«Ռեալ Մադրիդից» վարձավճարով հանդես եկող հարձակվողը «ֆուրոր» է անում. երկու խաղ, մեկ գոլ և մեկ գոլային փոխանցում
Ընդամենը երկու խաղը և 161 րոպեն բավական էին Էնդրիկ Ֆելիպե Մորեյրա դե Սոուսային (ծնված 2006թ.), որպեսզի դառնա «Լիոնի նոր արքան»:
Բրազիլացի հարձակվողը, որը իր նորամուտի խաղում գոլ էր խփել «Լիլի» դեմ գավաթի խաղարկությունում, հայտնվեց բոլորի ուշադրության կենտրոնում՝ «Groupama» մարզադաշտի 10-ամյակի տոնակատարության ժամանակ: «Բրեստի» դեմ հաղթական խաղում (2։1) Էնդրիկը ճանաչվեց հանդիպման լավագույն խաղացող (MVP):
Բացի իր հայրենակից Աբներ Վինիսիուսին գոլային փոխանցում կատարելուց, Էնդրիկը ամենուր էր. նա ամենաշատն էր հարվածել դարպասին (4 հարված), կատարել ամենաշատ դրիբլինգները (9/18), հաղթել ամենաշատ մենապայքարներում (13/25) և ստեղծել ամենաշատ գոլային պահերը (5): Նույնիսկ Վինիսիուս Ժունիորն է արձագանքել նրա հաջողությանը՝ շնորհավորելով Instagram-ի միջոցով:
Էնդրիկի խոսքերը
«Ես տեսա, թե որքան մեծ ու գեղեցիկ էր մարզադաշտը: Սա անհավանական զգացողություն է: Երբեք չէի պատկերացնում, որ կխաղամ այստեղ այսքան շատ մարդկանց առջև: Նրանք չէին դադարում գոռալ ու երգել: Սա կատարյալ խաղ էր:
Իհարկե, ես միշտ ցանկանում եմ գոլ խփել թիմին օգնելու համար, բայց եթե չեմ խփում, իմ նպատակն է օգնել թիմին պաշտպանությունում կամ գոլային փոխանցումով... Դա այն է, ինչ ես արեցի Աբների դեպքում, որը հիանալի գոլ խփեց: Ես շատ ուրախ եմ նրա համար»:
Մարզչի կարծիքը
«Լիոնի» մարզիչ Պաուլո Ֆոնսեկան գոհ է նորեկից. «Նա հիանալի բաներ արեց, հատկապես անհատական պայքարում: Նա եզակի խաղացող է»: Սակայն մարզիչը նշում է, որ Էնդրիկը դեռ պետք է աճի. «Նա պետք է բարելավի ֆիզիկական վիճակը: Չմոռանանք, որ նա այս մրցաշրջանում հազվադեպ էր խաղում և ընդամենը 19 տարեկան է»:
Մրցակիցները նույնպես զգում են «Էնդրիկի էֆեկտը»: «Բրեստի» մարզչի օգնականը նրան անվանել է «փոքրիկ հանճար», որը չի վախենում մարտահրավերներից:
Էնդրիկին կրկին գործողության մեջ կտեսնենք հաջորդ կիրակի՝ «Մեցի» դեմ խաղում:
Հայերեն