Հոդվածներ

Կիլիան Մբապե. հավատարմությո՞ւն, փո՞ղ, թե՞ երազանք
08.07.2023
4256 0

Գաղտնիք չէ, որ Կիլիան Մբապեն ոչ միայն իր ժամանակների, այլև ֆուտբոլի պատմության մեջ ամենախոստումնալից խաղացողներից է: Գաղտնիք չէ նաև այն, որ Մադրիդի «Ռեալը» շնորհիվ իր փառահեղ պատմության ու ոչ պակաս բաղձալի ներկայի աշխարհին ի ցույց դրվելու ամենախոստումնալից հարթակն է հենց այն լավագույնների համար, որոնք փափագում են ավելին, քան միայն լավագույնների շարքում դասվելը: Ընտրությունը, սակայն, փոխում է ամեն ինչ: Ճիշտ պահին ճիշտ ընտրությունը կարող է լինել այն պարարտ հողը, որն առատ բերք կբերի: Ի տարբերություն այդ առատ բերքի՝ ֆուտբոլիստների ճիշտ ընտրությունը տալիս է շատ ավելին, իսկ ամենակարևորը՝ մնայուն է, պատմական ու երբեմն նույնիսկ հավիտենական: Այդպիսի ընտրություն ժամանակին կատարեց Կրիշտիանու Ռոնալդուն, որը, ինչպես Ալֆրեդո դի Ստեֆանոն, դարձավ հավիտենական արժեք ոչ միայն «Արքայական ակումբի», այլև առհասարակ ֆուտբոլի համար:

Եկել է ժամանակը, որ Կիլիան Մբապեն կատարի իր ընտրությունը: Հետաքրքիր է այն, որ այս դեպքում կա միայն մեկ ճիշտ ընտրություն՝ Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելը: Այլապես նա կարող է մնալ այն տաղանդաշատ երիտասարդը, որ խոստանում էր լավագույնը լինել աշխարհում՝ Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոնի մեկ կամ ավելի ու ՊՍԺ-ի հետ նվաճած ազգային բազմաթիվ տիտղոսներով հանդերձ:

Այն, որ Կիլիան Մբապեի ֆուտբոլը տարբերվող է, աչք ծակող ու հիացնող, նշելն անգամ ավելորդ է: Ավելորդ է նաև փաստելը, որ Կիլիան Մբապեն ունի հաղթողի հոգեբանություն, բայց պարտադիր է ընդգծել, որ Կիլիան Մբապեն, ունենալով լավագույնի կոչման համար պայքարող ֆուտբոլիստի համար կարևորագույն հատկանիշները, չունի այն, ինչը հավանաբար ամենակարևորն է՝ հաղթող թիմ: Ամենայն հարգանքով, բայց «Կլերմոնի», «Տրուայի», «Ռեյմսի» ու թեկուզ «Լանսի» դեմ հանդիպումներում արդյունավետ խաղը ոչ ավելին է, քան վիճակագրություն, այդպես էլ չվաճառվող տրանսֆերային իրավունքի արժեքը բարձրացնող հերթական ցուցիչ, որը կարևոր ազդակներ է տալիս, բայց որևէ ազդեցություն չի թողնում:

Եթե մինչև այժմ Կիլիան Մբապեն «կոմֆորտ զոնայում» էր, ապա 2022/23 մրցաշրջանից հետո նույնն ասելը ստախոսություն կլինի: Վառ օրինակն Էրլինգ Հոլանդն է, որը Դորտմունդի «Բորուսիայից» «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուց հետո՝ հենց առաջին մրցաշրջանում, կոտրեց գրեթե բոլոր կարծրատիպերը, ռեկորդներն ու այն, ինչ պատահեց նրա ճանապարհին: Արդյունքն այն է, որ հենց նորվեգացին է «Ոսկե գնդակ» մրցանակի համար պայքարում հաղթելու հիմնական հավակնորդը Լիոնել Մեսիից հետո: Այո՛, այն Մեսիից հետո, որը մրցանակը նվաճել է 7 անգամ, 2022 թվականին կարիերայում առաջին անգամ հռչակվել աշխարհի չեմպիոն: Ինչու ընգծել հենց աշխարհի չեմպիոն դառնալու փաստը, քանի որ դա բոլորն են ընդգծում՝ չնայած այն հանգամանքին, որ Լեոն հրաշալի մրցաշրջան անցկացրեց նաև այնտեղ, որտեղ խաղում է հենց Կիլիան Մբապեն: 2022/23 մրցաշրջանում Մեսին ՊՍԺ-ի կազմում Լիգա 1-ում մասնակցեց 32 խաղի, խփեց 16 գոլ ու կատարեց 16 գոլային փոխանցում, իսկ Չեմպիոնների լիգայում՝ 7 խաղի, խփեց 4 գոլ, կատարեց 4 գոլային փոխանցում: Այսինքն՝ Լիգա 1-ում ու Չեմպիոնների լիգայում Մեսին մեկ խաղում գրանցել է միջինը 1-ից մի փոքր ավելի արդյունավետ գործողություն: Բայց ո՞ւմ է հետաքրքիր այս ամենը, չէ՞ որ Մեսիի գլխավոր հաղթաթուղթն Արգենտինայի հավաքականին առաջնորդելն էր Մունդիալում դեպի չեմպիոնություն: Իրականում այնպիսի տպավորություն է, կարծես հավաքականի կազմում Մեսիի հաջողությունը ոչ թե ամենակարևորն է, այլ միակ կարևորը, ու եթե Մեսին աշխարհի չեմպիոն չդառնար, ՊՍԺ-ի կազմում այդ արդյունավետ գործողությունները նրան «Ոսկե գնդակը» հաղթելու հավակնորդների անվանացուցակի նույնիսկ հնգյակ չէին մտցնի: Բնականաբար, սա վերաբերում է ոչ միայն Մեսիին, այլև Մբապեին, ինչպես հիմա տեսնում ենք:


Հավատարմությո՞ւն

Հավատարմությունն իհարկե շատ լավ հատկանիշ է, մանավանդ, երբ այն տարիքում ես, որ դա ապացուցելու կարիք կա այն ամենի համար, ինչ երկիրդ տվել է քեզ: Կիլիան Մբապեի ծնողներից և ոչ մեկը ֆրանսիացի չէ. հայրը Կամերունից է, մայրը՝ Ալժիրից: Բայց Մբապեն ֆրանսիացի է: Նա ծնվել է Փարիզում ու հիմա խաղում է իր քաղաքի ակումբում՝ չնայած նրան, որ խոշոր առաջարկներ ունի, կարող է գնալ իր երազանքի հետևից՝ Մադրիդի «Ռեալ»: Գեղեցիկ է, չէ՞: Լոյալության այս պատմությունն ավելի տպավորիչ է դառնում, երբ դրան գումարվում են Ֆրանսիայի նախկին ու գործող նախագահների՝ Փարիզում մնալու կոչերը, ակումբի սեփականատերերից ստացած հրավերը Կատար՝ Աստված գիտի՝ ինչի համար ու ինչի շուրջ բանակցելու: Անցած գարնանը Կատար կատարած այցն ու դրանից հետո ՊՍԺ-ի հետ նոր պայմանագիր կնքելու որոշումը որոշակի հարցերի տեղիք էին տալիս հատկապես այն իրադարձությունների խորապատկերում, որ այդ երկիրն էր ընդունելու աշխարհի 2022 թվականի առաջնությունը, որի եզրափակիչում ի վերջո խաղացին Ֆրանսիայի ու Արգենտինայի հավաքականները: Մբապեն ու Մեսին թիմակիցներ են ՊՍԺ-ում, որի սեփականատերերը Կատարից են, իսկ Կատարում տեղի է ունենում Մունդիալի եզրափակիչ, որտեղ արդեն որպես մրցակիցներ խաղում են Մբապեն ու Մեսին: Սա էլ է, չէ՞, գեղեցիկ:


Փո՞ղ

Նրանք, ովքեր չեն հավատում հավատարմության այս պատմությանը, վստահ են, որ Մբապեն ՊՍԺ-ում մնաց միմիայն փողի համար: Բնականաբար, մակերեսորեն չվերլուծելու ու չպնդելու համար այն, ինչի մանրամասները հավանաբար միայն մի քանի մարդու են հայտնի, պետք չէ պնդել, թե հենց այդպես է, որ կա. մեր գործը փաստերը ներկայացնելն է ու դրանք համադրելը: 

Մբապեն անցած ամառ ՊՍԺ-ի հետ կնքեց պայմանագիր, որի ֆինանսական կողմը նմանը չունեցող էր այս սպորտաձևում: Ամեն տարի գերխոշոր աշխատավարձ, հավատարմության պարգևավճար ու ըստ ոչ պաշտոնական աղբյուրների՝ ձայնի իրավունք ակումբի տրանսֆերային քաղաքականության, մարզիչների ընտրության հարցում: Կարելի է ասել՝ ակումբի բաժնետեր, որի աշխատանքը ծավալվում է նաև խոտածածկին:

Ֆրանսիական տարբեր աղբյուրներ պնդում են, որ չնայած նրան, որ Կիլիանը ցանկանում է այս ամռանը միանալ «Ռեալին», դրա մասին չի բարձրաձայնում, քանի որ ցանկանում է ստանալ հաջորդ մրցաշրջանի համար նախատեսված հավատարմության պարգևավճարը՝ 60 միլիոն եվրոյի չափով: Եթե Մբապեն հրապարակայնորեն հայտարարի կամ ակումբին հայտնի, որ ուզում է հեռանալ, էլ ի՞նչ հավատարմություն ու դրանից բխող միլիոններ: Այսինքն՝ Մբապեն ցանկանում է, որ ակումբը՝ ՊՍԺ-ն իրեն տրանսֆերի հանի: Այդպիսով՝ ակումբը ստիպված կլինի վճարել նաև հավատարմության պարգևավճարը, քանզի Կիլիանը չէր ցանկանում հեռանալ, համենայն դեպս փաստացի:

Այն, որ Մբապեն ՊՍԺ-ին նամակով հայտնել էր, որ չի պատրաստվում օգտվել պայմանագրի ժամկետն ավտոմատ մեկ ֆինանսական տարով երկարաձգելու կետից, հույս է ներշնչում, որ 24-ամյա ֆրանսիացու համար փողը, այնուամենայնիվ, կարևորագույնը չէ. նրան հետաքրքրում են մարզական հաջողություններն իր երազանքի ակումբում՝ «Ռեալում»: Ի վերջո, եթե փող, ապա Կիլիանը, ըստ ամենայնի, սպասված հյուր կլինի Սաուդյան Արաբիայում՝ թեկուզ երիտասարդ տարիքում:


Երազա՞նք

Ոչ միայն միշտ, այլև հաճախ չեն, որ երազանքներն իրականանում են, եթե դրանք նպատակի չեն վերածվում: Վստահաբար սա այդ դեպքերից է: Մբապեի համար բարեբախտաբար, նա պետք է հպարտանա իր երազանքի ակումբի ընտրության հարցում: Ինչպես Ջուդ Բելինգեմի շնորհանդեսի ժամանակ ասաց «Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը, «Ռեալն» այն վայրն է, որտեղ ունենում ես այնպիսի զգացողություններ, որոնք հասանելի են միմիայն ընտրյալներին, և այս կրծքանշանով ու մարզաշապիկով անհնարին և անհասանելի ոչինչ չկա աշխարհում: «Ռեալը» հարթում է այն ուղին, որը շատերի համար ոչ միայն խորդուբորդ է, այլև անհասանելի բարձունք: 

«Ռեալն» այն ակումբն է, որին պետք է համապատասխանեն ֆուտբոլիստները, կրեն ակումբի բոլոր արժեքները, որպեսզի կարողանան հաղթել ու լինել հաղթող: 

Արի՛ ու հաղթի՛ր, Կիլիան, քանի որ դրա ժամանակն իսկապես եկել է:

Fenomeno, Realmadrid.am


Ամենակարդացված