• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Մարսելոն անկեղծացել է Կասիլյասի հետ զրույցում. «Ես փոր ունեի և երբեք դիետա չեմ պահել»

Հոդվածներ

Մարսելոն անկեղծացել է Կասիլյասի հետ զրույցում. «Ես փոր ունեի և երբեք դիետա չեմ պահել»
28.12.2025
127 0

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստը խոստովանում է, որ նա ավելի շատ «կյանք վայելող» էր, քան աթլետ, և հասկանում է իր քաշի հասցեին հնչած քննադատությունները

Ֆուտբոլիստները հաճախ ապրում են մի «պատյանի» մեջ, որտեղ շատ դժվար է ներխուժել, քանի դեռ նրանք ակտիվ ելույթ են ունենում: Ակումբի և խաղացողի շահերից ելնելով՝ շատ թեմաներ մնում են գաղտնի, և տիրում է լռություն:

Սակայն քաշի թեման այն հարցերից է, որը պարբերաբար հայտնվում է ուշադրության կենտրոնում: Օրինակ՝ այս Սուրբ Ծննդյան օրերին Պեպ Գվարդիոլան իր ֆուտբոլիստներին ենթարկել է քաշի խիստ ստուգման, որպեսզի համոզվի, որ տոների առատ ուտեստներից հետո նրանք լավ վիճակում են:

Երբ մարզիկները թոշակի են անցնում, նրանք սովորաբար թուլանում են, քանի որ այլևս ոչ մեկի առաջ հաշվետու չեն: Հենց դա է արել «Մադրիդի» նախկին ձախ պաշտպան Մարսելոն, ով կարիերան ավարտելուց հետո բավականին ակտիվ է՝ հարցազրույցներ է տալիս և մասնակցում Kings League-ի խաղերին:

Բրազիլացին իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում հաճախ է քննադատվել «փոր գցելու» համար, թեև նրան միշտ հաջողվում էր բարձր մակարդակով հանդես գալ (չհաշված որոշ անկումներ, երբ քննադատությունն ավելի էր սրվում):

Հիմա նա խոստովանում է, որ նույնիսկ իր երեխաներն են դա նկատում. «Տանը երեխաներիս հետ իմ հին տեսանյութերն էի նայում, ու Լիամը հարցնում է՝ «բայց դու այստեղ գեր ես, չէ՞»,– պատմում է նա՝ Իկեր Կասիլյասի «Bajo los palos» փոդքաստի ժամանակ:

«Ասում եմ՝ դե իհարկե, իմ կառուցվածքը միշտ այդպիսին է եղել: Ես փոր ունեի, երբեք չեմ ունեցել Կրիշտիանուի պես «six pack» (որովայնի մկաններ)։ Ես երբեք աթլետ չեմ եղել, որովհետև շատ եմ վայելել կյանքս»։ Սակայն սա չի նշանակում, որ նա պրոֆեսիոնալ չի եղել. «Իհարկե, ես աշխատել եմ, բայց երբեք ժամերով մարզասրահում չեմ եղել կամ խիստ դիետաներ պահել։ Ավելի հասուն տարիքում սկսեցի ավելի շատ հետևել ինձ, բայց մարմինս միշտ էլ այսպիսին է եղել»։

Մարսելոն նշում է, որ ժամանակի հետ սկսել է հասկանալ քննադատությունները և դրանց նորմալ է վերաբերվում։ Այժմ նա վայելում է իր «թոշակառուի» կյանքը՝ «Ռեալում» անցկացրած 15 տարիներից և նվաճած բազմաթիվ տիտղոսներից հետո (5 Չեմպիոնների լիգա, 6 Լա Լիգա և այլն)։

Բացի այդ, նա կարողացավ նվաճել Լիբերտադորեսի գավաթն իր սիրելի «Ֆլումինենսեի» հետ և հեռանալ որպես ժամանակակից ֆուտբոլի լավագույն ձախ պաշտպաններից մեկը։ Այժմ նա հետևում է իր ավագ որդու՝ Էնցոյի քայլերին «Ռեալի» մանկապատանեկան ակադեմիայում, ով, ի դեպ, նախընտրել է խաղալ Իսպանիայի հավաքականում, այլոչ թե հոր հայրենի Բրազիլիայի։


Ամենակարդացված