Հոդվածներ

Մբապեն նշա՞ն է արել «Ռեալին». որոշիչ ժամեր են
31.07.2023
5532 0

Կիլիան Մբապեի տրանսֆերային սագան կարծես մոտենում է ավարտին. տարբեր լրատվամիջոցներ հայտնում են, որ Մադրիդի «Ռեալը» պատրաստ է 230 միլիոն եվրո վճարել գործարքի համար: ՊՍԺ-ն իր հերթին ցանկանում է այս հարցը լուծել մինչև Լիգա 1-ի նոր մրցաշրջանի մեկնարկը:

AS-ի հաղորդմամբ՝ առաջիկա ժամերը որոշիչ են: Եթե մինչև օրվա ավարտը ոչինչ չփոխվի, ապա Մբապեն 40 միլիոն եվրո հավատարմության պարգևավճար կստանա ֆրանսիական ակումբից:

«Ռեալը» ցանկանում է ավարտին հասցնել գործարքն այս շաբաթվա ընթացքում, իսկ օգոստոսի երկրորդ շաբաթվա ընթացքում՝ պաշտոնապես հաստատել տրանսֆերը: ՊՍԺ-ն նույնպես ցանկանում է, որ գործարքը հնարավորինս արագ տեղի ունենա:

Ինչ վերաբերում է Մբապեին, ապա ֆրանսիացին նախօրեին Ինստագրամում լուսանկար է հրապարակել, որը շահարկումների տեղիք է տվել: Խոսքը մասնավորապես վերաբերում է նրան, որ Մբապեն այդ լուսանկարով ենթադրաբար նշան է տվել «Ռեալին», որ ցանկանում է միանալ իսպանական գրանդին:


Մբապեի հրապարակած 3 խաղաքարտերը հետաքրքիր մեկնաբանություն են ստացել համացանցում: Երկրպագուները կարծում են, որ «Մոնտե Կառլո» գրվածքով Մբապեն հուշել է այն, որ իր հաջորդ մարզիչը լինելու է «Ռեալը» գլխավորող Կառլո Անչելոտին:

«9» խաղաքարտերը խորհրդանշում են այն, որ նա «Արքայական ակումբում» խաղալու է «9» համարի մարզազգեստով: «Սրտի 9» խաղաքարտի տակ «J» քարտն է, որը, ըստ օգտատերերի, խորհրդանշում է Խոսելուին, որը Մբապեի՝ «Ռեալ» գալու պայմաններում լինելու է ֆրանսիացու թիկունքում՝ փոխարինողի կարգավիճակում:

«9» համարի 3 խաղաքարտ՝ 999 հրեշտակ թիվը

Եվ վերջապես օգտատերերի աչքից չի վրիպել «9» համարի 3 խաղաքարտերի համադրությունը՝ 999 հրեշտակ թիվը, որը համարվում է աստվածային խորհրդանիշ՝ ի նշան նրա, որ վերահսկողությունից ազատվելու ու նոր սկիզբ սահմանելու ժամանակն է: 999 թիվը տեսնելը նշան է, որ հարկավոր է ընդունել ներկա հանգամանքներն ու վստահել, որ տիեզերքը կառաջնորդի ճիշտ ուղղությամբ:

Fenomeno, Realmadrid.am


Ամենակարդացված