Հոդվածներ

Իսկոն սկանդալային մանրամասներ է հայտնել Marca-ին
18.07.2023
4080 0

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Իսկոն, որը 2022 թվականի օգոստոսին էր միացել «Սևիլիային», խոսել է անդալուզյան ակումբի մարզական տնօրեն Ռամոն Մոնչիի հետ կոնֆլիկտի մասին, որը տեղի է ունեցել նախորդ տարվա դեկտեմբերին:

«Երբ Լոպետեգին հեռացավ և մոտենում էր ձմեռային տրանսֆերային պատուհանը, ես ակումբում շատ տարօրինակ բաներ տեսա: Սկզբում, նրանք կանչել էին իմ ներկայացուցչին, որ նոր ակումբ գտնեն ինձ համար՝ հետս ոչինչ չքննարկելով, այդ պատճառով էլ, երբ ես իմացա դրա մասին, փորձեցի ուղիղ զրուցել Մոնչիի հետ: Ես նրան ասացի. «Լսիր, ես չգիտեմ, թե ինչ է տեղի ունենում, ես չգիտեմ, թե արդյոք դու ինձ սիրու՞մ ես կամ ոչ, բայց ինձ հետ անկեղծ եղիր և մենք լուծում կգտնենք»:

Տեղյակ չեմ, թե ինչ տնտեսական ճգնաժամ էր ապրում «Սևիլիան», բայց այդ խոսակցությունից հետո ամեն բան այլ կերպ ընթացավ: Ես պարզապես ցանկանում էի իմանալ ակումբի կարծիքը:

Այդ խոսակցությունից հետո Մոնչին սկսեց հայտարարել, որ ես ցանկանում եմ հեռանալ, ինչը սխալ էր և ամեն օր զանգում էր ինձ ու փաստաբանիս, որ խզեմ պայմանագիրը:

Այդ պատճառով ես ևս մեկ անգամ գնացի նրա հետ խոսելու և ասացի. «Լսիր Մոնչի, դու անկեղծ չես այն մարդկանց հետ, որոնց հետ խոսում ես: Ես ցանկանում եմ մնալ, իսկ դու հակառակն ես հայտարարում»:

Դրանից հետո հրմշտոց տեղի ունեցավ: Ես նրան ասացի, որ ամենաստախոս մարդ է, որին ես երբևէ տեսել եմ ֆուտբոլային աշխարհում և նա հարձակվեց ինձ վրա:

Նա մոտեցավ ինձ և բռնեց վզիցս, մենք բախվեցինք և բաժանելու անհրաժեշտություն առաջացավ: Ինչպես հասկանում եք, դրանից հետո ես ոչ մի դեպքում չէի ցանկանա մնալ այնտեղ:

Եվ, չնայած իրոք ցավալի էր, քանի որ շատ լավ հարաբերություններ ունեի թիմակիցներիս հետ և երկրպագուները հիանալի էին իմ նկատմամբ, ես չէի կարող հարմարավետ զգալ մի այնպիսի ակումբում, որտեղ մարզական տնօրենը հարձակում է գործում»,- Իսկոյի խոսքը մեջբերում է Marca-ն:


Ամենակարդացված