Հոդվածներ

Խաբի Ալոնսո. «Ես դժգոհ եմ մեր խաղամակարդակից»
21.12.2025
230 0

Իսպանիայի առաջնության 17–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 2։0 հաշվով հաղթանակ տոնեց «Սևիլիայի» նկատմամբ։

«Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի հետխաղյա մամուլի ասուլիսը․

«Այսօր հաղթանակը մեզ անհրաժեշտ էր, մենք պետք է հաղթեինք ամեն գնով, և մեզ հաջողվեց դա անել։ Իհարկե, մենք գիտակցում ենք, որ պետք է ավելի լավ խաղանք։ Մենք շատ բան ունենք բարելավելու։ Ես դժգոհ եմ խաղի ներկայիս մակարդակից։

Այժմ մենք խորհրդածելու ժամանակ ունենք։ Կարող ենք զբաղվել ինքնաքննադատությամբ։ Մենք կօգտագործենք գալիք փոքր դադարը, որպեսզի վերլուծենք, թե վերջին շրջանում ինչն է սխալ գնում և ինչպես դա շտկել։

Մենք կփորձենք լավ սկսել հաջորդ տարին, և գործերի ներկայիս վիճակը թույլ է տալիս մեզ դա անել՝ պայքարելով բոլոր տիտղոսների համար։ Ի՞նչ բառով կբնութագրեի մեր ելույթների մակարդակը։ Դուք լրագրող եք, ուստի ինքներդ հորինեք վերնագրերը»։

«Մեր պրեսի՞նգը։ Որակյալ պրեսինգի համար կարևոր են բոլոր խաղացողների ջանքերը։ Երբ մենք բոլորս միասին ենք պրեսինգի դիմում, մենք լավն ենք»։

«Ինչ եմ մտածում «Ռեալ Մադրիդը» շարունակում է հաղթել, իսկ Ալոնսոն՝ պարտվել» վերնագրի մասի՞ն։ Ես այստեղ չեմ լրատվամիջոցների վերնագրերը գնահատելու համար։ Արդյո՞ք ինձ նույնքան ուժեղ և մոտիվացված եմ զգում, որքան հունիսին (ակումբ վերադառնալուց հետո)։ Այո, ես արդեն ասել եմ ձեզ այդ մասին նախախաղյա մամուլի ասուլիսի ժամանակ։

Իմ տրամադրությունը բոլորովին չի փոխվում, ես հետևում և վերլուծում եմ մեր խաղը, ինչպես նաև հնչեցնում եմ կառուցողական քննադատություն, բայց միևնույն ժամանակ իրավիճակը դիտարկում եմ այն համատեքստում, թե ինչ վիճակում էինք սկսել նախագիծը և ինչ վիճակում կլինենք հունվարին»։

«Ինչո՞ւ է վերջին շրջանում թիմը վատ խաղ ցուցադրում։ Ասում եմ՝ բազմաթիվ գործոններ են կարևոր։ Քանի՞ ֆուտբոլիստ բաց թողեց «Սևիլյայի» հետ հանդիպումը վնասվածքների կամ որակազրկումների պատճառով։ 9՞, 10՞: Ամեն ինչ պետք է դիտարկել համատեքստում»։

«Ինչո՞ւ «Բեռնաբեուի» մադրիդյան երկրպագուները սուլեցին Վինիսիուսին։ Երկրպագուներն իրավունք ունեն արտահայտելու իրենց կարծիքը։ Ինչպես արձագանքեց Վինիսիուսն իր հասցեին հնչած սուլոցների՞ն․ ես նրա հետ չեմ խոսել այդ մասին»։

«Ցանկանում եմ շնորհավորել Մբապեին այն կապակցությամբ, որ նա կրկնեց Ռոնալդուի ռեկորդը «Ռեալ Մադրիդի» կազմում մեկ օրացուցային տարվա ընթացքում խփած գոլերի քանակով»։

«Ինչ կմաղթեի Ամանորի՞ն։ Շարք վերադարձնել մեր բոլոր վնասվածք ստացած ֆուտբոլիստներին։

Ինչո՞ւ են մեր խաղացողներն այդքան հաճախ վնասվածքներ ստանում։ Այստեղ շատ գործոններ դեր են խաղում։ Օրինակ՝ երբ որոշ ֆուտբոլիստներ վնասվածք են ստանում, մյուսները ստիպված են լինում ավելի շատ խաղային պրակտիկա ստանալ, իսկ հետո նրանք էլ են վնասվածք ստանում, և այդպես շարունակ։ Հենց դա տեղի ունեցավ, օրինակ, Միլիտաոյի հետ։

Բացի այդ, խաղացողները ստիպված են հարմարվել նոր դիրքերի, օրինակ՝ Վալվերդեն, ով հանդես է գալիս աջ պաշտպանի դիրքում Տրենտի և Կարվախալի վնասվածքների պատճառով։ Ամեն դեպքում, մենք ստիպված ենք հաշտվել այս խնդրի հետ։ Նման բան պատահում է նաև եվրոպական այլ թիմերի հետ»։

«Բոլորիդ մաղթում եմ հաճելի հանգստյան օրեր և պահպանեք հանգստությունը»։


Ամենակարդացված