Հոդվածներ

«Ուրվական հայտացուցակներ»
11.01.2026
1107 0

Հաուսենը, դերբիին չմասնակցելուց հետո, համալրում է այն ֆուտբոլիստների տարօրինակ ցանկը, ովքեր, չնայած բժշկական թույլտվություն ստանալուն, այնպիսի տպավորություն են թողնում, թե պատրաստ չեն խաղալուն:

Հաուենը դարձավ «Ռեալ Մադրիդի» վերջին դեպքը, երբ խաղացողը վնասվածքից հետո վերադառնում է հայտացուցակ, բայց այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե նա ի վիճակի չէ խաղադաշտ դուրս գալուն։

Կենտրոնական պաշտպանը թույլտվություն ստացավ «Բետիսի» դեմ խաղը բաց թողնելուց հետո, թիմի հետ մեկնեց Ջիդդա, նստեց պահեստայինների նստարանին «Ատլետիկոյի» դեմ խաղում... բայց այդպես էլ չխաղաց։ Եվ նա չխաղաց ոչ թե այն պատճառով, որ նրա կարիքը չկար, այլ ընդհակառակը. խաղի ընթացքը «պահանջում էր» Հաուսենին, բայց նա այդպես էլ չհայտնվեց դաշտում։

Դերբիի վերջնամասում Խաբին կորցրեց իր երկու հիմնական կենտրոնական պաշտպաններին, և ոչ մի դեպքում ընտրությունը չկանգնեց Հաուսենի վրա, որը նորմալ պայմաններում կլիներ առաջին տարբերակը։ Ռյուդիգերի և Ասենսիոյի փոխարեն դուրս եկան Մենդին և Ֆրան Գարսիան, և մարզիչը ստիպված եղավ ամեն ինչ վերադասավորել՝ խաղն ավարտելով Չուամենի-Կարերաս կենտրոնական պաշտպանների զույգով։

Բայց ոչ միայն Հաուսենը չխաղաց, այլ նաև Ալաբան, որը վնասվածքից վերադառնալուց հետո արդեն երեք խաղ է՝ հայտացուցակում է։ Այսինքն՝ առանց Ռյուդիգերի և Ասենսիոյի, տրամաբանական կլիներ, որ Խաբին դաշտ մտցներ պահեստայինների նստարանին նստած երկու պաշտպաններին՝ Հաուսենին և Ալաբային, բայց դա տեղի չունեցավ։ Սա սնում է վերջին շրջանում «Մադրիդի» «ուրվական հայտացուցակների» թեման։

Մբապեի պահեստայինների նստարանին մնալը «Սիթիի» դեմ խաղում

Այս շարքին է դասվում նաև Կարվախալը։ Ավագն արդեն երկու խաղ է՝ հայտացուցակում է, բայց դեռ րոպեներ չի ստացել։ Նա չխաղաց «Բետիսի» դեմ, չնայած հաշիվը թույլ էր տալիս, որ նա մասնակցություն ունենար ռիթմի մեջ մտնելու համար։ «Ատլետիկոյի» դեմ խաղում նա իր փորձով հստակ տարբերակ կլիներ վերջին րոպեների համար, բայց «2» համարը Խաբիի համար այդպես էլ այլընտրանք չդարձավ։

Այս անբացատրելի երևույթի մյուս հերոսը Մբապեն է։ Ֆրանսիացին, ով մկանային խնդիրներ ուներ, դեկտեմբերի սկզբին «Սիթիի» դեմ խաղում, հայտավորված էր։ Նա մնաց պահեստայինների նստարանին և չխաղաց նույնիսկ այն ժամանակ, երբ թիմը պարտվում էր 1։2 հաշվով։

Տրենտ, Մաստանտուոնո և գավաթի եզրափակիչ

Այս նույն մրցաշրջանում նմանատիպ դեպքեր եղել են նաև Տրենտի (Ալեքսանդր-Առնոլդ) և Մաստանտուոնոյի հետ։ Անգլիացին վերադարձավ իր առաջին վնասվածքից և երկու խաղ շարունակ («Բարսելոնա» և «Վալենսիա») մնաց պահեստայինների նստարանին։ Նույնը պատահեց արգենտինացի վինգերի հետ, որը չորս խաղ շարունակ հայտացուցակում էր, բայց խաղադաշտ դուրս չեկավ։

Այս «ուրվական հայտացուցակների» պատմությունը կարող է տանել նաև ավելի հետ՝ անցյալ մրցաշրջանի գավաթի եզրափակիչ։ Այն ժամանակ Անչելոտին Ալաբային ընդգրկել էր հայտացուցակում, բայց, չնայած Ռյուդիգերի ակնհայտ ֆիզիկական խնդիրներին, իտալացին Ալաբային դաշտ չմտցրեց՝ գերմանացուն ծանրաբեռնելով մինչև վերջին աստիճան։


Ամենակարդացված