Հոդվածներ

Կամավինգայի էֆեկտը
21.09.2021
2408 0

Էդուարդո Կամավինգան շարունակում է մեծ հաջողությունների հասնել Մադրիդի «Ռեալի» կազմում։ Ֆրանսիացին ընդամենը 3 հանդիպման է մասնակցել «Ռեալի» կազմում, բայց արդեն հասցրել է գրավել մադրիդիստների սրտերը։ 

Այդ երեք խաղերում էլ Կամավինգան խաղադաշտ է դուրս եկել միայն երկրորդ խաղակեսում, բայց բոլոր դեպքերում նա կարողացել է կարևոր նշանակություն ունենալ։ «Վալենսիայի» դեմ խաղում նա խաղադաշտ դուրս եկավ 66-րդ րոպեին՝ փոխարինելով արդեն բավական հոգնած Լուկա Մոդրիչին։ Իհարկե, բարդ է փոխարինել Մոդրիչին և խաղադաշտում ցույց տալ այն մակարդակը, որը ունի խորվաթ ֆուտբոլիստը, սակայն Կամավինգան պատվով կատարեց իր առջև դրված խնդիրը։ 

Նա շատ լավ պաշտպանվում էր, միանում էր գրոհներին և գրեթե գնդակ չէր կորցնում։ Այդ խաղում Կամավինգան գոլի կամ գոլային փոխանցման հեղինակ չդարձավ, սակայն նրա ներկայությունը խաղադաշտում օգնեց «Ռեալին» խաղի ղեկը իր ձեռքը վերցնել և ստիպել մրցակցին փակվել իր կիսադաշտում։ 

Ֆրանսիացին երջանիկ է։ Ավելի լավ նորամուտ անգամ պատկերացնելն անհնար է։ Նա կարողացավ գոլի հեղինակ դառնալ իր նորամուտի խաղում, իսկ «Ինտերի» դեմ խաղում կատարեց գոլային փոխանցում, որը հաղթանակ պարգևեց «Ռեալին»։ Այն ժամանակ, երբ բոլորին թվում էր թե խաղը ավարտվելու է ոչ ոքի արդյունքով, Կամավինգան բնավորություն ցույց տվեց, նետվեց մրցակցի տուգանային հրապարակ և լավ փոխանցում կատարեց Ռոդրիգոյին։

Ակնհայտ է, որ նման տեմպերով շարունակելու դեպքում, Կամավինգան շատ շուտով հայտնվելու է «Ռեալի» մեկնարկային կազմում։ Ներկա պահին Անչելոտին մեկնարկային կազմում տեղ է հատկացնում Մոդրիչ- Կազեմիրո-Վալվերդե եռյակին, բայց պետք չէ մոռանալ նաև, որ շատ շուտով պատրաստ կլինի վերադառնալ նաև Թոնի Կրոսը։ Ամեն դեպքում ֆրանսիացին չի պատրաստվում խուսափել բարդություններից։ Ներկա պահին նա արդեն առավելություն ունի Ասենսիոյի և Իսկոյի նկատմամբ։ 

Կամավինգայի՝ խաղադաշտում եղած ժամանակահատվածում «Ռեալը» 5 գոլ է խփել և ընդհանրապես գոլ բաց չի թողել։ «Վալենսիայի» դեմ խաղում Անչելոտին ռիսկի դիմեց՝ դաշտի կենտրոնում թողնելով միայն Իսկոյին և Կամավինգային, սակայն խորամանկությունը աշխատեց և կրկին Կամավինգան կարևոր դեր ուներ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված