«Ռեալի» նախկին ավագի վերջին հարցազրույցը ակումբի մամուլի ծառայությանը
«Դժվար է բառեր գտնել, հիմա հակասական զգացումներ եմ ապրում, քանի որ հիշարժան, փառահեղ ու հաղթական դարաշրջանը ավարտվեց։ «Ռեալում» անցկացրած տարիներն ինձ մեծ ուրախություն են պատճառում։ Այն ամենը, ինչին ես հասել եմ այս ակումբում, երջանկացնում է ինձ, նույնիսկ եթե դա արդեն անցյալում է։
«Ռեալում» ես մեծացա՝ և՛ որպես ֆուտբոլիստ, և՛ որպես մարդ։ «Ռեալ Մադրիդը» ինձ ամեն ինչ տվեց որպես ֆուտբոլիստ, և դրա համար ես ամբողջ կյանքում շնորհակալ կլինեմ ակումբին։ Դա երկար և անմոռանալի ճանապարհ էր։ Ես միշտ երկրպագելու եմ «Ռեալ Մադրիդին»։ Մադրիդը, իսկ ընդհանուր առմամբ նաև Իսպանիան, դարձան իմ երկրորդ տունը։
Ես շատ երջանիկ եմ և համոզված եմ, որ ժամանակի ընթացքում ես ավելի լավ կհասկանամ՝ ինչի եմ հասել։ Իմ ռեկորդնե՞րը։ Այդ գիտակցումը երջանկացնում և հպարտացնում է ինձ, քանի որ ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը լինելն աշխարհի լավագույն ակումբում՝ հիասքանչ ձեռքբերում է։
Բայց խոսքը միայն այդ մասին չէ, կան նաև այլ բաներ, օրինակ՝ երկրպագուների սերը։ Ես միշտ կհիշեմ այդ սերը, դա ինձնից ոչ ոք չի կարող խլել։ Ես երբեք չէի կարող պատկերացնել նման բան։ Մարդկանց չես խաբի, նրանք քեզ չեն սիրի միայն այն պատճառով, որ դու «Ռեալի» ֆուտբոլիստ ես։
Ես երբեք չեմ մտածել, թե ինչպես եմ մնալու երկրպագուների հիշողության մեջ, բայց նախևառաջ կցանկանայի, որ ինձ հիշեին որպես լավ մարդ և որպես այն ֆուտբոլիստը, ով միշտ ամեն ինչ տվել է «Ռեալ Մադրիդի» համար և ով հարգանքով է վերաբերվել բոլորին՝ թե՛ մրցակիցներին, թե՛ թիմակիցներին, թե՛ երկրպագուներին»։
«Պերեսը շատ կարևոր մարդ է եղել ինձ համար՝ նախևառաջ այն պատճառով, որ հենց նա ինձ բերեց ակումբ։ Այդ պահից ի վեր նա միշտ առանձնահատուկ վերաբերմունք է ցուցաբերել իմ նկատմամբ, միշտ շատ լավ է վերաբերվել ինձ։
Կարծում եմ՝ նա դա ցույց տվեց նաև իմ հրաժեշտի արարողության ժամանակ «Սանտիագո Բեռնաբեուում», քանի որ ես երբեք չէի տեսել, թե ինչպես է նա լաց լինում։ Երբ տեսա Ֆլորենտինոյի արցունքները, հասկացա՝ նա իսկապես սիրում է ինձ։ Ես հավերժ շնորհակալ կլինեմ նրան՝ ինձ և իմ ընտանիքին արած ամեն ինչի համար»։
«Իմ լավագույն պահը «Ռեալու՞մ»։ Դժվար է ընտրել ընդամենը մեկը այդքան թանկարժեք պահերից, բայց ես միշտ առանձնացնում և ուզում եմ հիշել «Դեսիման», որովհետև հենց այդտեղից սկսվեց մեր տասներկու-տասներեք տարվա գերիշխանությունը՝ 10 տարում 6 Չեմպիոնների լիգա։
Ես միշտ հիշում եմ «Դեսիման», որովհետև մենք հաղթեցինք այն շքեղ ձևով՝ իդեալական արտահայտելով «Ռեալի» արժեքները՝ երբեք չհանձնվել և հավատալ մինչև վերջ։
Չեմ մոռանա նաև այդ հաղթանակի տոնակատարությունը Սիբելեսի հրապարակում, որովհետև դա իսկապես հիասքանչ և անմոռանալի պահ էր «Ռեալի» երկրպագուների համար, քանի որ Չեմպիոնների լիգայի 10-րդ գավաթը առանձնահատուկ բան է՝ այդ թվում նաև ինձ համար։ Ես միշտ ժպիտով եմ հիշում այդ տոնակատարությունը»։