LaLiga EA Sports-ի ակումբները 2024/2025 թվականներին գրանցել են ռեկորդային եկամուտներ՝ առանց ակտիվների վաճառքի կամ հաշվապահական լրացուցիչ հնարքների։
Պրիմերա Դիվիզիոնի 20 ակումբները վերջին մրցաշրջանում գերազանցել են 4.600 միլիոն եվրոյի ընդհանուր բիզնես շրջանառությունը։ Այս ցուցանիշը 1%-ով բարելավում է նախորդ՝ 2022/2023 թվականների ռեկորդը, որը խաթարված էր «Բարսելոնայի» կորպորատիվ գործողություններով (լծակներով)՝ աշխատավարձերի սահմանաչափն ավելացնելու համար։ Սա ամրապնդում է այն տպավորությունը, որ իսպանական ֆուտբոլը համավարակի հարվածից հետո հզոր աճ է գրանցում։
Չնայած բարելավմանը` ակումբների այս խումբը չկարողացավ հասնել ընդհանուր շահութաբերության, թեև կրճատեց վնասները 96%-ով՝ համաձայն «Intelligence 2P»-ի (2Playbook-ի ռազմավարության և շուկայի հետախուզության բաժին) տվյալների։ 7.7 միլիոն եվրոյի ընդհանուր վնասը հիմնականում պայմանավորված է «Սևիլիա» ՖԱ-ի 54․1 միլիոն եվրոյի կորստով։
Իրականում, անդալուզյան ակումբը միակն է, որը գերազանցում է 20 միլիոնի վնասը, և այն 7 թիմերից մեկն է, որոնք չեն հասել շահութաբերության։ Այս թիվը զգալիորեն ցածր է այլ խոշոր լիգաների համեմատ, որտեղ ակումբների մեծ մասն ամեն տարի ավելացնում է իրենց հաշվապահական «ճեղքվածքը»։
Բիզնեսը. 75%-ն ավելացնում է եկամուտները
Իսպանական պրոֆեսիոնալ ֆուտբոլի առողջացման հիմքում եկամուտների աճն է։ Հիմնվելով հիմնականում առևտրային գործունեության և մարզադաշտի (բաժանորդագրություններ և տոմսերի վաճառք) վրա՝ LaLiga EA Sports-ի ակումբների 75%-ը բարելավել է իր շրջանառությունը 2024/2025 թվականներին։ «Լեգանեսը» միակ ակումբն է, որի ֆինանսական փակման թվերը դեռ հայտնի չեն, բայց անկասկած է, որ այն ավելացրել է իր եկամուտները Պրիմերա բարձրանալու շնորհիվ։ Միայն հեռուստատեսային իրավունքներից թիմը ստացել է 40 միլիոն եվրո։
Այս վերջին մրցաշրջանի մոտավոր 4.640 միլիոնից 47%-ը ապահովել են «Ռեալ Մադրիդը» և «Բարսելոնան»՝ յուրաքանչյուրը 1,000 միլիոն եվրոյից ավելի եկամուտով։ Եթե ավելացնենք նաև «Ատլետիկո Մադրիդին», ապա այդ տոկոսը բարձրանում է մինչև 58%։
Այսինքն՝ Պրիմերայի ակումբներ մտնող ամեն տասը եվրոյից վեցը գեներացնում են «Ռեալը», «Բարսան» և «Ատլետիկոն»։ Վերին եռյակն աճում է բարձր տեմպերով՝ խթանված Եվրոպայում գրանցած արդյունքներով (Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափի շնորհիվ) և մարզադաշտերի շահագործման հեռանկարով։ Մինչ «Ատլետիկոն» արդեն մոտենում է 500 միլիոնին (5.5% աճ), առանձնանում են «Ռեալի» (11%) և «Բարսայի» (21%) աճի տեմպերը։
Մադրիդցիներն ամրապնդվում են «միլիարդատերերի» սեղանի շուրջ, որտեղ կատալոնական ակումբը մուտք գործեց նախորդ մրցաշրջանում։ Առևտրային հատվածը, որն աճել է 47%-ով, Ժոան Լապորտայի գլխավորած ակումբի ներկայի և ապագայի հիմնական լծակն է, որտեղ առանցքային էր Nike-ի հետ պայմանագրի երկարաձգումը։
«Բետիսն» ու «Ռեալ Սոսիեդադը» հասնում են 200 միլիոնի՝ շնորհիվ տրանսֆերների
Intelligence 2P-ի վերլուծության մյուս կարևոր կետը Լա լիգայի միջին-բարձր գոտու ակումբների բիզնեսի թռիչքն է։ Այս խմբում հաջողության բանալին Եվրոպան և տրանսֆերներն են։ Շատերն աճում են առևտրային ճանապարհով, բայց ամենաշատը եկամուտներն արագանում են ՈՒԵՖԱ-ի վճարների և ֆուտբոլիստների (հատկապես սեփական սաների) վաճառքի շնորհիվ։
Այս առումով «Բետիսն» ու «Ռեալ Սոսիեդադը» մտան 200 միլիոն եվրո շրջանառություն ունեցողների ակումբ։ Երկուսն էլ հիմնականում իրենց եվրոպական ներկայության (Բետիսը Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչում էր) և հիմնական խաղացողների վաճառքի շնորհիվ։ «Բետիսն» իր հասույթն ավելացրել է 14%-ով՝ հասնելով 215.2 միլիոնի, որի 26%-ը (56.9 մլն) կազմել են տրանսֆերային շահույթները։ «Սոսիեդադը» տրանսֆերներից ստացել է 63.2 միլիոն (եկամուտների 31%-ը)։ Տրանսֆերային շուկային է հենվել նաև «Վիլյառեալը», որը գրեթե հասել է 195 միլիոնի՝ չնայած Եվրոպայում չխաղալուն։
«Սևիլիայի» անկումը. 32%-ով պակաս եկամուտ
ՈՒԵՖԱ-ի մրցաշարերում հանդես գալու կամ չգալու ազդեցությունն ակնհայտ է «Սևիլիայի» դեպքում։ Անդալուզյան ակումբի հեռուստատեսային եկամուտները կրկնակի նվազել են՝ 129.1 միլիոնից հասնելով 65․7 միլիոնի։ Սա հանգեցրեց նրան, որ թիմը կորցրեց իր եկամուտների 32%-ը և բիզնես վարկանիշում 5-րդ տեղից իջավ 9-րդ։ Ակումբի նախագահ Խոսե Մարիա դել Նիդո Կարասկոն նշել է, որ պլանավորում են շահութաբերության վերադառնալ 2026/2027 թվականներին։ Լավագույն տասնյակում են նաև «Ատլետիկ Բիլբաոն» և «Վալենսիան», որոնք ավելացրել են եկամուտները համապատասխանաբար 27%-ով և 17%-ով։
14 ակումբ՝ 80 միլիոնից բարձր
Մեկ ակումբի հաշվով միջինը 230 միլիոն եվրո եկամուտով, ակումբների 70%-ը (14 թիմ) 2024/2025 թվականներին գերազանցել է 80 միլիոն եվրոյի շեմը։ Նրանց թվում է «Էսպանյոլը», որը որպես նորեկ հասել է 95 միլիոնի (55% աճ)՝ շնորհիվ տոմսերի վաճառքի և Ժոան Գարսիայի՝ «Բարսելոնա» տրանսֆերի։ Աչքի է ընկնում նաև «Ալավեսը», որը հասել է 79 միլիոնի (19% աճ)՝ եռապատկելով տրանսֆերային շահույթը (15 մլն եվրո)։
Հաջորդ նպատակը՝ շահութաբերություն
Այս մրցաշրջանի հիմնական նպատակը վնասով աշխատող ակումբների համար «break even»-ի (անվնասաբերության կետի) հասնելն է։ «Ատլետիկո Մադրիդը», «Սելտան» և «Մալյորկան» ներդրումային փուլում են, որը պետք է արդյունք տա այս տարի։ «Մալյորկան» աշխատում է խաղային օրերից դուրս բիզնեսների վրա, ինչպիսիք են սպորտային բարը և կլինիկան, որպեսզի կրճատի աճի պլանով նախատեսված դեֆիցիտը։