Հոդվածներ

72 ժամ, որոնք «Մադրիդին» հասցրին հատակ
15.01.2026
233 0

Հավերժական մրցակցին պարտված եզրափակիչը, Խաբիի պաշտոնանկությունը և գավաթից դուրս մնալը բնութագրում են «Արքայական ակումբի» ներկա վիճակը

Երեք օր։ Հենց այսքան ժամանակ պահանջվեց, որպեսզի «Ռեալ Մադրիդը» հույսից անցնի արցունքների։ Տիտղոսին դիպչելուց մինչև մեկ այլ մրցաշարից զրկվելը։ Հնարավոր հաջողությունից մինչև հատակում հայտնվելը։ 72 ժամվա ընթացքում թիմը պարտվեց եզրափակիչում, հեռացրեց մարզչին և դուրս մնաց արքայական գավաթի 1/8 եզրափակչից։ Երեք հաջորդական հարվածներ, որոնք աշխարհի ամենատիտղոսակիր ակումբին ստիպեցին նայել հայելուն և չճանաչել ինքն իրեն։

Իսպանիայի սուպերգավաթի եզրափակիչն ավարտվեց «Բարսելոնայի» հաղթանակով (3։2), բայց հաշիվն արտացոլում էր կատարվածի միայն մի մասը։ «Մադրիդը» պայքարեց և շատ մոտ էր 11-մետրանոցներին։ Սակայն եզրափակիչ սուլիչից հետո տեղի ունեցավ այն, ինչը կանխորոշեց ամեն ինչ. Խաբի Ալոնսոն փորձում էր ստիպել իր խաղացողներին մնալ դաշտում և ծափահարել չեմպիոնին, մինչդեռ Մբապեն ժեստերով ցույց էր տալիս հանդերձարանի ուղղությունը՝ իր հետ տանելով ողջ թիմին։ Մարզիչը հարգանք էր պահանջում, իսկ իր աստղը շարունակում էր մնալ վիրավորված հպարտությամբ։ Սա վերջին հանրային ապացույցն էր, որ մարզիչը կորցրել էր հեղինակությունը հանդերձարանում։

Երկուշաբթին լի էր անակնկալներով։ Չնայած պարտությանը, կարող էր թվալ, թե ակումբն արագ կթերթի այդ էջը։ Խաբին ընդամենը վեց ամիս էր պաշտոնավարում, թիմը Լա Լիգայում երկրորդն էր և շարունակում էր պայքարը Չեմպիոնների լիգայում։ Սակայն երեկոյան ակումբը հայտարարեց նրա հեռացման մասին «փոխադարձ համաձայնությամբ»։ 

Իսպանացի մասնագետի փուլն ավարտվեց նախքան մեկ տարին լրանալը՝ թողնելով հակասական ցուցանիշներ. 24 հաղթանակ, 4 ոչ-ոքի և 6 պարտություն 34 խաղում։ Այս թվերը բավարար չեղան մի ակումբի համար, որը չընդունեց նրա մեթոդները։ Ալոնսոյի ծրագրերը չիրականացան. նոր խաղացողներ չեկան, լարվածությունը հանդերձարանում աճեց, իսկ աշխարհի ակումբային առաջնությունից հետո թիմի մակարդակի անկումը հնարավոր չեղավ թաքցնել։

Նրան փոխարինեց Ալվարո Արբելոան՝ «Կաստիլյայի» մարզիչն ու Խաբիի հին ընկերը։ Նա, ով մինչև կիրակի ղեկավարում էր երկրորդ թիմը, հանկարծ հայտնվեց առաջին թիմի մարզչական նստարանին՝ ունենալով ընդամենը 24 ժամ գավաթի խաղին պատրաստվելու համար։ «Կյանքի կամ մահվան» պայքար «Ալբասետեի» դեմ։

Իր առաջին մամուլի ասուլիսում Արբելոան դրսևորեց ուժեղ բնավորություն, ինչը հույս ներշնչեց մադրիդիստներին։ «Ես չեմ վախենում ձախողումից»,– հայտարարեց նա՝ հիշեցնելով այն «սպարտացու» ոգին, որով հայտնի էր դեռ խաղային տարիներին։ Նա խոսեց աշխատանքի և պահանջկոտության մասին։ Թվում էր, թե այս ուժեղ բնավորությունը հենց այն հակաթույնն է, որը պետք էր հանդերձարանին։

Սակայն չորեքշաբթին՝ հունվարի 14-ը, դարձավ Արբելոայի առաջին ձախողման օրը։ Նա «Մադրիդում» թողեց առաջին թիմի 11 ֆուտբոլիստների և դուրս եկավ մի կազմով, որը տեսականորեն պետք է բավարար լիներ Սեգունդայի թիմին հաղթելու համար։ Բայց «Մադրիդի» ուժը չպատեց։ Պարտություն 3։2 հաշվով՝ 94-րդ րոպեին բաց թողած գոլով։ Արբելոայի թիմը զիջեց թե՛ ագրեսիվությամբ, թե՛ հաղթելու ցանկությամբ։ Մաստանտուոնոն և Գոնսալոն փորձեցին փրկել իրավիճակը, բայց դա բավարար չեղավ աղետից խուսափելու համար։


Ամենակարդացված