Հոդվածներ

Խաբի Ալոնսոյի խնդիրները «Ռեալում»
10.06.2025
990 0

«Կյանքում միայն մեկ անգամ է ընձեռվում հնարավորություն մարզելու «Ռեալ Մադրիդը», և այսօր այդ առաջին օրն է», – հայտարարեց Խաբի Ալոնսոն՝ Վալդեբեբասում իր առաջին մամուլի ասուլիսին՝ սկսելով մարզչական իր դեռ կարճ, բայց արդեն բարդ ուղու ամենամեծ մարտահրավերը։

Երեք մրցաշրջանում նա անցել է ճանապարհ «Ռեալ Սոսիեդադ Բ»-ից մինչև «Սանտիագո Բեռնաբեու»։ Աշխարհի ակումբային առաջնությունը նրա առաջին փորձությունն է, իսկ Ալոնսոն վերադառնում է 11 տարի անց՝ թիմը վերակենդանացնելու առաքելությամբ, մի թիմ, որն այս մրցաշրջանում բառացիորեն քանդվեց։ Ստորև ներկայացված են այն խնդիրներից մի քանիսը, որոնք Ալոնսոն պետք է լուծի, որպեսզի վերակառուցի «Ռեալ Մադրիդը»։

Սահմանել հստակ խաղային ինքնություն

«Ես պատկերացում ունեմ, թե ինչպես ենք ուզում խաղալ, բայց այդ պատկերը կարող է փոխվել։ Ցանկանում եմ, որ թիմը կապ պահի երկրպագուների հետ։ 

«Բայերի» հետ նրան հաջողվել է կատարելության հասցնել մանրամասն մտածված խաղաոճ, որը հիմնված է գնդակի վերահսկման, արագ անցումների, հարձակման ազատության և ամուր պաշտպանության վրա։ Հիմնական նպատակը հստակ է՝  խաղային ինքնության սահմանում՝ հիմնված փոխանցումներով խաղի, գնդակի տիրապետման և  բարձր պրեսինգի վրա։

Ալոնսոյի առաջնային նպատակը կլինի խաղադաշտի կենտրոնում առավելություն ստեղծելը՝ վերահսկելու խաղը և ստեղծելու գոլային պահեր։

Նա կարող է օգտագործել տարբեր տակտիկական սխեմաներ՝ իր գաղափարները կյանքի կոչելու համար՝ օրինակ 4-3-3 կամ ճկուն 4-2-3-1 կառուցվածքներ՝ հարմարեցված մրցակիցներին։

Ալոնսոյի խաղաոճն է՝ ուղղահայաց փոխանցումներ, արագ ներթափանցումներ տուգանային և բարձր տեմպ, որը խաղացողներից պահանջում է արագ մտածողություն՝ բոլոր կոմբինացիաներն ավտոմատ դարձնելու համար։ 

Վերաիմաստավորել հարձակվողների դերը

Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը պարտադիր դիտման նյութ դարձավ «Ռեալի» ֆուտբոլիստների համար։ «Այսօր նա հիանալի էր պաշտպանությունում։ Բոլորն ապրում էին խաղով։ ԵՍ ԿՏԱՅԻ «ՈՍԿԵ ԳՆԴԱԿԸ» ԴԵՄԲԵԼԵԻՆ՝ նրա պաշտպանության համար։ Ահա թե ինչ է նշանակում թիմը առաջնորդել», – ասաց Լուիս Էնրիկեն՝ հաղթանակից հետո անդրադառնալով Դեմբելեի՝ պրեսինգի փիլիսոփայությունը հասկանալու ունակությանը, որը, ի տարբերություն նրան, Մբապեն այդպես էլ չընկալեց։

Սա մի տեսլական է, որը Անչելոտիին չհաջողվեց փոխանցել իր հարձակվողներին՝ ինչն էլ հանգեցրեց «Արքայական ակումբի» անկմանը դժվարին պահերին։

Ճիշտ է, որ պրեսինգը պետք է կոլեկտիվ լինի, բայց այն առաջինը սկսում են հենց հարձակվողները։ Ժամանակակից ֆուտբոլում անհրաժեշտ է ագրեսիվ, դինամիկ և բարձր ինտենսիվությամբ խաղ, իսկ մշտական պրեսինգը գնդակի կորստից հետո մրցակցին սպառում է ֆիզիկապես՝ ստիպելով նրանց ավելի շատ սխալվել։

Այստեղ է առաջ գալիս հարձակվողների որոշ դերերի վերանայման անհրաժեշտությունը։ «Մենք պետք է առավելագույնը քամենք նրանցից», – ասում են Վալդեբեբասում։

Եթե խաղացողը գործում է առանձին, պրեսինգը կորցնում է իր ուժը։ Հարձակվողներից պահանջվելու է ոչ միայն գոլեր խփել, այլև արդյունավետ համագործակցել թիմի հետ։ Դասական և ճիշտ կազմակերպված պրեսինգը կարող է խաթարել մրցակցի վստահությունը։

Վերականգնել հուսալի պաշտպանությունը

Խաբի Ալոնսոյի թիմերի պաշտպանական հիմնական սկզբունքը պաշտպանությունում և կիսապաշտպանությունում կոմպակտ կառուցվածքի պահպանումն է՝ դիրքի և տարածության կարևորությունը ըմբռնելով։ Անչելոտիի՝ այս մրցաշրջանում կազմի հետ մշտական շախմատային խաղը հանգեցրեց նրան, որ պաշտպանությունը վերածվեց ամենախոցելի հատվածներից մեկին։

Տրենտի և Հյոյսենի միանալը (ինչպես նաև Կարրերասի հնարավոր գալուստը) հույս է ներշնչում, բայց հաջողության բանալին լինելու է լավ կազմակերպված և կոմպակտ պաշտպանական բլոկը։ 62 խաղում բաց թողած 76 գոլը չափազանց լուրջ խնդիր է։

Հիմքը, որի վրա Ալոնսոն պետք է կառուցի հաջողությունը, լինելու է կայուն պաշտպանական համակարգը, որը լուծում կտա նախորդ մրցաշրջանի խնդիրներին։ Յուրաքանչյուր խաղացող պետք է հասկանա իր դերը պաշտպանությունում, իսկ դրա համար կարգապահությունը պարտադիր է։ Պաշտպանությունում տեղ չկա իմպրովիզացիայի կամ մակերեսային մոտեցման համար։

Գնահատել բուժկետի վիճակը

Առաջին օրերին լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածություն չի լինելու։ Ալոնսոյի ողջ ուշադրությունը կենտրոնանալու է խաղային փիլիսոփայության և մեթոդաբանության ներմուծման վրա։ Թեև մարզումներին կմասնակցեն քիչ խաղացողներ, այդ պահը չափազանց կարևոր կլինի թիմի, ակումբի և միջավայրի ավելի լավ ճանաչման համար։

Վալդեբեբասում առաջին մարզումային օրը Ալոնսոն օգտագործեց բուժկետի վիճակը գնահատելու և տարածքին ծանոթանալու համար։ «Ռեալի» 10 ֆուտբոլիստ մեկնել են ազգային հավաքականներ։

Ինչ վերաբերում է վնասվածքներ ունեցողներին, ապա մինչև տասը խաղացող շարունակում են ապաքինվել։ Էնդրիկի, Կամավինգայի և Մենդիի մասնակցությունը Աշխարհի ակումբային առաջնությանը գրեթե բացառվում է։ Ռյուդիգերը կարող է ժամանակին միանալ թիմին, բայց նրա վիճակը դեռ պետք է գնահատվի։ Կուրտուան և Վալվերդեն խնդիրներ չունեն՝ չնայած վերջին պահին դուրս մնացին հավաքականներից։

Ամենամեծ հարցերը կապված են Միլիտաոյի և Կարվախալի հետ, ովքեր դեռ վերականգնման փուլում են։ «Արքայական ակումբում» չեն պատրաստվում շտապեցնել նրանց վերադարձը, քանի որ այս խաղացողներին համարում են առանցքային հաջորդ մրցաշրջանի համար։ Այսպիսով, Խաբին ստիպված կլինի առաջին քայլերն անել այն կազմով, որն առկա է։

«Լա Ֆաբրիկայի» կարևորությունը

«Սերուցքայինների» երկրպագուների հիմնական պահանջներից մեկն այն է, որ սեփական ակադեմիայի՝ Լա Ֆաբրիկայի խաղացողները ավելի մեծ դեր խաղան հիմնական թիմում։ Չնայած այն բանին, որ Անչելոտին օգտագործեց Ֆաբրիկայի սաներին ավելի շատ, քան երբևէ, Ալոնսոյի գալուստով ակնկալվում է նոր էջ այս առումով։

Խաբին արդեն իսկ խնդրել է Վալդեբեբասում ստանալ ամենախոստումնալից սաների վերաբերյալ զեկույցներ՝ հասկանալու համար, թե ով կարող է օգտակար լինել առաջին թիմին։

Գոնսալոն, Վիկտոր Մունյոսը, Չեման, Յուսեֆը, Խակոբո Ռամոնը, Ֆորտեան, Դիեգո Ագուադոն, Ֆրան Գոնսալեսը և Մեստրեն կհանձնվեն կմասնակցեն մարզումներին։

Խաբին նախընտրում է սովորեցնել սեփական օրինակով, իսկ Արբելոայի հետ կապը, ով փոխարինեց Ռաուլին «Կաստիլիայում», միայն օգտակար կլինի։ Դա այն արժեքավոր փորձն է, որից կարող են օգտվել բոլոր սաները՝ հասնելով այն մակարդակին, որ պահանջում է «Ռեալ Մադրիդը»։


Ամենակարդացված