «Բեռնաբեուով», որը ցանկանում է իր ձայնը լսելի դարձնել։
«Ալբասետեում» կրած պարտությունը երկարացնում է այն անեծքը, որը «Ռեալը» չի կարողանում ջնջել իր պատմությունից՝ նույն մրցաշրջանում հաղթել առաջնությունը, գավաթը և Չեմպիոնների Լիգան (թրեբլ)։
Իսպանիայում ամենաշատ լիգայի տիտղոսներ (36) և ամենաշատ եվրոպական գավաթներ (15) ունեցող թիմի առջև փակ է մնում այն էլիտար ակումբի դուռը, որի անդամների թիվը նախորդ տարի համալրեց ՊՍԺ-ն:
Հայերեն