«Սերուցքայինների» գլխավոր մարզչի հետխաղյա մամուլի ասուլիսը
«Արքայական գավաթից դուրս մնալը շատ ցավալի կորուստ է մեզ համար: Վստահ եմ, որ մեր բոլոր երկրպագուները տխուր են այս պարտության պատճառով: Այս ակումբում նույնիսկ ոչ-ոքին արդեն ողբերգություն է, ուստի պատկերացրեք, թե ինչ է նշանակում պարտվել մեզնից թույլ թիմին...
Մենք պետք է ավելի լավը դառնանք: Պետք է սկսենք խաղալ ավելի բարձր տեմպով, ինչպես նաև ունենանք խաղային ավելի հստակ սխեմաներ: Բացի այդ, անհրաժեշտ է, որ բոլոր վնասվածք ստացած խաղացողները վերադառնան շարք:
Մեր պարտության մեջ մեղավորը հենց ես եմ, քանի որ որոշումները ես եմ կայացրել: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր խաղացողներին երեկվա ընդունելության և նրանց նվիրվածության համար: Այսօր նրանք արեցին այն ամենը, ինչ կարող էին: Ես նրանց մեղադրելու ոչինչ չունեմ: Այսօր ֆուտբոլիստներն ամեն կերպ փորձում էին հաղթել «Ալբասետեին»:
«Արդյոք ափսոսու՞մ եմ, որ որոշ աստղային խաղացողների հանգիստ եմ տվել անցած խաղում: Ո՛չ: Ո՛չ: Եթե նորից հնարավորություն ունենայի, ես դա կանեի 1000 անգամ: Այդ որոշումը կայացնելիս ես համոզված էի, որ այն ճիշտ է, և մինչ օրս վստահ եմ դրանում:
Այսօր իմ տրամադրության տակ կար ֆանտաստիկ կոլեկտիվ, որն ունակ է հաղթել աշխարհի ցանկացած թիմի, և ոչ միայն «Ալբասետեին»: Ես ղեկավարում եմ հրաշալի խաղացողների: Այսօրվա պարտության մեջ ես եմ մեղավոր, ոչ թե նրանք: Ֆուտբոլիստների համար հեշտ չէ կատարել իմ բոլոր պահանջները ընդամենը մեկ համատեղ մարզումից հետո:
Կարևոր է, որ նրանք շարունակեն ջանասիրաբար աշխատել և լիովին վերականգնվեն թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես: Մենք շատ խաղացողներ ունենք, որոնք վերականգնման կարիք ունեն:
Ինչ եմ ակնկալում ֆուտբոլիստների՞ց: Շատ բան: Բայց խաղացողներին որոշ ժամանակ կպահանջվի, որպեսզի հարմարվեն իմ գաղափարներին և աշխատանքի մեթոդներին: Այն, ինչ տեղի է ունենում դաշտում, գլխավոր մարզչի մեղքն է: Ես միշտ պատասխանատվությունը կվերցնեմ ինձ վրա նման պահերին»:
«Իմ առաջնահերթությունն այս պահին ֆուտբոլիստներին լավ տրամադրություն վերադարձնելն է: Ես չեմ վախենում անհաջողություններից, քանի որ դրանք հաջողության տանող քայլերն են: Իմ կյանքում եղել են ավելի լուրջ անհաջողություններ և կորուստներ, քան այսօրվա դուրս մնալը գավաթից»:
«Ռեալ Մադրիդը» հայտնի է իր հաղթանակներով: Ես գլխավորել եմ առաջին թիմը ոչ թե որպես լավ մարզիչ ինձ դրսևորելու համար, այլ որպեսզի օգնեմ ակումբին շարունակել հաղթել և տիտղոսներ նվաճել:
Այժմ մենք պետք է պայքարենք երկու շատ կարևոր տիտղոսների՝ Չեմպիոնների լիգայի և Լա Լիգայի համար: Այժմ հաղթանակներն այդ մրցաշարերում մեր գլխավոր նպատակներն են»:
«Մեր հանդերձարանում ոչ ոք գոհ չէ «Ալբասետեից» կրած պարտությունից: Յուրաքանչյուր խաղացող շատ պահանջկոտ է իր նկատմամբ: Մենք բոլորս ցանկանում ենք առաջադիմել և հաղթել: Թոփ թիմերը տարբերվում են հենց նման պահերին՝ մնալով միասնական և միասին հաղթահարելով բոլոր դժվարությունները»:
«Ինչպես կբացատրեի այսօրվա պարտությունը Պերեսի՞ն: Կարծում եմ՝ նա իմ բացատրության կարիքը չունի: Ֆլորենտինոն շատ ավելի մեծ փորձ ունի, քան ես: Նա գիտի, թե ինչպես են գործերն ընթանում «Մադրիդում»: Մենք երկուսս էլ անհամբերությամբ սպասում ենք այս ակումբի փառահեղ ապագային»:
«Մեզ իսկապես անհրաժեշտ է բարելավել մեր ֆիզիկական վիճակը: Հենց այդ պատճառով մենք վերադարձել ենք Պինտուսի (ֆիզպատրաստության մարզիչ) հետ միասին»:
«Այսօր Վինիսիուսը թիմի իսկական առաջնորդն էր: Նա ողջ պատասխանատվությունը վերցրեց իր վրա և փորձեց թիմին տանել իր հետևից: Հենց այսպիսի Վինիսիուս է ինձ պետք: Եթե «Մադրիդը» ցանկանում է հաղթել, թիմին պետք է Վինիսիուսն իր լավագույն մարզավիճակում»: