Հոդվածներ

Խաբի Ալոնսո. «Կարո՞ղ են նրանք միասին խաղալ․ ինչու՞ ոչ»
05.01.2026
476 0

Իսպանիայի առաջնության 19–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական խաղադաշտում մրցեց «Բետիսի» հետ և հաղթեց 4։1 հաշվով։

«Սերուցքայինների» գլխավոր մարզչի հետխաղյա մամուլի ասուլիսը

 «Մենք արժանի էինք հաղթանակի: Շատ ուրախ ենք սկսել տարին նման լիարժեք ու լուրջ մակարդակի խաղով և խոշոր հաղթանակով. սա իսկապես կարևոր է, հատկապես Իսպանիայի սուպերգավաթից առաջ: Մենք շատ լավ հանդիպում անցկացրինք, և մեզ դուր է գալիս նման վստահ հաղթանակներ տոնել «Բեռնաբեուում»: Պետք է շարունակենք նույն ոգով:

Մենք շատ ուրախ ենք, որ հնարավորություն ունենք մասնակցելու Իսպանիայի սուպերգավաթին: Առաջիկա մադրիդյան դերբին շատ հետաքրքիր կլինի (հունվարի 8-ին): Հուսով եմ՝ դուրս կգանք մրցաշարի եզրափակիչ»:

«Շատ ուրախ եմ Գոնսալոյի համար, «Բետիսի» հետ հանդիպումը նրա կատարմամբ երազանքների խաղ էր: Նա շատ երջանիկ էր խաղադաշտ դուրս գալու համար: Գոնսալոն օրինակ է մեր ողջ ակադեմիայի համար:

Ներկայիս ֆուտբոլը յուրաքանչյուր թիմից պահանջում է կոլեկտիվ աշխատանք առանց գնդակի, որին պետք է մասնակցեն բոլոր 11 խաղացողները: Գոնսալոն շատ լավն է բարձր պրեսինգի ժամանակ, դեպի դաշտի կենտրոն տեղաշարժերում, ինչպես նաև մրցակցի դարպասի մոտ պահերի իրացման հարցում: Դա հենց այն է, ինչ պետք է անի հարձակվողը:

Գոնսալոն շատ խելացի ֆուտբոլիստ է: Նա գիտի՝ ինչպես ճիշտ արագացումներ կատարել տուգանային հրապարակում, գոլեր է խփում...

Կարո՞ղ են արդյոք Մբապեն, Վինիսիուսը և Գոնսալոն միասին խաղալ: Ինչու՞ ոչ: Մեզ դեռ շատ խաղեր են սպասվում, և մենք ոչինչ չենք կարող բացառել: Ամեն ինչ կախված կլինի իմ որոշումներից»:

 «Բեռնաբեուի» երկրպագուները նորից սուլեցի՞ն Վինիսիուսին: Վինիսիուսը հիանալի հանդիպում անցկացրեց: Նա հիանալի սկսեց խաղը, վտանգավոր պահեր էր ստեղծում մրցակցի դարպասի մոտ, ստիպեց «Բետիսի» աջ պաշտպանին դեղին քարտ ստանալ, ինչի պատճառով նրան փոխարինեցին: Վինին շատ կարևոր է մեզ համար, և նա շատ կարևոր կլինի նաև հաջորդ խաղերում:

Կդիմեի՞ արդյոք երկրպագուներին՝ խնդրելով դադարեցնել սուլոցները Վինիսիուսի հասցեին: Մենք բոլորս չափահաս մարդիկ ենք: Վինիսիուսը ցանկանում է ցուցադրել իր լավագույն խաղը: Վինին կարևոր էր, կարևոր է հիմա և կարևոր կլինի «Մադրիդի» համար ապագայում: Չեմ կասկածում, որ երկրպագուները շուտով նորից կսկսեն ծափահարել նրան»:

«Կամավինգան շատ կարևոր է մեզ համար: Ցավոք, վնասվածքների պատճառով նրան չէր հաջողվում մի քանի խաղ անընդմեջ անցկացնել: Բայց ամեն անգամ, երբ Էդուարդոն հայտնվում է խաղադաշտում, նա հսկայական ազդեցություն է ունենում մեր խաղի վրա իր շարժունակությամբ, էներգիայով և գնդակն առաջ մղելու ունակությամբ:

Մեզ պետք է Կամավինգան իր պիկային մարզավիճակում: Նա հիանալի ֆուտբոլիստ է»:

 «Կմեկնի՞ արդյոք Մբապեն մեզ հետ Սաուդյան Արաբիա: Կտեսնենք: Ամեն ինչ կախված կլինի նրա ինքնազգացողությունից»:

 «Կուրտուայի՝ գնդակով խաղալու ունակությունը շատ կարևոր է մեզ համար: Տիբոն միշտ հետաքրքրասեր է այդ հարցում, ուստի նա անընդհատ հարցնում է ինձ, թե ինչպես կարող է էլ ավելի օգնել թիմին գրոհների զարգացման գործում: Կուրտուային շատ է դուր գալիս փոխգործակցել գնդակի հետ: Մենք աշխատում ենք այդ բաղադրիչի վրա՝ նրա հետ միասին»: