Հոդվածներ

Խաբի Ալոնսո․ «Մենք պետք է ավելի անկանխատեսելի խաղանք»
26.09.2025
655 0

Իսպանիայի առաջնության 7–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի «Ատլետիկոյին»։

«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի նախախաղյա մամուլի ասուլիսը

 «Մեզ սպասում է շատ հետաքրքիր և բարդ խաղ «Ատլետիկոյի» դեմ՝ թե՛ տակտիկական, թե՛ հոգեբանական առումներով, և մենք պատրաստ ենք։ Մադրիդյան դերբիում միշտ հատուկ մթնոլորտ է տիրում։ Որպես ֆուտբոլիստ՝ ես սիրել եմ մասնակցել «Ատլետիկոյի» դեմ խաղերին։

Հուսով եմ՝ մենք կհաղթենք։ Կհավաքե՞նք արդյոք 100 միավոր ընթացիկ Լա Լիգայի մրցաշրջանում։ Շատ դժվար է հաղթել յուրաքանչյուր խաղում։ Մենք չենք կարող չափազանց ինքնավստահ լինել և կարծել, թե պարզապես դուրս գալով դաշտ՝ միշտ հաղթելու ենք։

Պետք է պահպանենք անհրաժեշտ կենտրոնացվածությունը, մոտիվացիան, յուրաքանչյուր խաղում հաղթենք և կայուն լինենք։ Այս բոլոր պայմանների կատարման դեպքում մենք կկարողանանք շատ միավոր հավաքել։

Ինչը պետք է բարելավենք մեր խաղու՞մ։ Կարծում եմ՝ պետք է դառնանք ավելի անկանխատեսելի։ Չենք կարող միշտ նույն ձևով խաղալ, այդ թվում նաև հարձակման մեջ։ Կարող ենք տարբեր կերպ հարձակվել, իսկ պաշտպանական խաղում արդեն իսկ առաջընթաց ենք գրանցել, և չպետք է կորցնենք այդ զարգացումը։

Բացի այդ, մենք զգալիորեն բարձրացրել ենք խաղի տեմպը ինչպես մարզումներում, այնպես էլ հանդիպումներում»։

 «Վերջին 3 մադրիդյան դերբին Լա Լիգայի շրջանակում ավարտվել են 1։1 հաշվո՞վ։ Ես դրանք չեմ դիտել։ «Ատլետիկոյի» կազմը շատ է փոխվել, ակումբը ձեռք է բերել շատ լավ ֆուտբոլիստներ»։

«Կղեկավարե՞մ արդյոք «Ռեալը» 14 տարի, ինչպես Սիմեոնեն՝ «Ատլետիկոն»։ Ես շարժվում եմ առաջ աստիճանաբար, օրեցօր, նման երկարաժամկետ նպատակներ չեմ դնում։ Բայց, իհարկե, դա ինձ համար անսահման հաճելի կլիներ»։

 «Բելինգեմը և Կամավինգան կարող են վաղը հայտնվել մեկնարկային կազմում։ Բոլորը պատրաստ են խաղալ, մենք որոշում կընդունենք հիմնական կազմի վերաբերյալ վաղը։

Ջուդը հարձակողական ոճի կիսապաշտպան է, բայց նա կարող է մասնակցել թե՛ հարձակման զարգացմանը, թե՛ դրա ավարտին։ Նրան հնարավոր չէ կիրառել միայն դաշտի մեկ հատվածում»։

 «Մաստանտուոնո՝ շատ տաղանդավոր ֆուտբոլիստ։ Նա ունի հրաշալի բնավորություն, մրցունակություն և իրեն լավագույն կերպով դրսևորելու ցանկություն, և դա մեր թիմի հիմնարար որակներն են։

Շատ ուրախ եմ, որ մեզ հաջողվեց նրան ձեռք բերել, և որ մենք դեռ երկար կվայելենք նրա խաղը։ Ֆրանկոն շատ արագ հարմարվեց «Ռեալում»՝ ընդամենը 18 տարեկանում, և դա տպավորիչ է։ Վաղը մեկնարկային կազմում կհայտնվի՞ նա, չեմ կարող ասել»։

«Ինձ շատ է դուր գալիս երջանիկ Վինիսիուսը։ Նա մեզ համար հիմնարար ֆուտբոլիստ է։ Արդյոք ասե՞լ եմ Վինիսիուսին, որ նա չարձագանքի տրիբունայից հնչող վիրավորական վանկարկումներին։ Մենք չպետք է ուշադրություն դարձնենք դրան, մեր ուշադրությունը պետք է սևեռված լինի դաշտում կատարվողին»։

«Շնորհավորում եմ Բուսկետսին՝ կարիերան ավարտելու կապակցությամբ։ Նա շատ թիմային և խելացի ֆուտբոլիստ էր, ով գերազանց հասկանում էր ֆուտբոլը։ Նա ամենաարագ ֆուտբոլիստը չէր, բայց նրա միտքն ամենաարագն էր»։


Ամենակարդացված