• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Խ. Ալոնսո. «Մարզիչը պետք է հարմարվի ֆուտբոլիստների հմտություններին, բայց միևնույն ժամանակ չմոռանա իր սեփական գաղափարներն ու սկզբունքները»

Հոդվածներ

Խ. Ալոնսո. «Մարզիչը պետք է հարմարվի ֆուտբոլիստների հմտություններին, բայց միևնույն ժամանակ չմոռանա իր սեփական գաղափարներն ու սկզբունքները»
08.05.2025
829 0

Մի քանի տարվա վաղեմություն ունեցող հարցազրույցից հատվածներ, որը տվել է «Ռեալի» հավանական նոր գլխավոր մարզիչը

«Ֆուտբոլը վերջին 15 տարում կտրուկ փոխվել է. այսօր այն բոլորովին այլ սպորտաձև է։ Փոխվել են թիմերի պատրաստվածության մակարդակն ու կառուցվածքը, մարզումային մեթոդները, տակտիկական մոտեցումները, առավելություն ստանալու եղանակները, խաղի ընթացքում իրավիճակներին հարմարվելու մեխանիզմները… Այս ամենը դարձել է շատ ավելի զարգացած, բարդ ու ակադեմիկ, ի տարբերություն նախկինի, երբ ֆուտբոլում գերակշռում էին ինտուիտիվությունը և երբեմն՝ չմտածված որոշումները։ Բայց միևնույն ժամանակ՝ ֆուտբոլը դեռևս հիասքանչ է։

Ինձ դուր է գալիս հասկանալ, թե ինչու ֆուտբոլում այս կամ այն բանը տեղի է ունենում հենց այդպես։ Կարծում եմ՝ այժմ ես այդ ընկալումն արդեն ունեմ։ Իրականում այն ինձ մոտ կար դեռ այն ժամանակ, երբ ես ինքս էի խաղում՝ որպես պրոֆեսիոնալ, քանի որ խաղի ընթացքում վերլուծում էի այդ բաները։

Ինձ համար առաջնահերթությունը որքան հնարավոր է բարձր պրեսինգն է։ Երկար փոխանցումը և ուղղակի գնդակի հեռացումը միևնույնը չեն։ Եթե դու թողնես մրցակցին հանգիստ խաղալ, նա կհասցնի կատարել ճշգրիտ փոխանցում։ Իսկ եթե պրեսինգ կիրառես, նա պարզապես կփորձի արագ ազատվել գնդակից՝ դրանով իսկ քեզ տալով առավելություն։

Օրինակ՝ վինգերները պետք է սեղմեն կենտրոն և մասնակցեն պրեսինգին։ Փոխանակ մնալու եզրերում և պարզապես դիտելու խաղը, նրանք պետք է օգնեն թիմին բարձր պրեսինգի ժամանակ։ Սա չափազանց կարևոր է։ Երբ ես դեռ ֆուտբոլիստ էի, մշտապես վիճում էի մեր վինգերների ու հարձակվողների հետ։ Ասում էի՝ «Եկեք մոտ, որպեսզի պաշտպանվենք միասին։ Դուք մեզ դեռ պետք եք։ Պաշտպանությունն ամբողջ թիմով պետք է անենք»։

Որպես մարզիչ՝ դու պետք է հարմարվես քո ֆուտբոլիստների որակներին, բայց չմոռանաս քո սեփական խաղային հայեցակարգն ու սկզբունքները։ Օրինակ՝ Իսպանիայի հավաքականում մենք չէինք կարող խաղալ հակագրոհային ֆուտբոլ։ Մեզ մոտ խաղում էին Ինիեստան, Դավիդ Սիլվան, Վիլյան… գերազանց ֆուտբոլիստներ, բայց եթե նրանք գտնվեն մրցակցի տուգանայինից 50 մետր հեռու, վտանգավոր չեն։ Դիրքային խաղը, առավելության ստեղծումը, ազատ տարածության փնտրտուքը՝ ահա թե ինչն էր կարևորվում։

Իսկ «Ռեալում» խաղում էին Բեյլը, Ռոնալդուն, Բենզեման, Դի Մարիան… և անգամ գտնվելով 50 մետր հեռավորության վրա՝ նրանք վտանգավոր էին իրենց արագությամբ և ուժոց։

Ես ավելի շատ դիրքային խաղի կողմնակից եմ։ Ինձ անհրաժեշտ է բարձր պրեսինգ ու գնդակի արագ վերադարձ։ Բայց ամենագլխավորը՝ գնդակի վերահսկողությունն է։ Որքան շատ իմ թիմը վերահսկի գնդակը, այնքան ավելի հարմարավետ եմ ես ինձ զգում»։


Ամենակարդացված