Հոդվածներ

Ինչպես «Ռեալ Մադրիդը» մրցեց ԽՍՀՄ-ի դեմ
15.09.2022
1531 0

ԽՍՀՄ-ի հավաքականը Իսպանիա հավաքի էր մեկնել, որը ձգվեց մոտ մեկ ամիս։ Կոնստանտին Բեսկովի թիմը քրտնաջանորեն պատրաստվում էր Իսպանիայում կայանալիք Աշխարհի առաջնությանը, որը պետք է անցկացվեր 1982 թվականի հունիսին։

Սովետական թիմը 12 տարի անց վերադարձել էր Մունդիալ։ Այդ պատճառով էլ մեծ էր հետաքրքրվածությունը ֆուտբոլասերների կողմից ոչ միայն մոլորակի 1/6-րդ մասում, որտեղ տեղակայված էր կարմիր կայսրությունը, այլ նաև ամբողջ աշխարհում։

Իսպանիայում տուրը նախանշվեց «Ռեալի» դեմ խաղով։ Փորձառու թիմը խաղից առաջ մրցել էր նաև «Կաստիլյայի» երիտասարդների հետ։

Հենց այս խաղում, փետրվարի 11-ին, «Սանտիագո Բեռնաբեուում» առաջին անգամ ներդրվեց էլեկտրոնային աղյուսակը և խաղից առաջ 50 հազար երկրպագու հմայված դիտում էր «Ռեալի» մասնակցությամբ եվրագավաթային կադրեր։ Հետագայում «Ռեալ Մադրիդ» - ԽՍՀՄ խաղում աղյուսակի վրա կրկնում էին հետաքրքիր դրվագները։

ԽՍՀՄ-ի հավաքականին դիմավորեցին բուռն ծափողջյուններով։ Սովետական թիմի տուրին բավականին ծավալուն անդրադարձ էին կատարել իսպանական մամուլում՝ մանավանդ El Mundo Deportivo-ն, որը գրեթե իր բոլոր ռեպորտաժներում նշում էր, որ Բեսկովի սաները ամբողջ ուժող չխաղացին, ինչպես Սովետմիության մինչմրցաշրջանային խաղերի ժամանակ։ «Ռեալի» դեմ խաղը նույնպես բացառություն չէր։

«Ռեալի» գլխավոր մարզիչ Վույադին Բոշկովը մեկնել էր Ալմերիա, որտեղ բավականին ուշադիր հետևել էր սովետական հավաքականի խաղին։ Հետագայում, «ռուսների» դեմ խաղից հետո ասել էր, որ «միայն Չիվաձեի դեմ հսկող ֆուտբոլիստ չէի դրել»։

Սովետի թիմի ֆուտբոլիստների նկատմամբ, իսպանացի մրցավար Խոսե Ֆրիաս Դիասի սուլիցիչ անմիջապես հետո անհատական հսկողություն սահմանվեց։ Այնուամենայնիվ, առաջին խաղակեսում Անդրեևը, Դարասելիան ու Բուրակը հաշվի մեջ առաջ անցնելու հնարավորություն ունեին։

Իսկ Բլոխինը 3 մետր հեռավորությունից հարվածեց դարպասաձողին։ Դարպասներին վստահ էր գործում Դասաևը, որի վստահ խաղից թվում էր, թե սովետական թիմի դարպասին ոչ մի վտանգ չի սպառնում։

Թվում էր։ Ոչ ոք չի մոռացել Չեմպիոնների լիգայի 2018 թվականի եզրափակիչում Կարիուս-Բենզեմա «համագործակցությունը»։ Եվս այսպես, նման մի բան եղավ նաև 1982 թվականի փետրվարի 11-ին՝ «Ռեալ» - ԽՍՀՄ ընկերական խաղում։ Դասաևը շտապեց գնդակը մտցնել խաղի մեջ ու հարվածեց իր իսկ պաշտպանի մեջքին։ Պահը բաց չթողեց Օյոսը, որը գնդակն ուղարկեց դարպասը։

Մինչ սովետական թիմի ֆուտբոլիստները ուշքի կգային, Պակոն կրկնապատկեց «Ռեալի» առավելությունը։ Հետագայում ԽՍՀՄ հավաքականը ցույց տվեց՝ ինչի է ընդունակ։ Երկրորդ բաց թողած գնդակից հետո Բեսկովն ուժեղացնում է թիմի միջին գիծը՝ պաշտպան Սուսլոպարովի փոխարինեն խաղադաշտ մտցնելով Խորեն Հովհաննիսյանին։ Հայ ֆուտբոլիստի խաղադաշտ մտնելուց հետո ակտիվացավ նաև վրացի Շենգելիան, որը երկու հարյուրտոկոսանոց պահ փչացրեց։

Վերջիվերջո, Գավրիլովը, խաղավարտից 5 րոպե առաջ հաշվենկատ փոխանցում ստացավ Գավրիլովից ու գրավեց դարպասը։ Քիչ անց տուգանային դիպուկ հարված կատարեց նաև Բուրյակը և խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։

«Ռեալ Մադրիդ» 2-2 ԽՍՀՄ

Գոլերը. Օյոս (55), Պակո (67), Գավրիլով (85), Բուրյակ (87):

1982 թվականի փետրվարի 11, ընկերական հանդիպում, Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտ, 50 հազար հանդիսական։

Մրցավարը՝ Խոսե Ֆրիաս Դիաս (Իսպանիա)

«Ռեալ Մադրիդ». Մարիանո Գարսիա Ռեմոն (ա), Խուանիտո, Խոսե Անտոնիո Սալգերո, Անդրես Սաբիդո, Իսիդրո, Անխել, Նավախաս Անտոնիո Գարսիա (Խոսե Մանուել Էսպինոսա, 46), Խուան Անտոնիո Կարսելեն, Ֆրանսիսկո Պինեդա (Ռիկարդո Ալվարես, 79), Պակո, Անխել Օյոս (Միչել, 65):

Գլխավոր մարզիչ՝ Վույադին Բոշկով։

ԽՍՀՄ. Ռինատ Դասաև, Յուրի Սուսլոպարով (Խորեն Հովհաննիսյան, 72), Ալեքսանդր Չիվաձե (ա), Սերգեյ Բալտաչա, Անատոլի Դեմյանենկո, Լենոիդ Բուրյակ, Սերգեյ Անդրեև (Ռամազ Շենգելիա, 46), Վիտալի Դարասելիա (Թենգիզ Սուլակվելիձե, 46), Յուրի Գավրիլով, Դավիդ Կիպիանի (Վլադիմիր Բեսոնով,46), Օլեգ Բլոխին:

Գլխավոր մարզիչ՝ Կոնստանտին Բեսկով։


Ամենակարդացված